ԿարևորՀասարակություն

Ազգային ծրագրերին՝ համազգային մասնակցություն․ «Հաւք 2022»-ի նկատմամբ հետաքրքրությունն աճել է

Սեպտեմբերի 10-ից 11-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում անցկավելու է «Հաւք 2022» մրցույթը։ Օդանավակայանը կառուցվել է 2021-ին` դրամահավաքի միջոցով։ Նախորդ տարի մրցույթի մրցանակային ֆոնդը 15 միլիոն դրամ էր։ Այս տարի նախաձեռնությանը միացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը։ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ֆինանսական կազմակերպությունը  ստորագրել են հուշագիր՝ մրցույթի շուրջ համագործակցության մասին։ Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտական ընկերություններ։  Առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ՝ հաշվի առնելով անվանակարգերը։

«Հաւք 2022» մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն աճել է՝ ասում է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը։ Եթե նախորդ տարի մրցույթին մասնակցել են 16 դպրոցական, 6 սիրողական և 2 պրոֆեսիոնալ թիմ, ապա այս տարի 66 թիմ է մասնակցվելու՝ 47-ը դպրոցական, 12-ը սիրողական, 5-ը՝ մասնագիտական։  Փոխվել է նաև մասնակիցների համամասնությունը․ եթե նախորդ տարի 40 տոկոսը մարզերից էին, իսկ 60-ը՝ Երևանից, ապա այս տարի գերակշռում է մարզային մասնակցությունը ։ Մրցույթի արդյունքում նոր համագործակցություններ և ընկերություններ են ձևավորվել։ Ավետիք Քերոբյան․

«Անուններ չեմ կարող նշել, բայց կան այնպիսի թիմեր, որոնց հիման վրա ԱԹՍ–ների ուղղությամբ մասնագիտորեն զբաղվող ընկերություններ են ստեղծվել։ Առնվազն երկուսին ճանաչում եմ։ Անցյալ տարվա արդյունքներով հաղթող թիմերից մեկը ԱԻՆ-ի հետ սկսեց  համագործակցել»։

Մրցույթն անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 11-ը Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում։ Մրցույթն այս տարի  երկու օր կտևի,  կանցկացվի «փառատոնային» ձևաչափով․ սպասվում են երաժշտական միջոցառումներ, հրթիռների արձակում և աստղադիտում։

Ազգային ծրագրերը պետք է համազգային մասնակցություն ունենան՝ նկատում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Դրանք անվտանգային մեծ  նշանակություն ունեն պետության ոչ միայն ներկայի, այլև հաստատուն ապագայի համար՝ ասում է։

«Ակնհայտորեն խոսքը ազգային նշանակության ծրագրի իրականացման մասին է։ Տվյալ դեպքում ԱԹՍ-ների մրցույթը շատ մեծ ծրագրի բաղադրիչ է, որի նպատակը Հայաստանի ինժեներական զարգացումն ու  դիրքավորումն է, նմանատիպ ծրագրերի ծավալային մեծացումն  ու մասայականացումը։ Մենք արդեն ներկա ենք Հայաստանի 600-ից ավելի բնակավայրերում ինժեներական լաբարատորիաների՝ ներառյալ ԱԹՍ լաբարատորիաների ստեղծմանը»։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտական ընկերություններ։  Առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ՝ հաշվի առնելով անվանակարգերը։ Խմբերի առջև դրվելու է երեք խնդիր․ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանի խոսքով՝ անցյալ տարի նախաձեռնել էին օդանավակայանի շենքի կառուցումը, նախագիծը պատրաստ է, սպասում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դրական պատասխանին՝ օր առաջ շինարարությունը սկսելու համար։

«Սպասում ենք հողի նշանակության փոփոխությանը, որ սկսենք շենքի շինարարությունը։ Այնտեղ տեխնիկական մաս է լինելու, որտեղ երեխաները գալու են, փորձարկելու են իրենց ԱԹՍ-ները։ Ջարդելու են, սարքելու են, մնալու են այնտեղ և այլն։ Որ օրը մենք հասարակական կառուցապատման համար հողի նշանակության փոփոխության թույտվությունը ստանանք, այդ օրը կսկսենք շենքի շինարարությունը։ Հավաստիացնում եմ՝ շատ արագ շենքը կկանգնեցնենք»։  

Նախորդ տարի մրցույթին դպրոցական կատեգորիայում մասնակցած թիմերն այս տարի անցել են սիրողական դասակարգ։ Փոխվել է մասնակիցների մասնակցության և պատրաստության աստիճանը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ԱԹՍ կրթական աշխատանոցի խմբավար Շահեն Արաբաչյանի սաները այդ փոփխության լավագույն օրինակներից են։ «Հավք 2021»-ին դիմել են, երբ նորաստեղծ խմբակն ընդամենը  մեկ «ամսական» էր։ 4 հոգանոց  թիմը մի քանի ամսում ստեղծեց սարքը։ Խմբավարի խոսքով՝արդյունքները ոչ թե գոհացնող, այլ զարմացնող էին ։

«Զարմացած եմ, ոչ թե գոհ նկատի ունենալով փոքր ժամանակը, որի ընթացքում պատրաստվել ենք։ Ամբողջովին սկսնակ ենք եղել, ոլորտում ոչ մի փորձառություն չունեինք։ Շատ գոհացուցիչ  էր, ու շատ փոքր միավորով ենք զիջել հաղթող թիմին»։

Թիմը զբաղեցրել էր երկրորդ տեղը։ Գումարային մրցանակով նոր տեխնիկա են ձեռք բերել, ավելի կատարելագործված մոդել ստեղծել։ Նախորդ տարվա թիմը բաժանվել է մի քանի թիմերի, որոնք կմրցակցեն դպրոցական և սիրողական մակարդակներում։ Շահեն Արաբաչյանը դասավանդում է նաև Գեղարքունիքի մարզի Այգուտ և Մարտունի գյուղերում։ Նախորդ տարի Այգուտի երկնքում հայտնված ԱԹՍ-ները վախեցրել էին  բնակիչներին․ մտածել էին թշնամու հետախուզական սարքն է․

«Այնտեղ «Արմաթ»-ի խմբավար եմ, ԱԹՍ-ների հետ կապված մեթոդաբանությամբ այնտեղ որոշակի բան չունեինք, բայց ազատ ժամանակ երեխեքի հետ զբաղվել, սովորեցրել էի, այնտեղ էլ ԱԹՍ սարքեցինք, մասնակցեցինք  «Հավք»-ին։ Արտառոց էր ԱԹՍ տեսնելը Այգուտի երկնքում, բնակիչների շրջանում մի փոքր խուճապ էր եղել, ընդամենն էդքան բան։ Հետո, իհարկե, ոգևորվեցին, արդեն սովրական բնույթ է կրում, գրեթե շաբաթական երկու անգամ նման թռիչքներ են լինում Այգուտում ու լրիվ սովորական է դարձել»։

Խմբավարի խոսքով՝ իր սաներից  մի քանիսն արդեն շարունակում են ուսումը Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։

Ցուցադրել ավելի
Back to top button