ԿարևորՔաղաքական

Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին, հայտնում է Սպիտակ տունը:

Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն դիվանագետ է:

Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո:

Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:

Դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:

Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:

Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College):

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:

Ցուցադրել ավելի
Back to top button