Կյանքին ասել այո՛

«Եթե չորս վայրկյան էլ թևս չկոտրեի, արդեն հաղթում էի»․ Սասուն Դանիելյան․ «Կյանքին ասել այո՛»

Պայմանագրային զինծառայող Սասուն Դանիելյանը 44-օրյա պատերազմի օրերին ծառայությունն իրականացնում էր «Եղնիկներ» զորամասում՝ լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի հրամանատարության ներքո։

Հոկտեմբերի 28-ին ականանետի պայթյունից ծանր վիրավորվել է։ Պատմում է․ «Վիրավորվելուց հետո կողքից տեսա, որ աջ ոտքս չկա, կարծում էի՝ ձախը կա, բայց․․․»։

Ստեփանակերտի հոսպիտալում լսել էր համագյուղացի ծանոթ բուժքույրերի խոսակցությունը՝ ասենք, որ ոտքերը չկան։ Իսկ ինքն արդեն լսել ու հասկացել էր՝ կյանքը շարունակելու է առանց ոտքերի։ Սասունը վերականգնողական շրջան է անցել ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմում գործող «Հայ հերոսների վերականգողական կենտրոնում»։ Կենտրոն մտավ ձեռնափայտերով, որոնք թողեց մեկ շաբաթ անց։

Վերականգնողական փուլը արագ հաղթահարելուց հետո է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգիս Ստեփանյանի առաջարկությամբ սկսեց զբաղվել նաև ակտիվ սպորտով։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունում գրանցած հաղթանակից հետո Սասունը մասնակցում էր 2022-ի մայիսի 7-14-ը Ռումինիայի մայրաքաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը։

Ի դեպ, այս առաջնությանը մասնակցող 13 հայ մարզիկները վերադարձան տասնմեկ ոսկե, հինգ արծաթե ու ու վեց բրոնզե մեդալներով։ Սասունն էլ անպայման կվերադառնար մեդալով, եթե չկոտրեր թևը։ Ասում է՝ եթե չորս վայրկյան էլ թևս չկոտրեի, արդեն հաղթում էի։ Բայց չի հանձնվում․ տհաճ պատահարը լավ դաս է հետագա հաղթանակների համար։

Սասուն Դանիելյանը ծնվել է 1992 թվականին Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում։ 2012 թվականից աշխատել է որպես պայմանագրային զինծառայող։

Back to top button