ԿարևորՀասարակություն

Ընտրական օրենսգիրքը դարձյալ փոխվում է․ ո՞ւմ շահերին կծառայեն նոր փոփոխությունները

Խորհրդարանական մեծամասնությունը հերթական փոփոխություններն է առաջարկում ընդամենը մեկ տարի առաջ փոփոխված  Ընտրական օրենսգրքում։ Թեև նպատակ կա լրամշակված նախագիծ ներկայացնել հաջորդ գարնանը, բայց միջանկյալ փոփոխություններ են առաջարկվում։ Դրանց հիմքում  ՏԻՄ ընտրություններում գրանցված խնդիրներն են։ Համայնքներևից շատերում համայնքապետ ընտրել չկարողանալը, մեծամասնության պատգամավորների կարծիքով, նաև օրենսդրական բացերի հետևանք  է։

Ընդդիմախոսների կարծիքով, մինչդեռ, առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց են․ իշխող կուսակցությունն  ԸՕ–ը հարմարեցնում է իր պահանջներին։

Այն, ինչ իշխանությունը ներկայացնում է որպես բարեփոխում,  ընդդիմախոսների պնդմամբ՝ սեփական շահերին ծառայեցնելու քայլ է։ Մեկ տարի առաջ փոփոխված ԸՕ–ի հերթական փոփոխությունը հասունացել է վերջին ՏԻՄ ընտրություններից հետո։ Շտկվում են  այս ընթացքում արձանագրված թերությունները՝ հիմնավորում է նախագծի հեղինակ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ «Տեխնիկական փոփոխություններ» հիմնավորմամբ մշակված փաստաթուղթը Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության ուղարկելու մտադրություն չկա։ Ընդդիմադիրների գնահատմամբ՝ հապճեպ փոփոխություններ են՝ շահագրգիռ կողմերի հետ գրեթե չքննարկված։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյան․

«Փաստացի ընտրական իրավունքը ստորադասվում է հարմարությանը։ Ակնհայտորեն սրանք միայն տեխնիկական փոփոխություններ չեն, ընդհակառակը՝ շատ քիչ են տեխնիկական փոփոխությունները։ Իսկ բովանդակային փոփոխությունները, որ արվում են իրոք հետքայլ են ժողովրդավարության այն չափանիշներից, որոնք մենք փորձեցինք առաջ մղել վերջին 2–3 տարիների ընթացքում»։

Առաջարկվող փոփոխություններից մեկը ոտնահարում է ընտրողի իրավունքը։ Համարելով, որ շրջիկ արկղերի ինստիտուտը չարաշահման լրջագույն ռիսկեր է պարունակում, հեղինակն  առաջարկում է հրաժարվել ստացիոնար բուժում ստացող ընտրողների համար կիրառվող պրակտիկայից։ Իրավունքների խախտումն այստեղ ակնհայտ է «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանի համար.

«Տպավորությունն այնպիսին է, որ կա որոշակի մտավախություն, ըստ մեզ՝ պսևդոքաղաքական ուժերի վարքագծի հետ կապված, որոնք արդեն երկու ամիս է զբաղեցնում են հանրային տարածքները իրենց անհասկանալի օրակարգերի սպասարկմամբ, բայց որոնք ունենք մեծ փող, մեծ կապեր, նաև որոշակի քրեական առնչություններ։ Այն բոլոր փոփոխությունների մեջ, որոնք մտահոգություններ են առաջացնում, նաև այդպիսի ենթատեքստ ենք տեսնում։ Օրինակ՝ այո, շատ հայտնի օլիգարխիկ շրջանակներին պատկանող բուժհաստատություններում կարող են տեղի ունենալ ընտրական մանիպուլյացիաներ, բայց մենք կարծում ենք, որ ոչ թե պետք է հարմարվել այն թրենդին, որը այդ պսևդոքաղաքական և մերժված ուժերը թելադրում են, այլ ուղղակի պետք է այդ քաղաքական ուժերին հարմարեցնել նոր իրականությանը կամ ստեղծել ինստիտուցիոնալ այնպիսի երաշխիքներ, որպեսզի այդ քաղաքական ուժերը ընդհանրապես դուրս մղվեն քաղաքական դաշտից։ Հակառակ պարագայում, մի օր էլ կարող ենք քրեակատարողական հիմնարկներում ևս ընտրությունները արգելել»։

ՏԻՄ ընտրությունների համար առաջարկվում են մի շարք փոփոխություններ՝ քվեաթերթիկների ձևից, ինքնաբացարկի ժամկետներից մինչև ավագանու առաջին նիստի անցկացում և համայնքապետի ընտրություն։ Գրեթե բոլոր դրույթներում առաջարկվում են  խորհրդարանական ընտրությունների ընթացակարգերը՝ արհեստական խոչընդոտներից խուսափելու նկատառումով։ Կարգավորումներ են առաջարկվում նաև նախընտրական հիմնադրամների համար։ Եթե գործող օրենքով տարբեր ընտրությունների համար ձևավորվում է նախընտրական առանձին հիմնադրամ, և ՏԻՄ ընտրությունների դեպքում այն կարող է բացվել անգամ մասնավոր բանկերում, ապա նոր առաջարկով՝ եթե մի կուսակցություն միաժամանակ մի քանի ընտրությունների է մասնակցում, ապա հիմնադրամը կարող է լինել մեկը՝ ԿԲ–ում։ Առաջարկի հեղինակները կառույցին դեռ չեն հարցրել, բայց այն ներառել են նախագծում։ Հովակիմյանի համոզմամբ՝ սրանով թեթևացվում է կուսակցությունների գործը.

