ԿարևորՀասարակություն

Դպրոցում սովորածով բուհ ընդունվել հնարավո՞ր է․ ցածր գնահատականները բախվում են ԿԳՄՍ պնդումներին

Տարիներ առաջ ավագ դպրոցի ինստիտուտի ներդրմամբ նպատակ կար դիմորդներին օգնել ոչ միայն կողմնորոշվել մասնագիտութկամ մեջ, այլև միասնական քննությանը ավելի պատրատված լինելուն։ Տարիները, սակայն, պատկերը չեն փոխել։ Խնդիրները շարունակում են մտահոգել։ Դիմորդներն ու նրանց ծնողները չեն պատկերացնում ընդունելությունն առանց կրկնուսույցի, պնդում ՝ դպրոցական ծրագրով դպրոցները չեն տրամադրում բուհ ընդունվելիս անհրաժեշտ գիտելիքը։ Եվ նույնիսկ կրկնուսույցների մոտ պարապելուց հետո միասնական քննության արդյունքները գոհացուցիչ չեն։

Որքան էլ կրթության գերատեսչությունը հավաստիացնում է, որ 12-ամյա կրթական համակարգը ներդրվեց նաև կրկնուսույցների թիվը կրճատելու, իսկ ավագ դպրոցը՝ դիմորդներին միասնական քննությանը նախապատրաստելու նպատակով, տարիների փորձը ցույց է տալիս, որ կրկնուսույցներին դիմողների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլև կրկնուսույցի մոտ պարապելը բուհ ընդունվելու համար արդեն օրինաչափություն է դարձել ու անհրաժեշտություն։ Ավելին՝ շատերը պարապելը սկսում են ընդունվելուց նույնիսկ 2-3 տարի առաջ։ Դիմորդներն ու նրանց ծնողներն առանց կրկնուսույցի չեն էլ պատկերացնում ընդունելությունը։

Առանց կրկնուսույցի մոտ պարապելու էլ է հնարավոր ընդունվել՝ վստահ է  մաթեմատիկայի ուսուցիչ, կրկնուսույց Սարգիս Վարդանյանը։ Միայն թե բարձր միավոր ստանալու հնարվորությունն է շատ փոքր։ Նորմալ է, որ առաջադրանքները պետք է բարդանան տարեցտարի, այլ խնդիր է, թե դպրոցի ուսուցիչները որքանով են այդ տեմպին հասցնում։ Իսկ մտահոգությունը, թե դպրոցական ծրագրից շեղումներ են լինում թեստային առաջադրանքներում, այսինքն՝ քննական առաջադրանքները դպրոցում չեն անցել, չի կիսում։ Թեստերում ծրագրից շեղումներ չկան, այլ հարց է, թե որքանով է տվյալ ծրագիրը ուսումնասիրվել դպրոցում՝ ասում է մաթեմատիկայի ուսուցիչ Սարգիս Վարդանյանը․

«Եթե նույնիսկ տարբերություններ կան, չնչին են։ Հիմնականում դպրոցում ուսումնասիրվող ծրագրերն են, մի փոքր ավելի հետաքրքիր օրինակներով։ Ինչ վերաբերում է բարդացմանը, դա անհրաժեշտություն է, քանի որ գիտությունը ողջ աշխարհում առաջ է շարժվում, և կարիք կա ժամանակ առ ժամանակ բարդացնել առաջադրանքները։ Այլ հարց է, թե դպրոցներում դասավանդող ուսուցիչներն ինչպես են հասցնում այդ ծրագրի բարդացման հետ համահունչ առաջ շարժվել»։

12-ամյա կրթությունը կա,  դիմորդներն էլ շարունակում են օգտվել կրկնուսույցի ծառայությունից, բայց միևնույն է՝ ամեն տարի քննական այս շրջանում նույն պատկերն ենք արձանագրում՝ ցածր առաջադիմություն, անբավարարի մտահոգիչ վիճակագրություն։ Ի՞նչն է պատճառը, որ միասնական քննությունների արդյունքները գոհացուցիչ չեն, ո՞ր օղակում է բացթողումը՝ դպրոցու՞մ, կրթական համակարգու՞մ, մասնագետների՞ թերացումն է, թե՞ այլ տեղ փնտրենք խնդիրը։ Կրթության փորձագետ Հռիփսիմե Խանզադյանը կարծում է՝ թերացումը հավասարապես բոլորինն է.

«Առաջին հերթին ավագ դպրոց պետք է մտնեն այն մասնագետները, որոնք հստակ պատկերացնում են՝ ինչ անել աշակերտի հետ։ 2-րդ՝ ծնողը պետք է վստահի այդ դպրոցին, 3-րդ՝ աշակերտը պետք է հասկանա՝ ինչ է 3 տարի այդ դպրոցում անում։ Միայն թեստին պատրաստվե՞լ։ Ծիծաղելի է։ Ուրեմն մենք ձախողել ենք մեր կրթության նպատակը։ Իսկ թեստային առաջադրանքները պետք է լինեն բացառապես դպրոցական ծրագրից։ Իսկ մենք ունենք այնպիսի օրինակներ, երբ թեստային առաջադրանքները հատուկ այնպիսին են, որ գուցե շատ հեշտ հաղթահարելի չլինեն։ Այստեղ էլ խնդիր ունենք և պետք է հասկականք՝ ինչու։ Եվ քանի որ թեստերը ԳԹԿ–ն է կազմում, պետք է լինի համագործակցություն։ Դրա լուրջ բացակայության դեպքում մենք այսօր ունենք այս խնդիրը»։

Չնայած այս բոլոր խնդիրներին՝ զրուցակիցս լավատես է։ Հատկապես նոր չափորոշիչներից մեծ ակնկալիք ունի։ Կարծում է՝ դրանք վերջապես կապահովեն դպրոցից բուհ այն կամուրջը, որն այսքան տարի չենք ունեցել։ Ի դեպ՝ հաջորդ ուստարվանից դիմորդներին հնարավորություն կընձեռվի ընդունելության միասնական քննությունները հանձնել տարին 2 անգամ՝ հունվարին և հունիսին։  Ոլորտի ներկայացուցիչները վստահ են՝ փոփոխությունը կչեզոքացնի մեկ քննության սթրեսի գործոնը և շատ ավելի մատչելի ու հեշտ կդարձնի ընդունելությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button