ԿարևորՀասարակություն

Վանաձորի «պատմական» ֆինանսավորման շանսը. գնդակն ավագանու տիրույթում է

Վանաձորում հանրային քննարկման դրված 3 սուբվենցիոն ծրագրերի նախագծերը բուռն ու հակասական քննարկումների թեմա են դարձել, որոնք բյուջեից լուրջ,  որոշ ձևակերպումներով՝ «պատմական» հատկացումներ են ենթադրում։ Խնդիրը, սակայն, ավագանու տիրույթում է: Մինչ վանաձորցիների շրջանում բուռն ոգևորություն են առաջացրել ֆինանսական հնարավոր հատկացումներն ու քաղաքի զարգացման հեռանկարը, ավագանու ընդդիմադիր թևը, ի պաշտպանություն խմբակցության ղեկավար Մամիկոն Ասլանյանի, հայտարարել է նիստերը բոյկոտելու մասին։

Փողոցների հիմնանորոգման պատկառելի ցանկ, համայնքային տեխնիկայի ձեռքբերում, մարզական ու կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգում՝ Վանաձորում հանրային քննարկման դրված սուբվենցիոն նախագծերն են՝ բավական «ծանրակշիռ» բյուջեով, որ բուռն քննարկումների տեղիք են տվել։ Այս ու մյուս հարցերի հաստատումը, սակայն, ավագանուց է կախված: Հիշեցնենք՝ երբ մայիսի 13-իորոշմամբ Փաշինյանը Վանաձորի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտելու է նիստերը։

Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը հարցը 2 տեսանկյունից է դիտարկում՝ քաղաքական ու քաղաքացիական: Ասլանյանն, ասում է, քիչ հայտնի քաղաքական ուժի հետ դաշինք ձևավորեց, մանիպուլացրեց ընտրողին ու ՏԻՄ ընտրություններին ամենաշատ քվեները հավաքեց: «Մամիկոն Ասլանյան դաշինքի և «Հայրենիք» կուսակցության խմբակցություններն ընտրություներին ասում էին՝ քաղաքականություն են մտել, որովհետև սիրում են Վանաձորը, քաղաքին ծառայելու են գալիս:

Այժմ ծառայելու ժամանակն է՝ քվորում ապահովելով ավագանու նիստին՝ ասում  է լրագրող Նարինե Ավետիսյանը:

«Հիմա եկել է պահը, քաղաքը զարգանալու փոքր-ինչ հնարավորություն ունի, և իրենցից է կախված քաղաքի զարգացումը: Իրենք ընդամենը պիտի մասնակցեն ավագանու նիստին, քվորում ապահովեն»:

2,5 մլրդ.դրամի հատկացումը պատմական է, և պատահական չէ Վանաձոր համայնքի տնտեսական զարգացման և բարեկարգման համար, գնահատել է պետք՝ ասում է Վանաձորի նախկին ավագանու անդամ Կարեն Ադամյանը: Կարծում է, որ ՏԻՄ ընտրությունների քաղաքականացումն  ու կուսակցականացումը կոպիտ սխալ էին։

«Ավագանու բոլոր այն նիստերին, որոնք կարևորագույն են եղել համայնքի համար, չնայած իմ մշտական ընդիմադիր հայացքներին, միշտ կողմ եմ քվեարկել: Համայնքի շահերը բարձր են միջանձնային հարաբերություններից և շահերից, ավագանին նախ քաղաքացի է, նիստին կողմ քվեարկեք»:

Քաղհասարակության ներկայացուցիչները նկատում են՝ Վանաձորում հասարակական ճնշում է ձևավորվում՝ ստիպելու ավագանուն մի կողմ դնել քաղաքական անհամաձայնություններն ու գործել ի շահ Վանաձորի, սա համարում են բացառիկ հնարավորություն՝ քաղաքի «շունչը տեղը բերելու»:

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է՝ եթե ավագանին նիստ  չգումարի, մի ողջ խոշորացված համայնքի բնակավայրեր կզրկվեն զարգացման ծրագրերից: Ասլանյան դաշինքը  պետք է խելամիտ գտնվի, ներկայանա նիստին՝ քվորում ապահովելու համար՝ ասում է իրավապաշտպանը։

«Սուբվենցիոն ծրագիրը կամ իրականացվելու է կամ ոչ: Խոսքը 2,5 մլրդ դրամի մասին է: Եթե «Մամիկոն Ասլանյան» դաշինք և «Հայրենիք» խմբակցությունները չմասնակցեն, սա քաղաքական առումով կլինի իրենց տապալումը: Համայնքի բնակչությունը չի ների նրանց նման բացթողումը: Իրենք կարող են պարզապես պատվիրակ ներկայացնել, մասնակցեն, չքվեարկեն, բայց քվորում ապահովելու նպատակով եկել են»:

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ խմբակցության դիրքորոշման մասին առաջիկայում կհայտարարեն։

«Որոշում ունի խմբակցությունը, բայց էդ որոշումը հայտարարությամբ կհրապարակվի: Համայնքի ղեկավարի թեկնածուն իր դիրքորոշումը հայտնել է իրավիճակի վերաբերյալ»:

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն էլ «Ռադիոլուրին» փոխանցեց՝ դեռ չեն ծանուցվել ավագանու արտահերթ նիստի օրվա ու օրակարգի մասին: «Ապրելու երկիր»-ը ևս չի ծանուցվել: Կծանոթանան, կորոշեն մասնակցել-չմասնակցելը՝ ասում է խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը:

«Կհասկանանք՝ ֆեյսբուքյան հայտարարությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, օրակարգում ինչ հարց կա, ինչ է սպասվում, այդուհանդերձ, որոշում կկայացնենք»:

Հիշեցնենք՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը կես տարի է կալանքի տակ է՝ պաշտոնեական լիազորությունների չարահաշման և կեղծիքի մեղադրանքով: Ասլանյանի գործով 1-ին դատական նիստին նրան ազատ արձակելու՝  պաշտպանների միջնորդությունը դատարանը մերժել էր։ Հունիսի 22-ին Ասլանյանի 2-րդ դատական նիստն է, 1 օր անց՝ հունիսի 23-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստն է հրավիրված:

Ցուցադրել ավելի
Back to top button