ԿարևորՔաղաքական

Արցախյան խնդրում կարևոր է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը․ Հայաստանի նախագահը՝ Պուտինին

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայաստանի նախագահը Ռուսաստանում էր մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։ Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպել է իր ռուս պաշտոնակցի հետ ու բարձր գնահատել 44-օրյա պատերազմը դադարեցնելուն ուղղված Պուտինի ջանքերը։ Նախօրեին էլ Վահագն Խաչատուրյանը հանդիպել էր Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ, ծանոթացրել ղարաբաղյան խնդրի լուծման հայկական պատկերացումներին։

Ոչ միայն գործընկեր, այլև ռազմավարական դաշնակից՝ Հայաստանի հետ հարաբերություններն այսպես է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իր հայ գործընկերոջ՝ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը վճռական է զարգացնելու երկկողմ  գործընկերային հարաբերությունները, շահագրգռված  է, որ Հայաստանում իրավիճակը կայուն լինի։

«Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենքզարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում»։

Հայաստանի նախագահն ի պատասխան  նշել է, որ հայ ժողովուրդը «գնահատում է Պուտինի ջանքերը՝  ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը» և կարևորում է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։

«Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն»։

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ ավելորդ է դրանք բնութագրել, քանի գործակցությունը ոչ թե բարեկամական , այլ եղբայրական է։ 

«Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են, կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերություններն այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել»։

Նախօրեին էլ Վահագն Խաչատրյանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացրել ղարաբաղյան խնդրի լուծման հայկական պատկերացումներին։

Նա տեղեկացրել էր, որ հայկական օրակարգում ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցն է։ Հայ բնակչությունը պետք է ապրի Արցախում, և հայկական կողմը գնալու է  լուծման այդ ճանապարհով՝ հստակեցրել էր Հայաստանի նախագահը։ «ՌԴ բանակն այժմ այնտեղ է, և դա լավագույն երաշխիքն է, իսկ ինչ երաշխիք է տալիս Ադրջեջանը, պարզ չէ»,- ասել  էր Վահագն Խաչատուրյանը։

«Ղարաբաղի կարգավիճակի հիմնական նպատակն այն էր, որ անվտանգության գոտին, որ կար ժամանակին, պետք է փաստաթղթերով քաղաքական անվտանգության ձևակերպում ստանար։  1994 թվականից մինչև 2020 թվականը չլուծվեց այդ հարցը, և Ադրբեջանն իր լուծման ձևը գտավ։  Այս իրավիճակում կարևոր է մեզ համար, և դա ընկալելի է բոլորի համար, այդ թվում և Ռուսաստանի համար, երբ, մենք օրակարգում դնում ենք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների ապրելու և անվտանգության իրավունքի հարցը։ Սրանից ելնելով՝ մենք կարող ենք քննարկել արդեն կարգավիճակի հարցը։ Մեր գնահատականը միանշանակ է, որ սա ամենաճիշտ ճանապարհն է, և երբ հանդիպում էի ՌԴ ԱԳՆ Լավրովի հետ, նա  ասաց, որ  համամիտ է այս դիրքորոշմանը։ Ի միջի այլոց, այդ տեսակետին համաձայն է նաև ԼՂ ղեկավարությունը»։

Ադրբեջանն  ուզում է կապ հաստատելՆախիջևանի հետ, ու ըստ Վահագն Խաչատուրյանի՝ Հայաստանն այս հարցում առարկություններ չունի, ընդհակառակը՝ ունի  ճանապարհային տարբերակներ։ Այս ամենով հանդերձ միջանցքի մասին խոսք լինել չի կարող՝ պարզաբանել էր Հայաստանի նախագահը։

Back to top button