Երաժշտական եռանկյունի

Շահե Քեշիշեան՝ երգչախմբային տարերք․ «Երաժշտական եռանկյունի»

Շահե Քեշիշեանին շատ դժվար է մեկ բառով ներկայացնել, քանի որ և՛ մասնագիտական, և՛ հասարակական իր գործունեությունն այնքան բազմազան է և ընդգրկուն՝ ծրագրավորում, կրթություն, մեներգ, խմբավարություն, դերասանություն, հասարակական գործունեություն, որ չնայած մեր զրույցի առանցքում նրա դիրիժորական արվեստն էր, բայց զրույցն ստացվեց շատ ավելի ընդգրկուն:

— Ծնված եմ Հալեպում (Սիրիա), բայց 2011 թվականից ինձ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, և այս պահին ընտանիքիս հետ բնակվում եմ Հայաստանում: Դուք ճիշտ նշեցիք, որ առաջին կրթությամբ ծրագրավորող եմ, ստացել եմ լավ կրթություն և հասցրել եմ աշխատել համակարգչային տպագրության հայտնի ընկերությունում: Նախասիրություններս բազմազան են եղել՝ խաղացել եմ բասկետբոլ Հայկական ՀԵԸ ակումբում (որն այն ժամանակ Սիրիայի բարձրագույն լիգայի ակումբ էր) միաժամանակ՝ Պետրոս Ադամյան թատերախմբում ներգրավված եմ եղել որպես դերասան շատ ներկայացումներում: Ընդհանրապես իմ կյանքի սիրիական ժամանակաշրջանում շատ ակտիվ էի նաև հասարակական ոլորտում օրինակ` որպես կամավոր պատասխանատու Ջինիշյան հիմնադրամի ամառային ճամբարում, նաև որպես ուրարակիր դպիր՝ Հալեպի Սուրբ Քառասնից մանկանց Մայր եկեղեցում, որպես դասատու հայ առաքելական սուրբ եկեղեցու քրիստոնեական դաստիարակության կիրակնօրյա դպրոցում, որպես հոդվածագիր՝ «Գանձասար» և «Հայացք» պարբերականներում։

-Զարմանալի է՝ ինչպե՞ս եք հասցրել այս ամենը:

-Օ… աշխատել եմ նաև որպես Խորենյան վարժարանի տնօրեն՝ Սիրիայի Թել Աբիադ գյուղում: -Ինչպե՞ս ստացվեց անցումը դեպի երաժշտություն:

-Պատանի հասակից ծառայել եմ եկեղեցում և շատ արագ յուրացրել եմ պատարագի կառուցվածքը, ծիսական կարգը և, բնականաբար, ամբողջ երաժշտական նյութը: Դա ինձ թույլ տվեց և էապէս օգնեց հետագայում աշխատել Սահակյան վարժարանում՝ որպես հոգևոր երգերի և Սուրբ պատարագի երգեցողության ուսուցիչ: Նաև Բարսեղ Կանաչյան երաժշտական դպրոցում աշխատում էի որպես երաժշտության ուսուցիչ: Շատ բեղուն էր իմ համագործակցությունը ՀԲԸՄ-ՀԵԸ-ի հետ՝ Արամ Խաչատրյան երաժշտական դպրոցի տնօրեն և ուսուցիչ էի և միաժամանակ ղեկավարում էի միության «Սպենդիարյան» երգչախումբը, իսկ որպես եկեղեցու սպասավոր եղել եմ Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դպրապետ և խմբավար: Միայն 2000 թվականին որոշեցի հայրենադարձվել և ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ օպերային դասական մեներգեցողության բաժին, որի մագիստրատուրան ավարտեցի 2005-ին: Իհարկե դրանով չավարտվեց, և զուգահեռաբար սովորեցի խմբավարական բաժնում, որն ավարտեցի 2006-ին, իսկ 2009-ին՝ նաև ասպիրանտուրան: Այդ տարիներին վերջնականապես հասկացա, որ իմ նախընտրած մասնագիտությունը դիրիժորի մասնագիտությունն է և որոշեցի ավարտի բերել իմ մասնագիտացումը՝ ընդունվելով «Օպերային և սիմֆոնիկ դիրիժորութուն» բաժին, որը և ավարտեցի 2020 թվականին: Փաստորեն Կոսերվատորիայի իմ ուսումնառությունը ընդհանուր առմամբ տևեց 20 տարի։

Շահե Քեշիշյանը և՛ Սիրիայի, և՛ հայաստանյան իր կյանքի հատվածներում մշտապես ստեղծել է բազմաթիվ երաժշտական կոլեկտիվներ, ինչպես նաև իր մասնակցությունն է բերել որպես երգիչ՝ «Սանկտուս» վոկալ դասական քառյակում:

Հիմնադրել է «Սուրբ Նորավանք», «Սիստեմա Արմենիա», «Օվսաննա», Այբ ավագ դպրոցի երգչախմբերը: 2013-ից աշխատում է Հայաստանի պետական կապելլայում, հիմնադրել է «Զանգակներ» նվագախումբը:

Հաղորդման ընթացքում հնչում են Շահե Քեշիշյանի տարբեր կատարումների ձայնագրություններ:

Back to top button