ԿարևորՀասարակություն

Բջջային «դիակներ» կամ ի՞նչ անել հին, անպետք հեռախոսները

Հայաստան ամեն տարի ներմուծվում է ավելի քան 450 հազար բջջային հեռախոս․ սա նշանակում է՝ վերջին 5 տարում շուրջ 2.5 միլիոն բջջային հեռախոս է բերվել մեր երկիր։ Հայերը, ըստ դիտարկումների, սիրում են թարմացնել հեռախոսները և նոր, ավելի թարմ մոդելի հեռախոս գնել։ Արդյունքում մարդկանց տներում կուտակվում են հին, հաճախ արդեն անպետք բջջային հեռախոսներ։ Իսկ ի՞նչ անել դրանց հետ՝ ինքնարժեքից մի քանի անգամ էժան վերավաճառե՞լ, աղբը նետե՞լ, թե՞․․․ Մասնագետները զգուշացնում են՝ նման սարքերը վտանգավոր ու թունավոր աղբ են, ընդհանուր աղբամանը նետել, հետևաբար, հետո այրել չի կարելի։ Բայց մյուս կողմից նաև կուտակված, փաստացի աղբի վերածված հեռախոսների հետ վարվելու տարբերակներ էլ չեն առաջարկվում։

Մոտ 2,3 մլն բջջային հեռախոս՝ վերջին 5 տարում․ պաշտոնական վիճակագրությամբ՝ այսքանը մեր երկիր է բերվել։ Եվ սա դեռ արձանագրված թվերն են։ Ըստ այդմ՝ կարելի է, որ, օրինակ, վերջին տասնամյակում մեր երկիր բերված հեռախոսների ընդհանուր քանակը մի քանի անգամ գերազանցում է բնակչության թիվը։ Բջջային հեռախոսների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող խոշոր ընկերություններից մեկի ներկայացուցիչ Լևոն Գևորգյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ հայերը սիրում են պարբերաբար փոխել, թարմացնել իրենց հեռախոսները, անգամ եթե դրանց ոչ բոլոր հնարավորությունների մասին գիտեն կամ չեն օգտվում դրանցից։  

«Այս պահին շուկայում շատ լայն է ընտրությունը, ու գնորդները կարող են իրենց գրպանին, ճաշակին ու ցանկություններին համապատասխան ինչ-որ բան գտնել։ Սմարթֆոնների շուկան շատ զարգացած է ու դա նաև այն պատճառով, որ միշտ կա պահանջարկ, միշտ մարդիկ նորն են գնում, փոխում են, թարմացնում են․ այս երևույթին շատ նպաստում է նաև ապառիկ վարկավորման հնարավորությունը»,– ասում է Լևոն Գևորգյանը։

Գևորգյանը նկատում է՝ գնորդների շուրջ 70 տոկոսը ապառիկ են նոր բջջային գնում։ Առավել պահանջված են 150-200 հազար դրամանոց հեռախոսները։ Պետական եկամուտների կոմիտեից «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան հայտնում են՝ մեր երկիր ներմուծված բջջային հեռախոսների մաքսային արժեքները սկսվում են 3000 դրամից ու հասնում 1 միլիոնի։ Ամեն տարի Հայաստան է գալիս միջինում 450 հազար բջջային հեռախոս, ներկրման առյուծի բաժինը՝ Ռուսաստանից։

«Տեսեք՝ փորձը ցույց է տալիս, որ շատ գնորդներ նույնիսկ տեղյակ չեն՝ իրենց սմարթֆոնը ինչ կարող է անել, ու ինչից կարող են օգտվել։ Շատերը պարզապես, այսպես ասած, մոդայի հետևից քայլելով են ընտրություն անում ու գնում նոր սերնդի բջջային հեռախոս։ Իհարկե, ունենք նաև այնպիսի սպառողներ, որոնք մանրամասն մասնագիտական վերլուծության են ենթարկում բջջային հեռախոսները և ավելի գիտակցված ընտրություն են կատարում»,– մանրամասնում է բջջային հեռախոսների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող խոշոր ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

Տարեկան հարյուր հազարավոր հեռախոսների այս հոսքի հետևանքով այսպիսով երկրում ու բոլորիս տանը, դարակներում կուտակվում են հին, գուցե արդեն անպետք բջջային հեռախոսներ, որոնք ժամանակին տեխնոլոգիական վերջին «գլուխգործոցներն» էին, իսկ հիմա՝ պարզապես աղբ։

