ԿարևորՀասարակություն

Պաշտպանված մանկություն սահմանին. սահմանապահ Չինարիի մանկապարտեզը նոր խաղահրապարակ ունի

Հունիսի 23-ին, կայացել է սահմանապահ Չինարիի մանկապարտեզի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը:

Խաղահրապարակը կառուցվել է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի և «Երևանի Ռոտարի ակումբ ինտերնեյշնլ» բարեգործական ՀԿ-ի համաֆինանսավորմամբ՝ որպես նվեր «Hajastan-Armenienhilfe», «Sternstunden» կազմակերպությունների և Բերդի համայնքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագրի շահառու Չինարիի մանկապարտեզին:

Խաղահրապարակի բացման արարողությանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյանը, Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղաբեկ Գալստյանը, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, «Hajastan-Armenienhilfe» կազմակերպության խորհրդի անդամներ Դոկտոր Մարգարետե Վալխերը, Գեորգ Վալխերը, Թիհոմիր Գլովացկին, «Երևանի Ռոտարի ակումբ ինտերնեյշնլ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Էլյան Ջուգանը, ՀԿ-ի նախկին նախագահներ Արթուր Միրոյանը, Հովսեփ Սեֆերյանը, այլ ներկայացուցիչներ նշված կազմակերպություններից:

«Սիրելի՛ չինարեցիներ, թույլ տվեք ձեր և մեր ողջ համայնքի անունից մեր խորին երախտագիտությունը հայտնել այս գեղեցիկ նախաձեռնության բոլոր հեղինակներին: Հարգելի՛ հյուրեր, հավատացեք, որ ձեր ցանկացած ներդրում ամրացնում է սահմանը, բարձրացնում անվտանգությունը և ամրապնդում այստեղ ապրելու, արարելու ցանկությունը»,-նշել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը:

Սամվել Հովսեփյանը պատվոգիր է հանձնել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին՝ «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագրի շրջանակում «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից Չինարիի մանկապարտեզի տարածքում մանկական խաղահրապարակի տեղադրման և Բերդ համայնքի հետ սերտ համագործակցության համար:

Մովսես Պողոսյանն իր երախտագիտությունն է հայտնել Բերդի համայնքապետարանի ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար, ապա, դիմելով չինարեցիներին, նշել. «Իմ քույրե՛ր, իմ աղջիկներ, իմ հարսներ, իմ մայրեր, խոնարհվում եմ ձեր հզորության առջև և սեղմում եմ ձեր եղբայրների, հայրերի, որդիների ձեռքերը: Շնորհակալ եմ, որ դուք կաք և թույլ եք տալիս իրագործել մեր մարդկային համար մեկ առաքելությունը՝ ծառայել ձեզ»:

Առաջին անգամ համայնքում հյուրընկալված Թիհոմիր Գլովացկին, խոսելով իր տպավորությունների մասին, ասել է. «Տավուշը դրախտ է՝ երկրի վրա»:

Այնուհետև ներկաներն այցելել են «Աջակցություն Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի 6 ցերեկային կենտրոններին» ծրագրի շրջանակում գործող Այգեձորի ցերեկային կենտրոն:

Ծրագիրն իրականացնում է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը` “Renovabis e.V.” կազմակերպության և Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Ծրագրի շրջանակում Բերդ համայնքի Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նավուր, Պառավաքար և Այգեձոր բնակավայրերում գործում են ցերեկային կենտրոններ:

Ցուցադրել ավելի
Back to top button