Երաժշտական եռանկյունի

Հարություն Արզումանյան՝ դիրիժորի աշխատանքը․ «Երաժշտական եռանկյունի»

Շուրջ մեկուկես տարի առաջ քովիդյան և հետպատերազմյան շրջանում մեր հաղորդման շրջանակում զրույց էինք ունեցել դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ: Խոսել էինք դասական արվեստը ներկայացնելու նոր միջոցների և հնարավորությունների մասին, մշակութային ճգնաժամից դուրս գալու գաղափարների շուրջ: Եվ ահա դիրիժորը մեր տաղավարում է և մենք ամփոփում ենք նրա վերջին շրջանի գործունեությունը:

«Իմ զբաղվածությունն այս մեկուկես տարվա ընթացքում չի սահմանափակվում Օպերայի և բալետի թատրոնի ներկայացումներով, համագործակցում եմ և՛ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, և՛ Կամերային նվագախմբի հետ, ինչպես նաև հանդես եմ գալիս բազմաթիվ կամերային ծրագրերով»,-ասում է դիրիժորը:

Ակադեմիական երաժշտական արվեստն ունի պատմությամբ հաստատված խիստ ձևաչափեր, բայց ժամանակն իրենն է թելադրում և ստեղծում նոր երաժշտական ձևաչափեր:

«Այդպիսին էր Ալ.Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված ֆլեշմոբը, որն անցկացրինք բաց երկնքի տակ՝ Թատերական հրապարակում: Բայց իհարկե իմ զբաղվածությունը թատրոնում՝ հատկապես այս համերգային շրջանում, առաջնակարգային է, ղեկավարում եմ հետևյալ օպերային ներկայացումները՝ «Տոսկա», «Տրավիատա», «Աիդա», ինչպես նաև ղեկավարել եմ «Տուրանդոտի» համերգային կատարումը»,- ասում է Հարություն Արզումանյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ծավալած գործունեությունն աննախադեպ է, գրեթե յուրաքանչյուր ամիս պրեմիերա, կամ հին ներկայացումների վերականգնում: Աննախադեպ է նաև հանդիսատեսի հետաքրքրությունը, դա վերաբերվում է ոչ միայն օպերաներին, այլ նաև բալետային ներկայացւմներին:

«Կարմեն սյուիտ», «Դիմակահանդես» և չպետք է մոռանալ մանկական բալետային ներկայացումները: Ամանորի նախօրյակին բեմադրված «Մարդուկ-Ջարդուկը» ամենաանշլագային ներկայացումներից է, ինչպես նաև հանրահայտ և շատ սիրված «Չիպոլինոն»:

-Դուք նաև ղեկավարում եք բազմաթիվ սիմֆոնիկ ծրագրեր՝ համագործակցելով Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

-Նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը բացի դասական ծրագրերից նախաձեռնել է բազմաթիվ համերգային ծրագրեր: Օրինակ՝ կինոյի համար գրված երաժշտության նախագծերը՝ հոլիվուդյան երաժշտություն, անիմացիոն ֆիլմերի երաժշտություն, Մանսուրյանի կինոերաժշտությունը, հայտնի գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» մանկական ծրագիրը և վերջերս հանդիսատեսի ջերմ հավանությանն արժանացած «Սիմֆոնիկ ռոք» համերգային նախագիծը՚,-ասում է դիրիժորը:

-Կա՞ տարբերություն մոտեցումների մեջ, երբ նվագում եք դասական նվագացանկ և ժամանակակից, ավելի հանրամատչելի ծրագրեր:

-Դիրիժորի մասնագիտության տեսանկյունից՝ ոչ, որովհետև աշխատանքը պարտիտուրայի հետ, նվագախմբի, սոլիստների հետ իր բնույթով չի տարբերվում, նույնն է: Այլ բան, որ յուրաքանչյուր դիրիժոր կարող է ունենալ իր նախընտրությունները: Անձամբ ես աշխատում եմ հարստացնել նվագացանկս ամենատարբեր ձևի և բովանդակությամբ երաժշտությամբ, և այդ առումով, օրինակ, կուզեի հատուկ մատնանշել Պիացոլլա-Վիվալդի «Տարվա եղանակներ» նախագիծը, որն ընդգրկում էր երկու կոմպոզիտորների տարբեր երաժշտական դարաշրջանների և ոճերի նույնանուն ստեղծագործությունների համադրությունը: Պատկերացրեք՝ տանգո և բարոկ երաժշտությունը մեկ համերգային ծրագրում: Վերջին շրջանում եղել են նաև ձայնագրություններ ֆիլմերի համար: Ձայնագրեցինք «Ավրորայի արևածագը» ֆիլմի սաունդթրեքը և ամերիկյան նոր՝ «Փոքր արքա» բալետի ստուդիական ձայնագրությունը:

Հաղորդման ընթացքում հնչում են Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ տարբեր տարիների կատարված օպերաներից, մեսսաներից և կամերային համերգներից հատվածներ:

Ցուցադրել ավելի
Back to top button