ԿարևորՄշակույթ

Նոր շնչով՝ նոր երազանքի հետևից․ Արցախի ջազ-նվագախումբ

Արցախի 17-ամյա պետական ջազ նվագախումբը, որոշ խնդիրներ հաղթահարելուց հետո, այս հունվարից նոր մոտեցումներով, նոր գաղափարներով, նոր ոճով ու կիսանոր կազմով սկսել է ակտիվ աշխատանքները։ Նվագախմբի նոր տնօրենն է երաժիշտ, շեփորահար, կոմպոզիտոր Տիգրան Սուչյանը։ Խումբը վերսկսել է գործել գրեթե զրոյից, համալրվել երիտասարդ տաղանդավոր կատարողներով։ Այժմ պատրաստվում է մենահամերգի՝ հունիսին Ստեփանակերտում։ 

 «Գալիս եմ Երևան՝ Ստեփանակերտն եմ կարոտում, գալիս եմ Ստեփանակերտ՝ Երևանն եմ կարոտում։ Դեռ չեմ կողմնորոշվում՝ ավելի շատ որտեղ եմ ուզում ապրել»։

Զրուցակիցս երաժիշտ, շեփորահար, կոմպոզիտոր Տիգրան Սուչյանն է։ Տիգրանը Արցախի պետական ջազ նվագախումբի տնօրենն է ։ Խոստովանում է՝սկզբում, երբ առաջարկեցին ստանձնել նվագախմբի ղեկավարումը, վախ կար,մտածում էր՝ չի ստացվի, մեծ նվագախմբեր ղեկավարելու փորձ չուներ։ Բայց ընկերները թույլ չտվեցին այդ կերպ գործել։  

«Մեծ պատասխանտվություն ու կամք էր պահանջվում, բայց ընկերներս ինձ գոտեպնդեցին, որ ես ամեն ինչ կարող եմ անել, ու ինձ մոտ հաստատ լավ կստացվի»,-ասում է Տիգրանը։

Ճանապարհը երկար էր, բարդ, հիմա արդեն՝ սովորական, ու  ինչպես Երևանում  վեր կկենար, կգնար աշխատանքի, նույն ձևով էլ վեր է կենում, նստում  մեքենան ու գալիս Արցախ, որտեղ իրեն սպասում են։

Պատերազմից առաջ Արցախ պարբերաբար այցելել է, բայց  ոչ համերգներով։ Եվ ահա պատերազմի օրերին Երևանում «Նեքսուս» արվեստի կենտրոնում հավաքվել էին Արցախից տեղահանված երաժշտական հասատությունների  երեխաներ։ Տնօրեն Աննա Միքայելյանը ասել էր՝ երեխաները որոշ ժամանակ պիտի էստեղ ապրեն:

«Նրանց մեջ շեփորահար էլ կար Շուշիից, ինձ առաջարկեցին նրա հետ զբաղվել, ես էլ սիրով համաձայնեցի: Հետո պարզվեց՝ երեխեք կան, որ նաև երգում են: Նրանց հետ շփումը, իսկապես, բուժեց բոլորիս։ Որոշեցինք խումբ կազմել, անունն էլ՝ «Արցախիկներ»։

«Արցախիկների» երազանքն էր պատերազմից հետո Արցախում համերգ տալ։ Բայց պետք էր ամեն ինչին մոտենալ զգուշորեն, որպեսզի մարդիկ ճիշտ հասկանային։  Խոստովանում է՝ սկզբում վախենում էին հանրությանը ներկայանալ, գուցե ասեին՝ հայրենիք ենք կորցրել, իսկ դուք նվագում եք: «Ես էլ ասում էի՝ եթե չնվագենք, այդ ժամանակ հայրենիք կկորցնենք»,-ասում է Տիգրանը: Ի վերջո՝ ընկերների  հետ գնացին «Արցախիկների» երազանքի հետևից։

«Հանդիպեցինք Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի տնօրենի հետ, առաջին անգամ որոշեցինք համերգներ ունենալ հենց դպրոցում։ Իսկ հետո սկսվեց մի հետաքրքիր ու էմոցիաներով լի շրջագայություն ամբողջ Արցախում՝ Մարտունի,Մարտակերտ, Մաղավուզ, Ասկերան Ստեփանակերտ, Աղավնո և այլն։ Որոշեցինք, որ ամեն անգամ նոր տեղերում պետք է համերգներ ունենանք։ Այդ համերգներին ներգրավեցինք նաև պրոֆեսիոնալ երաժիշտներ Նորայր Քարտաշյանին, Գրիգոր Դավթյանին, Կարեն Մամիկոյանին։ Հասկացանք, որ նման համերգները շատ անհրաժեշտ են, ու սա էլ մշակութային քաղաքականություն է»։

Տիգրանը համաձայն չէ, թե «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկայով»․Արցախում այլ է։

«Ես անձամբ զբաղվում եմ քաղաքականթյամբ, քանի որ ժամանակին պատմություն էի ուսումնասիրում, նույնիսկ ուզում էի սովորել «Միջազգային հարաբերություններ» բաժնում։ Իհարկե, վերջում երաժշտությունը հաղթեց։ Արցախում մշակութային ծրագրեր ավելի շատ են պետք, քանի որ մարդկանց մոտ հույս է արթնանում, ու մարդիկ ավելի ամուր են կպչում իրենց հողին։»

Տիգրանը հիշում է Հախվերդյանի երգի հայտնի խոսքերը՝ «Եղիր հեզ, բանող եզ և վարիր այս ամբողջ սևահողը»։ Ուզենք, չուզենք՝ մեջն ենք, հետաքրքվում ենք՝ ասում է։

«Այնպիսի տպավորություն է, որ մենք չենք կարող փոխել ինչ-որ բան, բայց այդպես չէ։ Կարող ենք փոխել, կախված նրանից, թե ինչքան միասնական ենք։ Իսկ ճիշտ մարդկանց ճիշտ էներգիայի ուղորդումով ահագին բան է  փոխում, որին ես հավատում եմ»։

Վերադառնալով Արցախի ջազ-նվագախմբին՝ Տիգրանն ասում է՝ հունիսի 22-ին  տարեկան հաշվետու համերգն է, նոր խոսք են ասելու ու ամեն ինչ անելու են, որ համերգը լինի շատ հիշարժան։

Համերգային փուլն այսքանով չի սահմանափակվելու։ Հուլիսի 18-31-ին Արցախում մշակութային միջոցառումների շարք է սպասվում։

«ԱՄՆ-ում ապրող ընկերներիս, բարեկամներիս հետ «Վան Արմենիայի» ու «Վալեքս Գարդենի» աջակցությամբ՝ միասին կազմակերպելու ենք վարպետաց դասեր երաժշտական տարբեր ոլորտներում՝ էստրադայինից մինչև ժողովրդական։ Այդ օրերին միաձուլվելու են արվեստի բոլոր ճյուղերն, ու դա նմանվելու է «Երաժշտական ճամբարի»։ Վարպետաց դասեր անցկացնելու են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը։

Տիգրանը շտապում է փարատել երևանյան հանդիսատեսի անհանգստությունը։

«Ինձ սկզբում առաջարկեցին մնալ Արցախում, բայց ֆիզիկապես չեմ կարող, քանի որ Երևանում էլ Dialog Music Project-ով ենք պարբերաբար համերգներ ունենում։

Արցախի ջազ-նվագախումբն այսօր դարձել է կապող օղակ Հայաստանի ու Արցախի երաժիշտների միջև՝ նկատում է Տիգրան Սուչյանը։

Back to top button