ԿարևորՀասարակություն

Ոչ թե կոչումները հանել, այլ շնորհման մեխանիզմները խստացնել

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով փոփոխություններ են նախատեսվում «Պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» օրենքում։ Առաջարկվում է հրաժարվել ժողովրդականի եւ վաստակավորի կոչումներից՝ պահպանելով արվեստի եւ մշակույթի վաստակավոր գործչի  կոչումը: Առաջարկը բուռն քննարկումների առիթ է դարձել՝ արվեստագետներին բաժանելով կողմնակիցների ու ընդդիմախոսների։

«Կոստյու՞մն է, որ քեզ պիտի զարդարե»:

Եթե հայտնի ֆիմի հայտնի արտահայտության մեջ կոստյում բառը փոխարինենք կոչումով, կհայտնվենք այն քննարկումների կիզակետում, որոնք ծավալվում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծի շուրջ։ Առաջարկվում է «Պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքից հանել  «Ժողովրդական արտիստի», «Ժողովրդական նկարչի», «Վաստակավոր արտիստի» և «Վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները։

Վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանին  կոչումը շնորհվել է 2006 թ–ին։ Ասում է՝ այն ստացել է որպես տասնամյակների աշխատանքի գնահատական.

«52 տարի աշխատելով՝ 36-40 տարի հետո ինձ շնորհվեց այդ կոչումը։ Բայց հազար անգամ ներողություն, չվիրավորելով որևէ մեկին և անուններ չասելով, ո՞նց կարող է 4 տարի բեմում չգիտեմ ինչ արած մեկը  ստանա վաստակավորի կոչում։ Դա, կարծում եմ, աններելի է»։

Նաջարյանի դիտարկմամբ՝ կոչումները արժանապատիվ աշխատանքի գնահատական են.

«Եթե միագիծ ենք մոտենում բոլորին, այդ դեպքում շատ արվեստագետների հոգում կմեռնի Մոցարտը։ Պետք է անաչառ վերաբերմունք լինի այն արվեստագետների նկատմամբ, որոնք տվել են արժեք, արդյունք  ու դրա համար են ստանում համապատասխան կոչում։ Իսկ այս երիտասարդ արվեստագետներին խորհուրդ կտայի թողնել իրենց արժեքները, հետո նոր կոչումներ ստանալ։ Կոչում ստանալն  ու ոչինչ չանելն ուղղակի ամոթ է»։

Որպեսզի ոլորտը չհայտնվի մեկուսացված վիճակում, նախարարությունն առաջարկում է պահպանել «Արվեստի վաստակավոր գործչի» ու «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչումները։ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, որը փոփոխության նախաձեռնողներից է, կարծում է՝ «արվեստի վաստակավոր գործիչ» կոչման  մեջ ամփոփվում են եւ ժողովրդական արտիստը, եւ վաստակավորը,  նաև արվեստի ու մշակույթի բոլոր ճյուղերը։  Նրա դիտարկմամբ՝  կոչումների շնորհման գործընթացը հաճախ անհեթեթ դրսևորումներ է ունեցել․  արվեստի մարդն ինքն է ժողովրդականի կոչում պահանջել՝ հիմնավորելով  մի քանի այլ ժողովրդականների երաշխավորագրերով.

«Այս զառանցանքին, սովետական այս ռուդիմենտալ իրավիճակին պետք է վերջ տալ…Էլի եմ կրկնում` աննորմալ մի բան է, երբ մի քանի մասնագետներով նստում, որոշում ենք, թե ով է ժողովրդական արտիստ… Էս ժողովուրդը մեզ այդ մանդատը տվե՞լ է» ։

Խզմալյանի  կարծիքով՝ ոչինչ ոլորտն այնպես  չի աղավաղել ու չի շեղել մասնագիտական խնդիրներից, որքան  պատվավոր կոչումների շնորհման անտրամաբանական դարձած գործընթացը.

«Իհարկե, չենք հրաժարվում շքանշաններից, ավելին՝ սրանց չեղարկումով բարձրացնում ենք նրանց արժեքը,այսինքն՝ կտրվեն քիչ, բայց  արժանավորներին։ Ես ձեզ հրավիրում եմ իմ աշխատասենյակ մայիսի 28-ից, սեպտեմբերի 21-ից առաջ։ Ինձ մոտ մտել է մի շատ հարգելի արտիստ ու ասել, եթե ինձ ժողովրդականի կոչում  չտաք, ապա ինձ ինֆարկտ կխփի, դուրս եկավ ու ինֆակտը խփեց։ Մարդիկ հիվանդագին վերաբերմունք ունեն կոչումների հանդեպ»։

Փոխնախարարը շեշտում է՝ այդ տիտղոսներով տարիներ շարունակ քողարկել են  մասնագիտական մերկությունը․ սկսվել է  իրարանցում, անձնական թշնամանք, մրցակցություն՝  մասնագիտական  դաշտից տեղափոխվելով    տիտղոսների ու հեղինակությունների դաշտ։

ՀՀ   վաստակավոր  արտիստ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը  հակադարձում  է՝ նախարարի թվակած խնդիրները միշտ էլ կան, պատճառները  կոչումների մեջ չեն՝ ասում է.

«Մեզ ոչինչ պետք չէ, այսինքն՝ եթե մի տեղ  պետք է պղծեն, խարաբ անեն ու չգիտեմ ինչ անեն․․․․։ Դա իրենց աշխատանքից է գալիս, թող չտան այն մարդկանց, ովքեր արժանի չեն։  Չի կարող «համաշխարհային» ռաբիս երգիչը ստանա վաստակավորի կոչում։Այս ամեն ինչը կարգավորման խնդիր է, ուղղակի իրենք աշխատել չգիտեն, իրենք հանձնաժողով ստեղծել չգիտեն ու ամեն ինչ խառնել գիտեն»։

Տիգրան Ներսիսյանին վաստակավորի կոչում շնորհվել է 2004 թ–ին.

«Այդ կոչումը իմ պետության գնահատականն է,իմ հայրենիքի գնահատականն է իմ կատարած աշխատանքին»։

Նոր նախագիծը բնականաբար արդեն ժողովրդական կամ վաստակավոր արտիստներին  այդ կոչումներից չի զրկի։ Ուղղակի նրանց շարքերն այլևս չեն համալրվի։

Back to top button