ԿարևորՀասարակություն

Ատելության խոսքը չի նպաստում խաղաղության օրակարգին․ հայ պատգամավորը ԵԽԽՎ-ում՝  Բաքվի քարոզչության մասին

Մեկնարկել է ԵԽԽՎ  ամառային նստաշրջանը, որին հայկական պատվիրակությունը մասնակցում է  ողջ կազմով։ Սա այս տարի  ընդդիմադիրների առաջին մասնակցությունն է վեհաժողովի աշխատանքներին։ Դեռ երկրորդ նստաշրջանի ավարտին  խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր միջազգային կազմակերպությունների ԱԺ պատվիրակությունների կազմերից իր ներկայացուցիչների դուրս գալու մասին։ Որոշումն արդեն  փոխվել է։  Ընդդիմադիրներից Ստրասբուրգ են գնացել Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը: ՔՊ–ից  Ստրասբուրգում են  Ռուբեն Ռուբինյանը, նա հայկական պատվիրակության ղեկավարն է, նաև՝ Վլադիմիր Վարդանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը և Արուսյակ Ջուլհակյանը։

Հունիսի 20-ին մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանն առանձնահատուկ  է Հայաստանի պատվիրակության համար, քանի որ միջազգային կառույցներում  աշխատանքը կասեցրած ընդդիմադիրները  դադարեցրել են  է բոյկոտը և վերադարձել պատվիրակություն ։ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն առաջին անգամ են մասնակցում ԵԽԽՎ նիստերին։ Այս հանգամանքը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարեւորեց ՔՊ պատգամավոր, ԵԽԽՎ-ում  հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը։

«ՀՀ պատվիրակությունը ողջ կազմով Ստրասբուրգում է։ Առաջին անգամ է, որ ընդդիմադիր պատգամավորները ողջ կազմով մասնակցում են նիստերին։ Այսօրվա նիստում գրանցված հարցերի շրջանակում թե ընդդիմադիր եւ թե իշխանական պատգամավորները գրանցվել են։ Օրակարգում անվտանգային հարցեր են, նաեւ ռասիզմի ու ատելության խոսքի տարածման դեմ պայքարին վերաբերող հարցեր»։

Նիստերի օրակարգով նախատեսված ազատ քննարկման շրջանակում հայ պատվիրակը  պատրաստվում է խոսել հարեւան երկրի ռասիզմի դրսեւորումների ու դրա հետեւանքների մասին։

«Պատրաստվում եմ խոսել այն մասին, թե ինչպես են որոշ ուժեր իրենց երկրի ներսում ատելության խոսքը դարձնում քաղաքական քարոզարշավի մաս  եւ այնպիսի ատելության մթնոլորտ են գեներացնում այլ երկրների նկատմամբ, որ բարդ է դառնում ժողովուրդների միջեւ համակեցության կանոնների հաստատումը։ Ատելության խոսքի այսպիսի տարածումը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության օրակարգին։ Քաղաքական ուժերը պետք է հիշեն, որ քարոզարշավից զատ գոյություն ունի հետագա շրջան, որի ընթացքում իրենք հայտնվում են իրենց իսկ լարած թակարդում, քանի որ այնպիսի ատելության խոսք են սերմանում հայ ժողովրդի նկատմամբ, որ չեն կարողանում սպասարկել խաղաղության օրակարգ ու հայտնվում են իրենց լարած թակարդում»։    

ԵԽԽՎ օրակարգով  հունիսի 23-ին նախատեսված է «Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը՝ սպառնալիք եվրոպական կայունությանը» թեմայով քննարկում, որի ընթացքում ևս հայ պատգամավորները պատրաստվում են ելույթներ ունենալ։

Back to top button