ԿարևորՔաղաքական

Ուկրաինայից՝ Հայաստան․ ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության մեսիջները

Արդեն հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը։ Սպիտակ տան պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ պաշտոնն առաջիկա տարիներին զբաղեցնելու է Քրիստինա Քվիենը։ Նա դիվանագիտական կարևոր պաշտոններ  է զբաղեցրել, աշխատել է աշխարհի  թեժ կետերում։ Հայաստան է գալու Ուկրաինայից․ Քրիստինա Քվիենը 2020-ից Կիևում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատարն է։ Այս հանգամանքը վերլուծաբանները կարևոր են համարում։ Մի մասի կարծիքով ՝ փորձառու դիվանագետի գործուղումը Հայաստանի կարևորում է նշանակում, մյուս մասի կարծիքով ՝ թեկնածությունը հուշում է, որ  Հայաստանը դիտարկվում է ՌԴ – Արեւմուտք պայքարի տրամաբանության մեջ։

Պատերազմող  Ուկրաինայից՝ Հայաստան․ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է  Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվիենի թեկնածությունն առաջադրելու մասին՝  տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Քրիստինա Քվիենը 2020 թվականից Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատարն էր: Դրանից առաջ երեք տարի էլ Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր՝ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականը: Դիվանագիտական ծառայության ընթացքում  տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում։ Եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով պատասխանատուն: Ռազմական ինստիտուտի շրջանավարտ է: Ունի ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ թեեւ ԱՄՆ քաղաքականությունը պայմանավորված չէ անձերով, սակայն անձերի ընտրությունը որոշ հուշումներ է անում ամերիկյան առաջնահերթությունների մասին։

Վերլուծաբանը հատկապես կարեւորում է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի՝ ռազմական ոլորտում աշխատելու փորձառությունը եւ Ուկրաինայում  բարդ պատերազմական ժամանակահատվածում  ծառայությունը․

«Հաշվի առնելով, որ մեր անվտանգության եւ Ուկրաինայի դեպքերի շատ հստակ եւ ուղիղ կոռելյացիա գոյություն ունի, կարծում եմ՝ նման փորձառությամբ դիվանագետի աշխատանքը Երեւանում միայն օգտակար կլինի։ Շատ դեպքերում անվտանգության հարցերը թե մեր կողմից եւ թե մեր գործընկերների կողմից մինչեւ վերջ գիտակցված չեն։ Եվ Հայաստանն այսօր լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք նախեւառաջ ախտորոշման խնդիր ունեն։ Այդ իմաստով ոլորտից տեղյակ  դիվանագետի հայտնվելը Երեւանում միայն օգուտ է բերում»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով, մինչդեռ,  Հայաստանում Քրիստինա Քվիենի նման դիվանագետի թեկնածության առաջադրումը մտորելու տեղիք է տալիս ՝ հաշվի առնելով ԱՄՆ–ՌԴ առճակատումը ՈՒկրաինայում։ Նա Հայաստան է գալու Ուկրաինայի թեժ իրավիճակների փորձառությամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանը դիտարկվում է ՌԴ–Արեւմուտք պայքարի տրամաբանության մեջ՝ ասում է զրուցակիցս․

«Դեսպանի թեկնածուն ունի շատ լուրջ կենսագրություն, նաեւ հատուկ ծառայությունների հետ աշխատելու փորձառություն՝ հաշվի առնելով,  թե որ տեղերում է աշխատել ու ինչ գործերով է զբաղվել։  Նաեւ հաշվի առնելով այն, որ ծանրագույն ժամանակահատվածում, երբ աշխարհի համար կարեւորագույն կետ  է դարձել Ուկրաինան,  այդ կինն այդ  տեղում դեսպան է։ Հաստատ շատ ինֆորմացիայի է տիրապետում եւ նախկին խորհրդային տարածքի մասնագետ է ։ Այսինքն՝ պետք է հասկանանք, որ ԱՄՆ–ն այս պահին շատ կարեւոր է համարում Հայաստանը։ Եթե նման մասնագետ է գալիս, ապա դա մեզ պետք է անհանգստացնի թեկուզ այն առումով , որ Հայաստանը դիտարկվում է Ուկրաինայի կոնտեքստում, այսինքն՝ ՌԴ–Արեւմուտք պայքարի տրամաբանության մեջ»։

Հայաստանում ԱՄՆ գործող  դեսպան Լին Թրեյսին պաշտոնը ստանձնել է 2019 թվականի: Գնահատելով նրա պաշտոնավարման 3 տարիները՝ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նկատում է՝  վերջինին   դրամատիկ ու բարդ շրջան բաժին ընկավ, քանի որ պաշտոնավարեց նախ  համավարակի, ապա 44–օրյա պատերազմի ժամանակաշրջանում։  Բացի դրանից՝ Թրեյսին  Հայաստանում դեսպան նշանակվեց ԱՄՆ նախկին նախագահ  Թրամփի կողմից, սակայն աշխատեց Բայդենի վարչակազմի հետ, որի ղեկավարման ընթացքում դրամատիկ վիճակների պակաս չկար աշխարհում։  Այն, որ Վաշինգտոնը Հայաստանում փորձառու դիվանագետի է առաջադրում, վերլուծաբանի կարծիքով, դրական  մեսիջ է պարունակում․

«ԱՄՆ քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, այս ուղղությունը դիտարկվում է կարեւոր եւ հեռանկարային եւ այստեղ ուղարկվում են պատրաստված եւ  փորձառություն ունեցող դիվանագետներ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝  ԱՄՆ ներկա դեսպան Թրեյսին կարևոր  դերակատարություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում։ Նրա համար հիշարժան  են հատկապես դեսպանի՝  Սյունիք կատարած այցերը 44–օրյա պատերազմից հետո, դրան հաջորդած հայտարարությունները Իրանից։  Սյունիքի կարգավիճակը աշխարհաքաղաքական նշանակություն ունի՝  ասում է Ստեփան Դանիելյանը և հավելում ՝ դեսպանն իր այցերով ընդգծեց Սյունիքի կարևորությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button