Մոռացված ֆիլմերի ստվերները

«Օգոստոս»-ի մայիսյան կեսգիշերյան ցուցադրությունը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

1976 թվականին կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը նկարահանեց «Օգոստոս» ֆիլմը։

Հրանտ Մաթևոսյանի «Օգոստոս», «Ալխո», «Կայարան», «Սկիզբը» պատմվածքների ընդհանուր սյուժետային զարգացումը միավորվեց մեկ ամբողջական կինոսցենարի մեջ՝ դառնալով հեռավոր Ծմակուտ գյուղում ապրող մարդկանց կյանքի էկրանի ժապավեն։

Կինոնկարն էկրան բարձրացավ նկարահանումից երեք տարի անց և ընդամենը մեկ անգամ Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվելուց հետո այն մի կողմ դրվեց։

1976 թվականի աշնանը Մոսկվայի հեռուստատեսության «Էկրան» միավորման խմբագրական կոլեգիան հավաքվել էր հերթական կինոդիտման։ Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Օգոստոս» ֆիլմի առաջին կինոդիտումն էր։ Կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանված կինոնկարի դիտմանը հաջորդած քննարկումը կրքոտ բանավեճի վերածվեց։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ  Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների հիման վրա նկարահանված այս ֆիլմին բաժին ընկավ դժվարին ճակատագիր։

«Դա իսկապես տաղանդավոր ֆիլմ է, մոռացված և շրջանառությունից դուրս եկած ֆիլմ և գիտեք ինչո՞ւ, որովհետև այն «Հայֆիլմ»-ի սեփականությունը չէ։ Քանի որ ֆիլմը նկահանվել էր Կենտրոնական հեռուստատեսության ֆինանսավորմամբ, մինչև օրս այն համարվում է այդ հետուստաընկերության սեփականությունը»,- տարիներ անց էլ չթաքցնելով իր ափսոսանքն ու տարակուսանքը՝ նշում է Դավիթ Մուրադյանը:

Դավիթ Մուրադյան

Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանն իր կինոգործունեությունը սկսեց անցյալ դարի 60-ականներին՝ Համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետն ավարտելուց հետո։ Իր դիպլոմային աշխատանքը «Տերն ու ծառա» ֆիլմը վաղուց արդեն հայկական կինոյի դասական նմուշներից է։ Բորիս Վոլչեկի ղերավարությամբ օպերատորական ֆակուլտետն ավարտելը նրան բավարար չթվաց, և որոշ ժամանակ անց Կարեն Գևորգյանը վերադարձավ Մոսկվա՝ այս անգամ արդեն բարձրագույն ռեժիսորական դասընթացներ անցնելու համար:

«Հայֆիլմ» կինոստուդիայում արդեն որպես ռեժիսոր նկարահանեց իր առաջին լիամետրաժ՝ «Այստեղ, այս խաչմերուկում» ֆիլմը, որին էլ հաջորդեց «Օգոստոսը» կինոնկարը։

Կարեն Գևորգյանը, տարիներ անց վերհիշելով ֆիլմի նկարահանման պատմությունը, ասում է, որ իր համար որպես կինոգործչի, չափազանց հետաքրքիր ու նախընտրելի էին հենց Հրանտ Մաթևոսյանի գրական ստեղծագործությունները:

Կարեն Գևոգյան

«Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության հիմնաքարերից է, այսօր արդեն դասականների շարքում դասվող գրող։ Ես դիմեցի իրեն պատմելով իմ մտահղացման մասին։ Նա համեստորեն ասաց, որ դեմ չէ, չնայած, որ նա երբեք գոհ չէր մնում իր ստեղծագործությունների էկրանավորումներից: Նրա համաձայնությունը ստանալուց հետո մենք սկսեցինք ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները»,- պատմում է Կարեն Գևորգյանը։

«Օգոստոս» ֆիլմի խմբագիր, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը Կարեն Գևորգյանի՝ «Հայֆիլմ» ստուդիայում նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերի խմբագիրն է։ Նա պատմում է, որ սցենարական աշխատանքների փուլն ավարտելուց և սցենարը Մոսկվայում հաստատելուց հետո սկսվեցին ֆիլմի նկարահանումները։

Երեք ամիս տևած նկարահանումներն ավարտելուց հետո ֆիլմն ուղարկվեց Մոսկվա՝ հաստատաման: Սակայն ֆիլմի հաստատման փուլում, ինչպես հաճախ էր պատահում, ծագեցին որոշ խնդիրներ։ Խմբագրական կոլեգիայի անդամներին վրդովվեցրել էր ֆիլմի խորոված պատրաստելու տեսարանը։ Իսկ պատճառն այն էր, որ անցյալ դարի 70-ականներին Խորհրդային Միության տարբեր երկրների մթերային խանութներում տիրող համատարած դատարկության ու հատկապես մսի բացակայության պայմաններում այս տեսարանի պատկերումը կարող էր բազմաթիվ քաղաքացիների, այսպես ասած, ախորժակ բացել։

Միքայել Ստամբոլցյանը, չզսպելով ծիծաղը, նշում է, որ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար «Էկրան» միավորման խմբագրական կոլեգիայի անդամները որոշեցին կրճատել այդ տեսարանը։

Միքայել Ատամբոլցյան

«Մե՛կ ընդունում էին ֆիլմը, մե՛կ՝ արգելում։ Կարեն Գևորգյանն ու ֆիլմի օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը մոսկովյան խմբագրական կոլեգիայի քննարկաման ժամանակ ընդդիմանում են՝ ասելով, որ եթե այդ տեսարանը կրճատվի իրենք իրենց անունները կհանեն տիտրերից։ Բայց մեկ է՝ նրանց սպառնալիքներն անարդյունք եղան և ֆիլմը մկրատվեց»,-նշում է Միքայել Ստամբոլցյանը։

Կարեն Գևորգյանի «Օգոստոս» ֆիլմը, որոշ տեսարաններ կրճատելուց  հետո, մեկ անգամ միայն՝ 1979 թվականի մայիսի 5-ին, այն էլ կեսգիշերին, ցուցադրվել է Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության եթերում։ Այդ ցուցադրությունից հետո, 1 ժամ 15 րոպե տևողությամբ ֆիլմը մի քանի տասնամյակ մոռացության է մատնված: Ու չնայած այդ հանգամանքին, ռեժիսորը հույս ունի, որ օրերից մի օր ֆիլմը հայերեն կրկնօրինակությամբ կցուցադրվի հայկական հեռուստաալիքներով, և հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել և գնահատել այն։

Ֆիլմից նկարները՝ http://kino-teatr.ru

Back to top button