ԿարևորՄշակույթ

Երգով փարատել, ծրագրերով օգնել․ ամերիկաբնակ Տերյանները փորձում են մասնագիտական նոր կամուրջներ ստեղծել

2020-ին, երբ աշխարհում մոլեգնում էր համաճարակը, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներ Քրիստինա և Սերոժ Տերյանները  ստեղծեցին AMVN ծրագիրը՝  բարելավելու հայ երիտասարդների կրթական հնարավորությունները, դառնալու գիտելիքների փոխանակման կամուրջ Հայաստանի եւ աշխարհի երիտասարդների, բարձրակարգ մասնագետների միջև։ Իսկ երբ սկսվեց 44–օրյա պատերազմը, Տերյան ընտանիքը սկսեց բարեգործական մի շարք ծրագրեր, դրանցից այս պահին ամենամեծը՝ Հերոսների վերականգնողական-քաղաք կենտրոնում։ Բայց Քրիստինա Տերյանի այցը Հանրային ռադիո պայմանավորված չէր այդ ծրագրերով։

«Հայաստան․․․, այն  ուղղակի իմ հույսն ու աղոթքն է Հայաստանի մասին»։ Սա Հայաստանի մասին նորածին երգի բնութագիրն է։

Զրուցակիցս ամերիկաբնակ Քրիստինա Տերյան է։ Արդեն 4 տարի է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ–ում։ Անձնական երջանկությունը նրա տարավ օվկիանոսից այն կողմ, այլապես երբեք չէր կարող ապրել հայրենի սահմաներից դուրս․

«Ես առանց Հայաստան կյանք չունեմ, ու եթե չլիներ իմ ամուսնու սերը,ես չէի կարող Հայաստանը լքել։ Անգամ եթե մեկ շաբաթով էլ գնայի հանգստանալու ,պետք է անպայման Մասիսը տեսնեի։ Ինձ համար ծանր էր դրսում գտնվելը, ինչքան էլ որ երջանիկ ես։ Միակ իմ հույսն է ,որ ես այնտեղից օգտակար լինեմ Հայաստանին»։

44–օրյայի ժամանակ Քրիստինայի ընտանիքը բարեգործական ծրագրեր էր իրականացում Հայաստանում, պատերազմի ավարտից հետո Հայաստանին օգնելու ելքեր փնտրում․

«Շատ անհույս վիճակ էր, և հոգեպես շատ ճնշված էի ու կարծում էի,թե երկիրս կորում է, ամբողջ ընտանիքով ելքեր էինք փնտրում՝ ինչպես Հայաստանին օգնեինք։ Այդ ժամանակ մի պահ նստեցի դաշնամուրի մոտ, ու երաժշտությունը եկավ, ու արագ սկսեցի բառերը գրել։ Ամուսինս կիթառով սկսեց նվագել, ու մենք այդ երգը ստացանք։ Երգը ուղարկում էի ընկերներիս, որ լսեն ,ու ովքեր լսում էին՝ ասում էին հուզվում ենք։ Ուրախանում էի, որ մարդիկ նույն զգացողություն ունեին, ինչ ես» ։

Երգն արդեն պատրաստ էր ու, ինչպես ասում են, գտավ հասցեատիրոջը՝ Լիլի Մարգարյանին՝ «Հայ արևներ» խմբի մենակատար։

 «Ես երգում եմ էստրադային ու ջազային ոճում, բայց երբ այս երգը լսեցի, շատ հավանեցի, ու այն երգում եմ մեծ սիրով, քանի որ հայրենիքիս մասին է»։

Սա, ինչպես ասում են, հոգևոր կողմն է, իսկ բարեգործական ծրագրերը պետք էր շարունակել։ Եվ ահա Տերյան ընտանիքը համացանցով տեղեկանում է «Հերոսների վերականգնողական-քաղաք կենտրոնի մասին․ կապող օղակը՝  Քրիստինայի ընտանիքի բարեկամ Ալիսա Գևորգյանը․

«Վերականգնողական կենտրոնի հետ սերտ համագործակցում ենք ,Ալիսան այդ կապը ստեղծեց Սուրեն Արեենցի հետ։ Սկեսուրս բավականին հայրենասեր անձնավորություն է, բարեգործությամբ էր զբաղվում ու մինչ պատերազմն էլ օգնում էր այնպիսի անձանց, ովքեր իսկապես այդ օգնության կարիքը ունեին։ Երբ իմացա Սուրենի ծրագրի մասին, շատ ոգևորվեցի, որը մի հույս է, լույս է թունելի մեջ։ Սկեսուրս գտավ մարդկանց, ովքեր ավելի մեծ գումարներ կարողացան փոխանցել կենտրոնին»։  

«Հերոսների վերականգնողական քաղաք-կենտրոնի հետ  Տերյան ընտանիքի կապը բազմապրոֆիլ է, արդեն դարձել են լավ բարեկամներ։ Կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը թվարկում է այն ոլորտները, որոնց խնդիրները կարողանում են լուծել Տերյան ընտանիքի շնորհիվ․

«Քրիստինայի ընտանիքի շնորհիվ մենք կարողացանք Հացատան հետ կապված որոշակի հարցեր լուծել, կարողանում ենք ամսական ֆիքսված որոշակի աջակցություն ունենալ, որն ուղղում ենք աշխատավարձային ֆոնդին, Քրիստինայի ընտանիքի շնորհիվ տղաները կարողանում են օտար լեզուներ սովորել։ Ես միշտ ասում եմ՝ Քրիստինայի նմաններն են, որ կարողանում են սփոփել մեր խնդիրները, օրը 24 ժամ մտածել զինվորների մասին, ցավ ապրել ամեն անգամ երկրիդ մի թիզ հող կորցնելու համար»։

Օտար լեզուներ անվճար կարող են սովորել ոչ միայն կենտրոնի տղաները, այլեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ ողջ Հայաստանից։ Դեռ 2020 թ․ Տերյան ընտանիքը և Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս Հասմիկ Թորոսյանը ստեղծեցին AMVN ծրագիրը։ Անգլերենի, ռուսերենի, մարքեթինգի, ծրագրավորման, մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացների տևողությունը 3 ամիս է։ Նպատակը մեկն է՝ բարելավել հայ երիտասարդների կրթական հնարավորությունները, դառնալ  գիտելիքների փոխանակման կամուրջ Հայաստանի եւ աշխարհի երիտասարդների, բարձրակարգ մասնագետների միջև։  Քրիստինան նկատում է՝ նման ծրագրերը հայրենիքի կարոտը փարատելու միջոց են նաեւ։   

Back to top button