ԿարևորՀասարակություն

«Վարպետաց ժամացույց»՝ Երևանի սրտում

Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթը, որի նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը նպաստելն է, հանրային  գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքը վերականգնելն ու հեղինակությունը բարձրացնելը։  Մրցույթի արդյունքում կորոշվեն Հայաստանի լավագույն վարպետները՝ 12 ուղղություններով, որոնք կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակին և դրամական պարգևի՝ 3 մլն դրամի չափով։

Մուրճ, մանգաղ, կճուճ, սղոց, գինու գավաթ, թել ու ասեղ․ «Վարպետաց ժամացույց»-ում թվերի փոխարեն գործիքներ են։  «Վարպետների ժամանակն է» կարգախոսը կրող երկու մետր բարձրություն ունեցող փայտե ժամացույցը տեղադրվել է Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում՝ Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջև ընկած տարածքում։

Ժամացույցը երկու ամիս տեղեկատվական գործառույթ է իրականացնելու․ դրա միջոցով հնարավոր է լինելու ծանոթանալ «Հայաստանի վարպետ» մրցույթի մանրամասներին։

Մրցույթն անցկացվելու է 12 ուղղություններով՝ գինեգործ, գորգագործ, դերձակ, զարդագործ, զոդող, խոհարար, կահույքագործ, կոշկակար, հրուշակագործ, ավտոմեխանիկ, նվագարանագործ, պատշար։ Ժամացույցի վրա պատկերված են հենց  այս ուղղությունների մասնագիտական, աշխատանքային գործիքները։

«Էպակտո» ընկերության տնօրեն Յանա Զախարովա. «Մենք այնպես ենք արել, որ ժամացույցի վրա  ոչ մի արհեստական բան չլինի, քանի որ այդ էներգետիկան փոխանցվում է։ Բացի դրանից՝  այն պետք էր ձուլվեր միջավայրի հետ» ։

«Վարպետների ժամացույցը» գիշերը լուսավորելու է տարածքը։

Մրցույթի համար գործարկվել է www.varpetarmenia.am  կայքը։ Մրցույթին կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր այն վարպետներն Արցախից ու  Հայաստանից։ Առաջին փուլում նրանք պետք է առաջադրեն իրենց թեկնածությունները՝ լրացնելով կենսագրական թերթիկ ու  ներկայացնելով  իրենց գործունեության մասին  տեսաուղերձ: Բացի դրանից՝ Հայաստանի ողջ տարածքով կշրջեն աշխատանքային խմբեր, որոնք նույնպես կփնտրեն վարպետների և կգրանցեն կայքում:

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյան. «Մեզ համար կարևոր էր, որ մարդիկ զբոսնելիս այս այգում նկատեին մեր պրոյեկտի սիմվոլը։ Ժամանակի ընթացքում վարպետների գործերը շատ կարևոր են մարդկանց համար։ Իսկ 12 մասնագիտություններն ընտրվել են օնյալն քվեարկության արդյունքներով, այսինքն՝ հանրություն է որոշել»։

«Հայաստանի վարպետ» մրցույթի արդյունքները  կամփոփվեն հեռուստաշոուի ժամանակ։

Back to top button