Վերնատուն

«Երկիր Նաիրի»․ հայ գրականության ամենաքաղաքական վեպը՝ նորովի․ «Վերնատուն»

Եղիշե Չարենցի 125-ամյակին՝ «Երկիր Նաիրի» վեպի ծնունդից ուղիղ 100 տարի անց, առաջին անգամ վեպը լույս է տեսել գրողի խմբագրած տարբերակով և նախորդ հրատարակությունների ուսումնասիրությամբ, ծանոթագրություններով։ Վեպի նոր հրատարակության կազմողն ու առաջաբանի հեղինակը գրականագետ, Աժ պատգամավոր Թագուհի Ղազարյանն է։

«Հայ գրականության ամենաքաղաքական վեպն է։ Քաղաքական ընթերցման պարագայում այն կարող էր ազդեցություն ունենալ քաղաքական մտքի վրա։ Դժբախտաբար, չընթերցված վեպ է», – ասում է Թագուհի Ղազարյանը։ Նա նշում է, որ Չարենցն ինքը վեպի առաջաբանում, մեջտեղում և վերջաբանում ձևակերպում է իր քաղաքական միտքը, որը «երկիրնաիրականության» և իրական Հայաստանի, իռացիոնալության և ռացիոնալության միջև քաղաքական ընտրության մասին է։

Չարենցի կենդանության օրոք վեպը տպագրվել է չորս անգամ, մահից հետո վերախմբագրվել երկու անգամ, բազմիցս վերահրատարակվել։ Գրականագետը նշում է, որ հիմնական արժեքավոր փոփոխությունը վեպի դինամիկան է։

«Կարևոր է ինքդ քեզ, քո պատմությունը, խորհրդային անցյալը, նաև՝ երկու խմբագրումների պատմությունները ճանաչելու համար», – ասում է։ «Այս գիրքն այն մասին է, որ Սովետական Միությունը ոչ միանշանակ էր և ոչ միատարր, որ խորհրդային 70 տարիներից 20-ականները մի բան էին, 50– ականները՝ այլ բան էին , 60– ականները՝ այլ ։ Գիրքը անցյալի մասին դետալային խոսելու, իմանալու, պատկերացնելու հնարավորություն է տալիս», – ասում է Թագուհ Ղազարյանը, հետո հավելում , որ վեպն ընթերցելու, Չարենցին վերընթերցելու համար հրաշալի ժամանակաշրջան է, քան որ այսօր օդում կախված բազմաթիվ հարցեր կարող են իրենց հուշումներն ունենալ հենց այս վեպում։ Վեպը հուշում է, թե «ինչպես ընթերցել սեփական ժամանակը»։ Հունիսի 27-ին՝ ժամը 19։00-ին

«Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի կունենա Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի նոր հրատարակության շնորհանդեսը։

Ցուցադրել ավելի
Back to top button