Բնական ընտրություն

«Մեդուզայի ականջ»․ ինչպե՞ս են որոշ կենդանիներ կանխատեսում փոթորիկը․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Ականջ, որը լսում է փոթորկի ձայնը»

Նավաբեկությունները կանխելու, կյանքեր փրկելու համար մարդկությունը կարիք ուներ կանխատեսելու մոտալուտ փոթորիկն ու ձեռնարկելու համապատասխան քայլեր։ Մինչ մարդկությունը համապատասխան սարքեր ստեղծելու փորձեր էր անում, պարզվեց՝ իդեալական նախատիպը հենց ջրում է․ մեդուզաներն ունեն քիմիական զգացողության, հավասարակշռության օրգաններ, լուսազգայուն աչիկներ և օժտված են մի հատկությամբ, որով նրանք ընկալում են ջրի տատանումներից առաջացած ձայները։ Այդ հատկության շնորհիվ գիտնականներին հաջողվել է ստեղծել հատուկ սարք՝ «մեդուզայի ականջ», որը 15 ժամ առաջ կարող է որոշել փոթորիկի ալեկոծության մոտենալը։ Իմ զրուցակից ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը պատմում է․

«Մարդկությունը որոշեց փոթորիկների դեմ պայքարել դրանք կանխատեսելով և դրանց դեմ պատրաստվելով։ Առաջին ուսումնասիրությունները արել է ռուս ֆիզիկոս Շուլյակինը, որն իր հետազոտական խմբի հետ դուրս էր եկել բաց ծով՝ ուսումնասիրությունների։ Խմբի օդերևութաբան Բերեցկին թթվածնով լցված փուչիկը մոտեցնում է ականջին և ծակող ցավ է զգում, իսկ փուչիկը 10 սմ-ով հեռացնելու դեպքում ցավն անհետանում է»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Ռուս գիտնականն այս փորձն իրականացնում է նաև լոբորատոր պայմաններում, որտեղ այն ուղղակի որևէ արդյունք չի տալիս․ Լիլիթ Եգանյան․

«Ալիքային կայան է մեկնում Շուլյակինը և այստեղ հաջողվում է ստանալ զգացողությունը, բայց ցավը նույնը չէր։ Շուլյակինը պարզեց, որ ցավն առաջանում է ինֆրաձայնային ալիքների տատանման արդյունքում, իսկ բաց ծովում, կախված փոթորկի ծածկման տարածությունից, այդ ինֆրաձայնային տատնումները տարածվում, հասնում էին տվյալ վայրեր»,-ասում է ֆիզիկոսը։

Փոթորիկը սկսվելուց մի քանի ժամ առաջ, ինչպես ասում են, երկրագնդի միակ անմահ օրգանիզմը կարողանում է լսել այն, մեդուզան տեղաշարժվում է հրթիռանման շարժումներով և ջուրը դուրս է մղում հովանոցի գոգավորությունից և շարժվում հակառակ ուղղությամբ` շատ արագ հեռանալով այն վայրից, որտեղ փոթորիկն ամենից շատ վնասներ պետք է հասցնի․

«Գիտնականները բացահայտեցին և հետագայում բիոնիկայի ոլորտում ուսումնասիրությունները պարզեցին, որ մեդուզան կարողանում է լսել ինֆրաձայնային ալիքների տատանումները և կանխատեսում է փոթորկի առաջացումը, ընդ որում մի քանի տասնյակ ժամ առաջ են կարողանում դա անել, մեդուզաներն ունեն ինֆրաականջ, մեդուզաների հավասարակշռության օրգանն է, զգում են ինֆրաալիքների տատանումները»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Գլուխ 2

«Մեդուզայի» ականջը՝ կետերին բնորոշ հատկություն»

Ուսումնասիրելով փոթորիկը լսող կենդանիներին` մարդկությունը կարողացավ ստեղծել փոթորիկ կանխատեսող սարքեր, որոնք հատկապես օգտակար են սուզանավերի կամ առհասարակ նավերի տեղաշարժի ժամանակ։ Պարզվում է, միայն մեդուզաների այսպես ասած «ականջը» չէ, որ կարողանում է լսել փոթորիկը, այդ ունակությամբ են օժտված նաև կետերը։ Իմ զրուցակիցը բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանն է․

«Ոչ միայն մեդուզաների, այլև կետերի մոտ է առկա փոթորիկը կանխազգալու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ մոտալուտ փոթորիկը լսելու հատկությունը։ Մարդը սարքերի միջոցով 1-2 ժամ առաջ կարող է կանխատեսել, կետերի մոտ էլ է մոտավորապես նույնը, և նրանց դա լրիվ բավարար է, նրանք հեռանում են ափերից, որպեսզի կանխեն ջրից դուրս ընկնելու հավանականությունը»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։ 

Մարդկության ստեղծած սարքերը, սակայն, այնքան ճշգրիտ չեն կանխատեսում փոթորիկը, որքան դա կարողանում են անել կետերն ու մեդուզաները։ Արդյունքում, արձակված կեղծ ազդանշանները շփոթության մեջ են գցում կետերին ու մեդուզաներին և դրա արդյունքում կենդանիները հայտնվում են ափերին․Բագրատ Բաղդասարյան․

«Շատ կետեր ու մեդուզաներ այնուամենայնիվ հայտնվում են ափերում փոթորկի արդյուքնում, այստեղ պատճառը ոչ ուղղակի է՝ մարդու ներգործության մասին է խոսքը, սուզանավերում տեղադրված է խոլոկացիոն սարքեր, որոնք ևս փոթորիկ կանխատեսելու համար են, հաճախ սխալվում են և ապակողմնորոշում նաև ջրային ֆաունայի ներկայացուցիչներին և նրանցից շատերը սխալ քայլերի են դիմում և արդյունքում դուրս գալիս ափ»,-ասում է բիոինժեները։

Ցուցադրել ավելի
Back to top button