ԿարևորՔաղաքական

Ապաշրջափակման հարցերը՝ ՌԴ հատուկ ուշադրության առանցքում

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի շրջանակում  կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով  եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է հանդիպման մասին՝  այլ մանրամասներ  չներկայացնելով։ Բանակցային հարթակում սա թերևս  միակ ուղղությունն է, որում  կողմերն առաջընթաց են գրանցում։ Ակնհայտ է, որ տրանսպորտային քննարկումներում շահագրգռվածություն ունի նաև Ռուսաստանը։

Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը արդեն 10 նիստ է գումարել։ Վերջինը հունիսի 3–ին էր։ Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում խմբի ղեկավարները կրկին հանդիպել են, հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն, ավելի ուշ է հաղորդվել։ Թե որ փուլում են քննարկումները, փոխվարչապետերի գրասենյակները չեն մանրամասնում։ Գոհունակության առաջին արձագանքը հնչել է Ռուսաստանից՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ․ « Մի շարք հարցերով կողմերը մոտեցրել են դիրքորոշումները, քննարկումները շարունակվել են հունիսի 16–17–ին պետերբուրգյան տնտեսական համաժողովի շրջանակներում»։

Զախարովան ասում է՝ ողջունում են խմբի աշխատանքների ակտիվացումը, Ռուսաստանը կշարունակի իր պինդ աջակցությունը։ Իսկ ավելի առարկայական մեկնաբանությունների համար հորդորում է դիմել աշխատանքային խմբի համանախագահներին։  

«Ռադիոլուր»–ը հարցումով դիմել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Բացի ժամկետներից՝ ակնկալում ենք ստանալ բովանդակային հարցերի պատասխաններ։ Արդեն պատմել ենք՝ ԽՍՀՄ փլուզումից հետո չգործող երկաթգծի՝ Մեղրիի տարածքում շուրջ 8 կմ երկարությամբ ռելսերի տեղում կառուցվել են ջրագծեր։ Խնդիրը  «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  մանրամասնել էր Մեղրիի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը․  

«Մեղրիից մինչև Նռնաձոր տանող ճանապարհում կա հատված, որի տակով է ներկա պահին անցնում Մեղրիի երեք գյուղերի ինքնահոս ոռոգման խողովակը։ Եթե այդ աշխատանքները սկսվեն, այդ ջրագիծը պետք է քանդվի, և ոռոգման ջրերի հետ կապված այդ գյուղերը կունենան լուրջ խնդիրներ»։

Սա, իհարկե, բազմաթիվ խնդիրներից մեկն է, որի լուծումը պետք է գտնվի։ Բայց ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խումբը թերևս միակն է Ադրբեջանի հետ բանակցային հարթակում, որ գրանցում է ակտիվություն և որոշակի արդյունքներ։ Այս ամսվա սկզբին դա արձանագրեցին նաև Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։

Արարատ Միրզոյան․ «Որոշակի դրական տեղաշարժ ենք տեսնում տարածաշրջանային, տնտեսական, առևտրային ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով։ Անշուշտ, ասել, որ կա լիարժեք պատկերացում՝ սխալ կլինի, բայց նաև ուզում եմ ասել, որ կա դրական տեղաշարժ»։   

Սերգեյ Լավրով․ «Երկաթուղային ուղղությունները համաձայնեցված են, այժմ ավարտվում է ավտոմոբիլային ուղիների և ճանապարհային ռեժիմի հստակեցման գործընթացը։ Դա կլինի պարզեցված, բայց միանշանակ հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող»։

Ակնհայտ է, որ եռակողմ քննարկումներում վերջին շրջանում շահագրգռվածություն ունի նաև Ռուսաստանը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրները պատժամիջոցների առկայության պայմաններում պետք է արագացնեն նոր տրանսպորտային միջանցքների համար ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը։

Բացի եռակողմ աշխատանքային խմբից Սանկտ Պետերբուրգում հանդիպել են նաև Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը։ Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսել է ներկա իրողություններում ապաշրջափակման կարևորության մասին։

Ըստ վարչապետի՝ շատ կարևոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը։ Նա հույս է հայտնել, որ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով կհանգեն կոնկրետ որոշումների, քանի որ գիտեն՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: «Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն»,– ասաց Փաշինյանը։

Առաջիկա օրերին այս հարցերը առանձին կքննարկվեն նաև Ադրբեջանում։ Հունիսի 23–ին աշխատանքային այցով Բաքու է մեկնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Մարիա Զախարովայի՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու եռակողմ  3 հայտարարությունների իրականացման գործընթացին։

Back to top button