Վերնատուն

Պոլսում Զահրատի գործը շարունակողներ այլևս չկան․ «Վերնատուն»

Պոլսի «Ակոս» շաբաթաթերթի մշակութային բաժնի խմբագիր Վարդան Էստուկյանը 5 տարի է վարում է «Ակոսի» մշակութային էջերը։

Պատմում է՝ ինչպիսին է մշակությանի կյանքը Պոլսում, ինչ դժվարություններ ու խնդիրներ կան և ինչի մասին են շատ հաճախ գրում։

Ասում` «Ակոսը» բաց է ամեն տեսակ մշակութային նյութերի համար, «սակայն լավ կառավարության օրոք չենք, և բոլոր խնդիրներն անդրադառնում են նաև մշակութային կյանքի վրա»։ Վերջին շրջանի նյութերն ավելի շատ անդրադառնում են արգելված ու չեղարկված համերգներին, ցուցահանդեսներին ու միջոցառումներին։ Գրաքննություն շատ կա՝ ասում է Էստուկյանը։

«Օրինակ քրդերեն թատրոնի ներկայացումն արգելվեց, առանց պատճառի, և վերջին րոպեին, դրանից առաջ Գերմանիայում բնակվող դերսիմցի քուրդ երգչուհու համերգն արգելվեց, Իսպանիայում բնակվող հայ ջութակահար Արամ Մալիքյանի համերգը նույնպես չեղարկվեց, նա բազմիցս համերգներ է ունեցել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում։ Արգելվում են նաև կանաց հետ կապված ու նրանց իրավունքի մասին բարձրաձայնող միջոցառումները։ Արվեստը և մշակույթը առանց քաղաքականության հնարավոր չէ»,– ասում է Էստուկյանը, հավելելով, որ «ապաքաղաքական մշակույթ կամ արվեստ անկարելի է, քանի որ արվեստն ինքնին դիմադրություն է»։

Վարդան Էստուկյանն ասում է, որ իրեն հետաքրքրող արվեստն արդեն քաղաքական է․ այդ արվեստը կարող է խոսել կառավարության դեմ կամ կլիմայական փոփոխությունների մասին, բարձրաձայնել տեղական կամ համաշխարհային խնդիրների մասին, որն էլի կապված է քաղաքականության հետ։

«Եթե արվեստագետը խոսք է ասում, ուրեմն անպայման քաղաքական հայացք պետք է ունենա, կյանքը ինքնին քաղաքականություն է։ Որպես պոլսահայ ամեն տեղ ես դժվարություն ունեմ։ Թուրքիայում ապրող հայերն ավելի շատ են ուշադրության կենտրոնում, մանավանդ, եթե հայը քաղաքականության մասին է խոսում կամ գրում, ավելի հեշտ է հարձակման ենթարկվում», – ասում է Էստուկյանը։

Խոսելով հայ արվեստագետների՝ Պոլսում կարևոր դերի մասին՝ նշում է, որ տաղանդավոր մարդկանց, արվեստագետների արտագաղթը շատ է, և հայերեն գրողներ էլ գրեթե չկան։ «Զահրատի գործը շարունակողներ չկան, հայերենը Պոլիսի մեջ հետզհետե մեռնում է, բայց կարևոր է, որ Պոլիսի մեջ հայերեն գրքեր տպվեն, մշակույթի շարունակականության համար, եթե նույնիսկ չկարողանաս կարդալ, կարևոր է, որ հայերեն գիրքը գրադարանումդ ունենաս», – ասում է Վարդան Էստուկյանը։

Back to top button