ԿարևորՏնտեսական

4 գործոն, 30%-ով ավելի հարկ․ ինչի՞ եւ ո՞ւմ հաշվին են ավելացել հարկային եկամուտները

Պետբյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: Հունիսի 21-ի տվյալներով հարկային մուտքերը 911 մլրդ դրամ են՝ 30%-ով ավելին նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Ավել հավաքված 40 մլրդ դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ՝ այն կապիտալ ծրագրերին, որոնց համար բյուջետային ծախսերը չեն հերիքել։ Իսկ մինչ գործադիրում արձանագրում են, որ հարկերի ավելացման կողքին նաեւ աշխատատեղերն են ավելացել, սպառողները դժգոհում են համատարած գնաճից, որոնց իրենց եկամուտը չի դիմանում։

Չորս գործոն եւ 30%-ով նախատեսվածից ավելի հարկային մուտքեր․ հարկային վարչարարարության բարելավում, շահութահարկ վճարողների հարկվող շահույթի աճ, խտանյութերի համար պետական տուրքի գումարների ավելացում, նաև՝ գնաճ․ սրանցով պայմանավորված՝ հարկերը կիսամյակում նախատեսվածից զգալիորեն ավելի են հավաքվել՝ շուրջ 40 մլրդ դրամով։ Ավելացած հարկային եկամուտները կուղղվեն պահուստային ֆոնդ։ Արձանագրումը ՀՀ ֆինանսների նախարարինն է․

«Պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտները ավելին են, քան նախատեսված էր։ Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են 911 մլրդ դրամ եւ դա 30 տոկոսով ավելին է, քան 2021-ի ցուցանիշը»:

Ռուս–ուկրաինական պատերազմը համաշխարհային շուկայում մետաղների գներն աննախադեպ բարձրացրել է։ Հայաստանում էլ գնաճը գրեթե երկնիշ է։ Եթե չլինեին այս գործոնները, հարկային եկամուտները նույնքան կավելանայի՞ն։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ մետաղների գներն ավելացել են, ուստի հանքարրդյունաբերական ընկերություններն ավելի շատ եկամուտ են գեներացնում։ Եվ որքան շատ եկամուտ, այնքան շատ հարկ։ Գնաճն էլ ունեցավ իր ազդեցությունը․

«Պետական եկամուտների աճի մեջ կարևոր է նաև գնաճի գործոնը, սակայն, հարկային եկամուտների ավելացման հարցում ես շարունակում եմ պնդել, որ կարևոր դեր են խաղացել նաև կոնկրետ ոլորտներում ձեռնարկատիրական ոլորտներում գործունեություն իրականացնողների ավելի շատ եկամուտ ունենալը»։

Հարկային եկամուտներն աճել են նաև աշխատատեղերի ավելացման արդյունքում։ Մայիսի նոր ռեկորդի մասին կառավարության ղեկավարն է խոսում՝ Հայաստանում  վճարովի աշխատատեղերի թիվը գերազանցում է 673 հազարը․

«Մենք հաշվառում ենք միայն ու միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել են աշխատավարձ եւ եկամտային հարկ: 2021-ի մայիսի համեմատ՝ աշխատատեղերն ավել են 38 273-ով կամ 6 տոկոսով: 2019-ի մայիսի համեմատ ավել են 72 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ՝ 125 235-ով: Այսինքն՝ 2018-ի մայիսից ի վեր ստեղծվել է ավելի քան 125 հազար աշխատատեղ:

Արդյոք դրանք նո՞ր աշխատատեղեր են, թե՞ ստվերից դուրս եկած՝ պաշտոնական վերլուծություն չկա։ Փորձագիտական դաշտում կարծում են՝ երկուսն էլ։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը նախ հիշեցնում է՝ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ կտրուկ ավելացել է հատկապես ՏՏ ոլորտում գործողների թիվը, որոնց մի մասը դրսից է տեղափոխվել Հայաստան։ Բացի այդ՝ բիզնեսն էլ է որոշակիորեն դուրս եկել ստվերից ու նպաստել հարկերի աճին։ Ստվերի չափը գնահատելը բարդ է՝ ասում է փորձագետը, տարբեր գնահատականներով՝ 30–35 տոկոս․

«30–35 տոկոսը այն աշխատատեղերն են, որ կանխատեսվել էր, որ ստվերում են և վերադարձել են հարկային դաշտ։ Բնականաբար, դրանք ոչ օրինական աշխատատեղերն են, և դրանց հայտնաբերման դեպքում բնականաբար տնտեսվարող սուբյեկտը կկրի իրավական հետևանքներ»։

Միայն այս մայիսին եկամտային հարկերը 32,7 մլրդ դրամ են՝ նախորդ մայիսից 3,8 մլրդ-ով, իսկ 2018-ի մայիսից 8,5 մլրդ դրամովով ավելի։ Պաշտոնական վիճակագությամբ՝ մոտ 12 տոկոսով ավելացել է նաև աշխատավարձը հիմնականում մասնավոր հատվածում։ Բայց հարկային եկամուտների կողքին նաեւ սպառողական գներն են աճում՝ հունվար-մայիսին՝ 9 տոկոսով։ Մինչ շարքային սպառողները դժգոհում են գների թռիչքից ու համատարած թանկացումներից, մրցակցության պաշտպանության հանձնաժողովում գնանկումից են խոսում։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն առանձնացնում է կարագի շուկան, մարտից, ասում է, գինն իջել է մոտ 200 դրամով։ Բենզինն ու դիզվառելիքն էլ թանկացել են, քանի որ Իրանը դրանց արտաքին վաճառքը կասեցրել է, ներկրման միակ շուկան մնացել է Ռուսաստանը։ Գեւորգյանը համաձայն չէ այլ պնդումների հետ էլ․

«Այն պնդումները, որ դոլարի փոխարժեքի հետ միաժամանակ գները չեն իջել, իրականությանը չի համապատասխանում։ Ես չեմ բացառում, որ կլինեն տնտեսվարողներ ու ոլորտներ, որտեղ կան չարաշահումենր, այդ դեպքերով մենք գնում ենք, պրոցես ենք գեներացնում»։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից խոստանում են՝ եթե տեսնեն մրցակցային շուկան խաթարող երեւույթներ, կարձագանքեն։ Փորձագիտական դաշտում էլ փորձում են մխիթարել սպառողին՝ գնաճը ողջ աշխարհում է մոլեգնում, իսկ Հայաստանը տարածաշրջանում ամենացածր գնաճն ունի։ Որքանով են այս պնդումները թեթեւացնում այս տարվա առաջին ամիսներին արդեն 8 եւ ավելի տոկոս գնաճը զգացող քաղաքացու հոգսը՝ հարցի մյուս կողմն է, հատկապես, որ հարկային եկամուտներն ավելանում են նաեւ գնաճի, ասել է, թե քաղաքացու գրպանի հաշվին։

Ցուցադրել ավելի
Back to top button