ԿարևորՔաղաքական

Չլինել խուլ ու կույր, չթաքնվել քաղաքական կոռեկտության հետեւում․ հայ պատվիրակները՝ ԵԽԽՎ–ին

Ստրասբուրգում  շարունակվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ Տարբեր հարցերի քննարկումների ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները խոսել են Լեռնային Ղարաբաղում իրավունքների ու անվտանգության խնդիրների մասին՝ Վեհաժողովի պատվիրակներին հորդորելով խուլ ու կույր չլինել և չթաքնվել քաղաքական կոռեկտության հետևում։

«Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որևէ որոշում է կայացնում, ապա այն պետք է հարգվի ԵԽ անդամ բոլոր երկրների կողմից»,- ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարար Սայմոն Քովնին:

Հարցը կարեւոր է, քանի որ ՄԻԵԴ որոշումների չկատարումը խախտում է օրենքի գերակայության և Վերհաժողովի ՝ միջազգային նշաձող ունենալու նպատակին հասնելու ձգտումը՝ բացատրել է Իռլանդիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը արձագանքնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահի այս առաջարկին ու հետաքրքրվել՝ արդյոք մտածե՞լ  է նման քննարկումներում  Լեռնային Ղարաբաղից եւ նմանատիպ այլ գոտիներից մասնակիցներ ներգրավելու մասին, քանի որ նշված այսպես կոչված «գորշ գոտիներում»  իրավունքների պաշտպանության լուրջ խնդիրներ կան։  Սայմոն Քովնին հստակեցրել է․ «Լեռնային Ղարաբաղը հատկապես բարդ տարածք է: Իրականում մեր ուշադրությունը կենտրոնացած է «գորշ գոտիների» վրա։ Եվրոպայի խորհուրդը դրական է ազդում մարդու իրավունքների պաշտպանության վրա այն տարածքներում, որտեղ առկա է անորոշություն ինքնիշխանության, ժողովրդավարական հաշվետվողականության կամ քաղաքական վերահսկողության առումով »:

«Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ժամանակ էլ ելույթ է ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ։ Մի՛ եղեք կույր, լուռ և խուլ, երբ խոսքը կազմակերպության հիմնական արժեքների մասին է՝ եվրոպացի պատգամավորներին ասել է նա։

«Ինչո՞ւ էինք մենք անտարբեր եւ խուլ՝ իմանալով, հետեւելով ու կարդալով Կիպրոսում, Բալկաններում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում եւ այլուր զինված հակամարտությունների մասին։

Վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչ մի պետություն պաշտպանված չէ պատերազմից, նույնիսկ ամենահարուստ եւ պաշտպանված պետությունները։

Շատ հաճախ, երբ ես անդրադառնում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, տեսնում եմ իմ որոշ գործընկերների լուռ ու անտարբեր դեմքերը, ովքեր խոստովանում են, որ հոգնել են այդ քննարկումներից։ Բայց մենք չենք բարձրաձայնում լոկ մեկ հակամարտության հետ կապված խնդիրներ, մենք անհանգստացած ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների խախտումներով, ինչպիսիք են օրենքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքը, ժողովրդավարության խթանումը եւ մարդկային արժանապատվության պահպանումը: Մի՛ եղեք կույր, մի՛ եղեք լուռ, մի՛ եղեք խուլ, երբ մենք խոսում ենք մեր կազմակերպության հիմնական արժեքների մասին»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանն իր ելույթում շեշտել է, որ երբեւէ չի լսել, որ որեւէ հետաքննություն կամ փաստահավաք առաքելություն փորձի բացահայտել , թե ինչպես են որոշ անդամ պետություններ օգտագործում արգելված զինատեսակներ, օրինակ՝ ֆոսֆորային ռումբեր: Անդամ որոշ երկրներ, Գևորգյանի խոսքով, ցույց են տվել, որ ուժի եւ փողի կիրառմամբ կարելի է հարցեր լուծել ՝ անտեսելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները․

«Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների եւ մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն եւ բանաձեւեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը եւ նրա մարմինները՝ ներառյալ այս Վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետեւում եւ չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել»:

ՔՊ պատգամավոր, ԵԽԽՎ–ում  հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն էլ վեհաժողովում ելույթ է ունեցել ու խոսել ռասիզմի, հայատյացության տարածումից բխող հետեւանքների մասին․

Որոշ ուժեր իրենց երկրի ներսում ատելության խոսքը դարձնում են քաղաքական քարոզարշավի մաս  եւ այնպիսի ատելության մթնոլորտ են գեներացնում այլ երկրների նկատմամբ, որ բարդ է դառնում ժողովուրդների միջեւ համակեցության կանոնների հաստատումը։ Ատելության խոսքի այսպիսի տարածումը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության օրակարգին։

ՔՊ պատգամավորը վտանգավոր է համարել ատելության խոսքի տարածումը,  երբ գոյություն ունի չլուծված հակամարտություն, որը, միեւնույն ժամանակ, խաղաղ կարգավորման կարիք ունի։

Պատգամավորը ԵԽԽՎ–ում  հիշեցրել  է, որ Արդարադատության միջազգային դատարանն արդեն միջանկյալ որոշում է կայացրել՝ կոչ անելով Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը  այդ թվում՝ իր պաշտոնյաների կողմից, որոնք ուղղված են հայազգի կամ էթնիկական ծագման անձանց դեմ»:

Back to top button