ԿարևորՀասարակություն

Վանաձորի ավագանու արտահերթը նիստը չկայացավ. Վանաձորի «պատմական» ֆինանսավորումը չհաստատվեց

Վանաձորում ավագանու աղմկահարույց արտահերթ նիստը չի կայացել։ Օրակարգում համայնքի զարգացմանը միտված  ծանրակշիռ՝ 2,5 մլրդ. դրամ բյուջեով մի շարք կարևոր սուբվենցիոն ծրագրերի հաստատումն էր: Նիստին քվորում չի ապահովվել, քանի որ թվով ամենամեծ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք ու «Հայրենիք» կուսակցության խմբակցությունները բոյկոտել են նիստը:

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ: Ավագանու 33 անդամից ներկա էին 16-ը: «Քաղաքացիական պայմանագիր», ՀԱՍԿ և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները սահմանված կարգով սպասեցին 30 րոպե, ապա հայտարարեցին՝ նիստին չներկայանալով համայնքի շահը ստորադասեցին քաղաքական ու նեղ անձնական շահերին:

Վանիկ Օհանյան, Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության անդամ. «Ես ցավում եմ դրա համար և ես հույս ունեմ, որ ավագանու մեր մյուս գործընկերները, ովքեր չեն ներկայացել ավագանու նիստին, կվերանայեն իրենց մոտեցումները»:

Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության անդամ Վահագն Մկրտչյան. ««Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցությունն ու«Հայրենիք» կուսակցությունը հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենց համար կարևոր է իրենց նեղ անձնական շահը: Այդ կուսակցությունները 45 օր Ֆրանսիայի հրապարակում ասֆալտի վրա հայրենիքն էին փրկում և Արցախը՝ վերջում Արցախի դրոշը նետելով աղբամանների կողքը, ինչի՞ վրա ենք զարմանում: Որպես Վանաձորի բնակիչ՝ շատ ցավում եմ և հավաստիացնում, որ մենք ելքեր կգտնենք և այս բոլոր ծրագրերը իրականություն կդարձնենք»:    

Չնայած բյուջեի մասով որոշ անհամաձայնություններին՝ նպատակահարմար գտանք գալ նիստին, ասաց  «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը.

«Որպես ընդդիմադիր ուժ, բյուջեի մասով մեզ համար ամեն ինչ միանշանակ չէ, բայց մենք եկել էինք սուբվենցիոն ծրագրերին կողմ քվեարկելու»:

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ընթերցելով սուբվենցիոն ծրագրերի երկար ցանկը, որն էլ հենց պետք է հաստատվեր ավագանու չկայացած նիստում, նկատում է՝ չնայած «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիք» կուսակցության խմբակցությունները չեկան՝ համայնքին զրկելով կարևոր ծրագրեր հաստատելու և հետագա զարգացման լավ հնարավորությունից, այդուհանդերձ, ամեն ինչ անելու են՝ շենացնելու համայնքը.

«Թե ինչո՞ւ ավագանու անդամները չներկայացան, չեմ կարող ասել, կարող է մարդիկ կային, որ աթոռ են ուզում, ոչինչ, մեր ժողովուրդը կների, մենք էլ կտեսնենք՝ ոնց ենք անում, որ մեր քաղաքը կառուցենք»:

Ի՞նչ նկատի ուներ «աթոռ են ուզում» ասելով՝ հետաքրքրվեցինք Փելեշյանից.

«Մի բան էլ ես  գիտեմ, որ ասեցի: Իրենց քաղաքը սարքելու, շենացնելու համար պիտի գործարք առաջարկե՞նք իրենց: Պիտի ամեն ինչ անենք, որ մեր քաղաքը չտուժի մի  2 հոգու խաթեր»:

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում «աթոռ ուզելու» թեման չմեկնաբանեց, սուբվենցիոն ծրագրերի թեման շահարկում որակեց ու պնդեց՝ Վանաձորում ձևավորված ՏԻՄ ճգնաժամը շարունակվում է.

«Ըստ էության՝ ունենք ՏԻՄ ճգնաժամ, եթե համայնքային իշխանություն չի ձևավորվել, որտեղի՞ց վերցրեցին, որ կարելի է դիմել պարոն համայնքապետ, որտեղի՞ց որոշվեց, որ ընդդիմությունը, օրինակ, հենց «ՄամիկոնԱսլանյան» դաշինքն է: Քաղաքական որոշակի պրոցեսներ կան, որ ճիշտ տեղից չի գնում, ու էդ պրոցեսների մասնակից լինել էսօր,  որ ի՞նչ անենք»:

Առաջիկայում Փելեշյանը ասուլիսով հանգամանալից կներկայացնի համայնքի հետագա զարգացման վերաբերյալ իրենց քայլերը: Մինչ ավագանու տարբեր թևերում իրարամերժ տրամադրություններ են, վանաձորցիներն ափսոսանք են հայտնում 2,5 մլրդ.դրամ հատկացումների չհաստատման փաստի առիթով:

Հիշեցնենք՝ մայիսի 13-ի որոշմամբ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին, որին հաջորդեց ընդդիմադիր «Ասլանյան» դաշինքի՝ նիստերը բոյկոտելու մասին հայտարարությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button