ԿարևորՀասարակություն

Կեղտաջրով ոռոգված բանջարեղեն ենք գնում ու լռում. փորձագետ

Հայաստանի բոլոր բնակավայրերի կոյուղացման համար կպահանջվի շուրջ 2,6 միլիարդ եվրո։ Լուրջ ներդրումներ չանելու դեպքում ներկա վիճակն առաջիկա տարիներին ավելի կխորանա և ավելի մեծ ներդրումներ կպահանջի։ Փորձագիտական կարծիքը կիսում են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեում։ Բնակավայրերի ինժեներական ենթակառուցվածքների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ են կապիտալ լուրջ ներդրումներ՝ նշել են կոմիտեից ու հավելել՝ քանի որ համարժեք ծավալով կապիտալ աշխատանքներ վերջին 30 տարիներին չեն իրականացվել, դրական տեղաշարժ ևս չկա։

Ջրահեռացման համակարգը Հայաստանում, մեղմ ասած, անմխիթար վիճակում է։ Կեղտաջրերի մաքրման ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է տարածաշրջանի մյուս երկրներին։ Մասնագիտական որոշ գնահատումներով՝ կեղտաջրերի շուրջ 92%-ն առանց մաքրվելու թափվում է շրջակա միջավայր, լցվում ջրանցքերը և ոռոգում դաշտերը։ Կենցաղային կեղտաջրերից առավել վտանգավոր է արտադրականը, որն առաջանում է արդյունաբերական գործունեության հետևանքով՝ նկատում է ջրամատակարարման և ջրահեռացման ինժեներ-խորհրդատու Էդուարդ Մեսրոպյանը։

«Կեղտաջուրն ազատ թափվում է գետ, քաղաքային տարածք, գյուղատնտեսական տարածք։  Բոլորը լավ գիտեն, որ գյուղատնտեսական մթերքներն էլ այսօր աճեցվում են կեղտաջրերի հաշվին՝ որպես ոռոգման ջուր։ Սա ուղղակի անթույլատրելի է ու նաև սննդի իանվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվի նաև գյուղատնտեսությունները»։

Առհասարակ ցանկացած օբյեկտ շահագործման հանձնելիս հատուկ ուշադրություն է դարձվում ջրահեռացման համակարգին, մինչդեռ մեզանում ճիշտ հակառակն է՝ բոլոր ենթակառուցվածքները ստուգվում են՝ բացի դրանից։

«Բոլոր պատկան մարմինները  իրենց ծանրակշիռ մասն ունեն այս խնդրի չլուծման մեջ։ Առողջապահությունն իր հերթին, շրջակա միջավայրը՝ իր , տարածքայինը՝ իր և այլն։ Գոյություն ունի տույժի, տուգանքի չափ, ըստ որի` եթե կեղտաջուրը չես մաքրում, այսքան տուգանք պետք է վճարես։ Տուգանքը նշանակված է այն չափի, որ ցանկացած տնտեսվարողի ավելի ձեռնտու է վճարել տուգանքը, քան կառուցել մաքրման կայան»։

Ահազանգը բոլորին է ուղղված` առողջապահությունից մինչև բնապահպանություն և գյուղատնտեսություն,  սննդի անվտանգությունից մինչև կոմունալ ծառայություն։ Այս բոլոր գերատեսչություններում էլ խնդրին ծանոթ են, բայց, ասում են,  լուծումը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում։  Խնդիրը մասամբ լուծելու համար Երևանի «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի տարածքում դեռ  2015-2016թթ․-ին կառուցվեց կեղտաջրերի մեխանիկական մաքրման նոր կայան։ Կայանի կառուցումն արժեցավ 10.5 մլն եվրո, բայց այն չի գործում։

«Մի բան է կառուցելը, մեկ այլ բան՝ կառուցածը պահպանելը։ Եթե համակարգը կառուցվում է և չի սպասարկվում, չի խնամվում, չի պահպանվում, այդ բոլոր գումարները կարճ ժամանակ անց փոշիանում են»։

Սայլը տեղից շարժելու համար նախևառաջ հանրային պահանջ է պետք։  Ապրելակերպի նոր որակ պետք է պահանջի հասարակությունն ինքը։ Փորձագետը վստահ է՝ միայն այդ ժամանակ գործուն քայլեր կկատարվեն։

«Այ, եթե մենք դուրս գանք ու ասենք, որ չենք ուզում, որ Հրազդանի կեղտաջրով  մեր գյուղատնտեսական հողերը ոռոգվեն, որ շուկայում այդ կեղտաջրով ոռոգված  լոլիկը, բիբարը, սմբուկը կամ կանաչեղենը վաճառվի, հնարավոր է հասնենք արդյունքի։ Մենք պարզապես սուսուփուս ընդունում ենք և գնում ենք շուկայից ապրանք, որը ջրվել է կեղտաջրով»։

Զրուցակիցս չի հերքում՝ աշխատանքը մեծածավալ է։ Անգամ ուսումնասիրել և գնահատել են այն։ Նախնական հաշվարկներով Հայաստանի բոլոր բնակավայրերի կեղտաջրերի հեռացման ու մաքրման համար կպահանջվի շուրջ 2,5 միլիարդ եվրոյին համարժեք ներդրում: Փորձագիտական կարծիքը կիսում են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեում։ Հաստատում են՝ Հայաստանի մի շարք բնակավայրերում ջրահեռացման և  հատկապես կեղտաջրերի մաքրման ծառայությունների որակն անբավարար է: Գյուղական բնակավայրերում այդ ծառայությունները հիմնականում չեն մատուցվում՝ համակարգերի բացակայության պատճառով: Այս իրավիճակն առաջացնում է առողջապահական և բնապահպանական լուրջ խնդիրներ։

«Քաղաքներում իրավիճակն անհամեմատ լավ է, բնակչության շուրջ 95%-ն ունի կոյուղու համակարգերից օգտվելու հնարավորություն: Սակայն այդ համակարգերի զգալի մասը գտնվում է տեխնիկապես անբավարար վիճակում»:

Ջրային կոմիտեում խնդրի լուծման ուղիներ են փնտրում դեռ 2003 թվականից։ Նշում են, որ բնակավայրերի ինժեներական ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ են մեծածավալ կապիտալ  ներդրումներ, բայց քանի որ վերջին 30 տարիներին համարժեք աշխատանքներ չեն իրականացվել, դրական տեղաշարժ չկա։ Պետական ներդրումները հիմնականում ուղղվել են խմելու ջրի համակարգերին։

Ներդրումներ, այո, անհրաժեշտ են, հավաստիացնում է Էդուարդ Մեսրոպյանը և հավելում՝ լուրջ ներդրումների բացակայության դեպքում ներկա վիճակն առաջիկա տարիներին ավելի կխորանա և ավելի շատ ներդրումներ կպահանջի։ Որպես խնդրի լուծում փորձագետն առաջարկում  է առաջնորդվել «Այսօր մաքրել այնքան, որքան կարող ենք» կարգախոսով։

Back to top button