Ի՞նչ անել կուտակված հին հեռախոսների կամ բջջային «դիակների» հետ։ Հեռախոսների առուվաճառքով զբաղվող ընկերության ներկայացուցիչն ասում է՝ լուծումը ժամանակին դրանք երկրորդային շուկայում վաճառելն է, իսկ եթե պահը կորցրել եք, ձեզ համար այլ առաջարկ ոչ ոք չունի։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը «Ռադիոլուրին» ասում է՝ Եվրոպայում ձեր հին բջջային հեռախոսով կհետաքրքրվեին վերամշակող ընկերությունները, իսկ Հայաստանում նման սարքերն ուղղակի աղբ են, ավելին՝ վտանգավոր ու թունավոր աղբ։

«Ուղղակի չի կարելի այս ամենը ընդհանուր աղբի հետ դեն նետել, քանի որ նախ դրանք թունավոր նյութեր են, եթե նույնիսկ թունավոր էլ չեն, ապա վնասակար նյութեր են պարունակում հատկապես լիցքավորվող ակումլյատորները։ Դրանք նաև պայթունավտանգ են․ կարող են ուղղակի արևի տակ  մնալ ու պայթել կամ այրվել, բացի այդ՝ այդ բոլոր նյութերը հողում քայքայման հետեւանքով վնասական նյութեր են դառնում։ Օրինակ՝ ժամանակակից բջջային հեռախոսների հեղուկ բյուրեղային էկրանները եթե ոչ թունավոր, ապա վտանգավոր են, իսկ ավելի հին մոդելների էկրանները հաստատ թունավոր նյութեր ունեին իրենց կազմում»,– մանրամասնում է Բաբաջանյանը։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյան

Այդ դեպքում ի՞նչ անել աղբ դարձած բջջայինների հետ․ պրոֆեսոր Բաբաջանյանն ասում է՝ միջազգային լավագույն փորձը վերամշակումն է, օրինակ՝ Կորեայում կամ Գերմանիայում ինչպես պլաստիկի, այնպես էլ լիցքավորիչների ու հին բջջայինների առանձնացված աղբամաններ կան։ Դրանք տեսակավորվում են, վերամշակվում։ Իսկ վերամշակման ենթակա է նման սարքերի մեջ եղած նյութերի ավելի քան 60 տոկոսը։

«Դրանց մեջ նորմալ մետաղներ կան, ցինկ, պղինձ, դրանք կարելի է օգտագործել։ Ամբողջ առաջադեմ աշխարհը հենց այդպես էլ անում է»։

Հայաստանում, ըստ պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանի, վերամշակվում են միայն մեքենայի մարտկոցները․ 30-50 հազար դրամանոց մարտկոցները գնում են շատ ավելի ցածր գնով ու վերամշակում կամ օգտագործում դրանցում եղած կապարը։ Սակայն ավելի փոքր, օրինակ՝ բջջային հեռախոսների կամ մեկանգամյա օգտագործման մարտկոցները Հայաստանում երկրորդ կյանք ստանալու հնարավորություն չունեն՝ շեշտում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչը։

«Բայց տեսեք, ժամանակակից հեռախոսների մեջ քիչ են այդ թանկարժեք մետաղները, դրանք առանձին քանակով վերամշակել ընդհանրապես իմաստ չունի, բայց նաև ընդհանուր աղբի հետ ոչ մի դեպքում թափելի չի կարելի։ Պետական մոտեցում է պետք․ պետք է մշտական այդ առանձնացված պաշարը լինի, որ պետական մարմիններն ասեն՝ գիտեք՝ օրական այսքան այս թափոնից ենք հավաքում, եթե սկսեք դա վերամշակել, դուք կունենաք այս արդյունքն ու այս եկամուտը»։

Եվ այնուամենայնիվ, ինչ անել տանը կուտակված անպետք բջջայինները կամ լիցքավորիչները․Բաբաջանյանն ասում է՝դրանք տանը պահել էլ չարժի, բոլոր դեպքերում դրանցում վտանգավոր և թունավոր նյութեր կան, իսկ թե ուր տանել և ինչ անել՝ դա էլ չգիտի։ Բայց գիտի՝ այս խնդիրը գնալով ավելի է մեծանալու, և դրա կողքին օր օրի ահագնանալու է արևային վահանակների, էլեկտրամոբիլների թափոնների խնդիրը։

Back to top button