«Այդ հիմնադրամի վերին պատնեշը կլինի այն համամասնությամբ՝ քանի ընտրությունների է մասնակցում կուսակցությունը։ Այլ կերպ ասած՝ եթե 5 համայնքում միաժամանակ մասնակցում է ընտրությունների, յուրաքանչյուրում, օրինակ՝ 40 միլիոն է վերին շեմը կամ մեկում 60–ն է, մնացած չորսում՝ 40 միլիոն, իր լիմիտը լինելու է հանրագումարը»։  

Թե ինչպես իրականում կուսակցությունների կողմից կարող է օգտագործվել այս հնարավորությունը, միանգամից պատկերացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում»–ից Դանիել Իոաննիսյանը։ Թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը, ըստ նրա, կարող է բերել լուրջ խախտումների․  

«Մենք ամեն ընտրությունների համար սահմանել ենք առավելագույն շեմ՝ քարոզարշավի ֆինանսավորման, որպեսզի ոչ մի կուսակցություն չկարողանա փողով զավթել ընտրությունները։ Եթե մենք այդ շեմը վերացնում ենք և ըստ էության կարողանում ենք բազմապատկել մասնակցած ընտրությունների քանակով, ի՞նչ հնարավորություն ենք մենք տալիս փողով ընտրություններին մասնակցողներին։ Այն հնարավորությունը, որ իրենք արհեստականորեն մի քանի ուրիշ տեղ առաջադրվեն, կարողանան սահմանված շեմը բազմապատկել առաջադրված տեղերի քանակով,  և մի համայնքի վրա ծախսեն շատ ավելի շատ գումար, քան իրենց մրցակից կուսակցությունները»։

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնց շուրջ դեռ համաձայնության չեն եկել ԸՕ–ի փոփոխության նախագծխի հեղինակը, քաղհասարակությունը և արտախորհրդարանական որոշ ուժերը։ Նախագծի ավելի լայն քննարկում չի կազմակերպվել։ Մտահոգություններից մեկն էլ այն է, որ փոփոխվում է ԸՕ–ի կետերից մեկը, որը մեկ տարի առաջ հավանության արժանեցել Վենետիկի հանձնաժողովի կողմից․ ավագանում նիստում  համայնքի ղեկավարի  ընտրությունն առաջարկվում է ոչ թե բաց, այլ փակ քվեարկությամբ կազմակերպել։

Ներառականություն և ժողովրդավարություն․ նախագծի ընդունման համար այս երկու պայմանն է կարևորում «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը.

«Այն քննարկումը, որը 10 օր առաջ եղավ, այնտեղ եկել էր բառացիորեն 2,5 կուսակցության ներկայացուցիչ, կես, որովհետև մեկը կուսակցություն չէր, կուսակցական հանձնարարությամբ էր ներկայացնել։ Ինչպե՞ս են վեր հանվել այն խնդիրները, որոնց փորձ է արվում լուծում տալ։ Շատ կարևոր է, որ այդ լավարկում ասվածը իրականում կոնսենսուսային լինի, և բոլորը համարեն, որ դա լավարկում է։ Հայաստանում արձանագրված ժողովրդավարության առաջընթացը մեծ չափով պայմանավորված է եղել ընտրություններով, այն գործընթացներով, որոնցով փոխվել է այդ օրենսդրությունը, այն դրական կարծիքով, որը տրվել է միջազգային կազմակրեպությունների կողմից։ Այս ոլորտի ցանկացած փոփոխության նկատմամբ մենք շատ ավելի զգայուն պետք է լինենք՝ հասկանալով, որ այս պահի դրությամբ, ցավոք, դա է մեր ամենամեծ բռնվելու տեղը ժողովրդավարական առաջընթացի համատեքստում»։

Խորհրդարանական ընդդիմությունը ԸՕ–ի այս փաթեթի փոփոխությանը չի մասնակցում։ Ընդդիմադիրների համար ԸՕ–ում առաջնային է այլ փոփոխություն։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Ղազինյանի համոզմամբ՝ Հայաստանում ընտրությունների մասնակցության շեմ սահմանելը  անհրաժեշտություն է․ Հայաստանի երրորդ հանրապետության 3 տասնամյակների  ընտրական փորձը փաստում է, որ ընտրողների  մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին, ինչի արդյունքում փոքրամասնությունը հնարավորություն է ստանում ճակատագրական որոշումներ կայացնել բոլորի փոխարեն:

Ցուցադրել ավելի
Back to top button