ԿարևորՔաղաքական

Ռուսական 3-րդ ներկայությունը տարածաշրջանում․ չզեկուցված որոշման հետքերով

Ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանում ընդլայնվում է։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է կառավարության հունիսի 17-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում։

Թե ինչ ներկայացվածությամբ, հայտնի չէ, բայց հայտնի է, որ ռուսական երկրորդ ռազմաբան Հայաստանում կտեղակայվի Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Հայաստանի կառավարությունը որոշումը կայացրել է, բայց պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները դեռ պետք է մշակեն համապատասխան միջպետական համաձայնագիր, որը ստորագրումից հետո պետք է վավերացվի խորհրդարանում։

Կառավարության պաշտոնական կայքում հասանելի են այն  որոշումը, տեղեկանքը և ամփոփաթերթը, որոնց հիման վրա գործադիրը որոշել է նոր տարածք տրամադրել Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա հիմնելու համար։ Հարցը կառավարության նիստի օրակարգում էր, բայց՝ չզեկուցվողների շարքում։ Կառավարության կայքում հասանելի փաստաթղթերում, սակայն, որևէ տեղեկություն չկա, թե ասենք՝ ինչ մակերեսով տարածք է Տավուշի մարզի Բերդ քաղաքում տրամադրվում ռազմաբազայի համար կամ որքան զինվորական է այնտեղ տեղակայվելու։ Ժամկետները նույնպես հայտնի չեն։ Քաղաքագետ Սարո Սարոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում չափազանցված է համարում երկրորդ ռազմաբազա ձևակերպումը։

«Չեմ կարծում, որ դա այնպիսի ռազմաբազա է լինելու, ինչպիսին 102-րդ ռազմաբազան է։ Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ինչ-որ մեծ կենտրոն է ռուսական խաղաղապահության համար կառուցվելու։ «Երկրորդ ռազմաբազա»  ձևակերպումը փոքր-ինչ չափազանցված է»։

Թեև կառավարությունը որոշումը կայացրել է մի քանի օր առաջ, բայց Բերդի բնակիչներն ավելի վաղ՝ դեռ մեկ ամիս առաջ են  ականատես եղել շինարարական աշխատանքներին, տեսել ռուսների անցուդարձը։  

Թեև քաղաքագետ Սարո Սարոյանը կասկածում է, որ ծավալների առումով ռուսներին տրվող տարածքը ռազմաբազա կարելի է անվանել, բայց փաստաթուղթն ինքնին «խոսուն» է։ ՊՆ հիմնավորման մեջ ներկայացված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրված արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին։ Նոր փոփոխությունների նպատակը ներկայացված է փաստաթղթերի «Հիմնավորում» բաժնում։ Մեջբերում․

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի և ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի հասցեներում տեղ գտած փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ու գործառնման նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում և ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմում և իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերում»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ կառավարությանը ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի մի քանի կետերից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն,  հայ-ռուսական ռազմավարական գործակցություն, ղարաբաղյան հիմնախնդիր, զինված ուժերի բարեփոխումներ։ Դրա ստորագրումը հնարավորություն կստեղծի խթանել ՀՀ կառավարության ծրագրի՝ վերոնշյալ կետերով սահմանված դրույթների իրագործումը՝ նշվում է փաստաթղթում։

«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»։

Ըստ փաստաթղթերի՝ կողմերի միջև պայմանավորվածությունները ձեռք են բերվել 44-օրյա պատերազմից առաջ։ Քաղաքագետ Սարո Սարոյանի համոզմամբ, սակայն,  որոշման քաղաքական ենթատեքստն ակնհայտ է։

«Այդ սահմանը պահվել է հայ զինվորի կողմից, ու որևէ խնդիր չի եղել, մինչև հիմա էլ չկա։ Այսինքն՝ հայկական բանակի այն ստորաբաժանումները, որ այնտեղ են, իրենք իրենց առջև դրված խնդիրները նորմալ լուծում են, և հարց է ծագում՝ բա ինչի՞ են այնտեղ ռուսական ինչ-որ ստորաբաժանում փորձում տեղավորել։ Սա արդեն կապված է քաղաքական մտադրությունների հետ։ Այդտեղ այս պահի դրությամբ միայն մեկ խնդիր կարող է ակտուալ լինել։ Խոսքն «Անվախ» դիրքի մասին է, երբ 2020 թվականի հուլիսին որոշակի մարտեր տեղի ունեցան,  հայկական կողմը մեկնաբանեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված հարց է և դիրք է վերցվել ադրբեջանցիներից»։

Լարվածության տեսանկյունից Տավուշի ուղղությունը համեմատելի չէ Սյունիքի հետ, բայց այդ ուղղությամբ կան չլուծված խնդիրներ և «անկլավների» մասին անընդհատ շրջանառվող խոսակցություններ։ Սա է պատճառը, որ քաղաքագետը զգուշավորության կոչ է անում և հորդորում չմոռանալ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արցախյան Փառուխի դեպքերը, որոնց  մինչ հանգուցալուծված չեն։

Ռուս քաղաքագետների համար ակնհայտ է այլ միտում՝  Ռուսաստանն ամրապնդվում է տարածաշրջանում։ Նրանք խոսում են անվտանգային խնդիրների մասին։ Քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը շեշտը դնում է Հայաստանի անվտանգության ապահովման վրա և այդ գործում կարևորում է հենց ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը։

«Գյումրիում ռուսական ռազմաբազան կապահովի Հայաստանի անվտանգությունը նույնիսկ խաղաղության պայմանագրերի ստորագրումից հետո։ Առանց անվտանգության երաշխավորության Հայաստանը կվերածվի տարանցիկ հանգույցի»,-կարծում է ռուս քաղաքագետը՝ հավելելով, որ բարդ է ասել, թե Ռուսաստանի ներկայությունն Արցախում կարճատև կլինի։

Այս փուլում  կարելի է փաստել, որ Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդվում է 3 ուղղությամբ՝ խաղաղապահություն Արցախում, ռազմական ներկայություն հայ-թուրքական սահմանիֆ Գյումրիի հատվածում և այժմ արդեն՝ հայ-ադրբեջանական շփման գծի տավուշյան գոտում։  

Back to top button