ԿարևորՀասարակություն

«Քարտով գնումներ անելու համար պետք է քարտից օգտվել կարողանամ». մարզերում ոգևորված չեն հետվճարային բոնուսներով 

Հուլիսի 1-ից քարտով կենսաթոշակ ու նպաստ ստացողներն անկանխիկ գնումների դեպքում կստանան 10 % հետվճար: Կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր հաջորդ ամիս պետական սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողները մինչև 5000 դրամ ավելի կստանան: Հետվճարը կհաշվարկվի նախորդ ամսվա անկանխիկ գնումների հանրագումարից: Ծրագիրը մարզաբնակ շահառուներին այնքան չի ոգևորել:

40 տարվա մանկավարժ Արմանուշ Գրիգորյանը մանկավարժական ստաժով թոշակառու է: Որդու ընտանիքի  հետ Վանաձորում է ապրում: Թոշակը քարտով է ստանում, բայց ոչ անձամբ: Լսել է հետվճարային բոնուսների մասին: Կարծում է, որ հատկապես մարզերում այն ժամանակավրեպ է: Իր փաստարկներն է բերում. ենթադրենք, թոշակառուն կամ նպաստառուն  գյուղում են ապրում, որտեղի՞ց են քարտով գնումներ անելու: Անգամ մարզկենտրոն Վանաձորում է քիչ հավանական, որ թոշակ ու նպաստ ստացողը անկանխիկ գնումներ անի, ուր  մնաց՝ թե  գյուղում:

Արմանուշ Գրիգորյան կենսաթոշակառու․«Ինձ թվում է՝  ոչ բոլոր թոշակառուներին է հասու: Իմ թոշակը  հիմնականում իմ զավակներն են ստանում: Ես շատ չեմ մասնակցում առևտրին, այդ պատճառով ինձ համար այդքան էլ պրակտիկ չէ, որ իմ  թոշակով անկանխիկ առևտուր կատարվի: Վանաձորում այնքան էլ շատ չեն սուպերմարկետները, որ թոշակառուն քարտով գնումներ անի: Գուցե մայրաքաղաքում այո, բայց մարզերում ներդնելու համար  դեռ վաղ է, կենսաթոշակառուները կդժվարանան»:

Շահումյան գյուղից  70-ն անց մեկ այլ թոշակառու, չձայնագրվելու և անունը չհրապարակելու պայմանով, մտահոգություններով է կիսվում: « 32.000 դրամ է թոշակս, որից շուրջ 20.000-ը վարկ եմ տալիս, ո՞նց եք պատկերացնում, մնացած 12.000-ով որտեղի՞ց և ի՞նչ կարող եմ անկանխիկ գնել: Ձեթ, հաց, շաքարավազ, մակարոնեղենը նիսյա եմ վերցնում մոտակա խանութից»,- նեղսրտում է տարեց քաղաքացին ու շարունակում,-«պետությունը, որ մի բան որոշում է, պատկերացնո՞ւմ է, թե մարդիկ դրանից ոնց են օգտվելու»:

2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող  քաղաքացիները, որոնք առևտրի կետերում և ծառայությունների դիմաց վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կանեն, կատարած գործարքների հանրագումարից հաջորդ ամիս 10%-ի չափով հետվճար կստանան, որը չի գերազանցի 5.000 դրամը։ Կենսաթոշակների և դրան հավասարեցված վճարումների անկանխիկ համակարգին անցնելու գործընթացը, որ մեկնարկել էր 2021-ից, նախատեսվում է ավարտին հասցնել 2024-ին: 2023 թ.-ի հունվարի 1-ից վճարումների քարտային համակարգը կներդրվի 1000 և ավելի,  2024-ի հունվարի 1-ից  էլ՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում,- ասում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը:

«Այս պահին հանրապետությունում  կենսաթոշակ ստանում է ավելի քան 560.000 մարդ, բանկերի միջոցով՝ գրեթե 390.000-ը: Լոռու մարզում բանկերից օգտվում է շուրջ 31.900 քաղաքացի, 903-ն օգտվում է բանկից: Ընտանեկան և սոցիալական  նպաստառուների թիվը 80.000 է, իրենք ևս կարող են ստանալ անկանխիկ եղանակով, իրենց ցանկությամբ, այս պահին 1400 քաղաքացի նպաստ է ստանում անկանխիկ եղանակով»:

Ակնկալվում է, որ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը գործընթացի փաստացի շահառու կդառնան և նվազագույնը 3 ամիս անընդմեջ նախատեսված հետվճար կստանան  քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80 %-ը։

Արտերկրի առաջավոր փորձը տեղայնացնելուց առաջ, լավ կլիներ վերևներում ուսումնասիրեին թոշակ-նպաստ ստացողների քանի՞ տոկոսն է տիրապետում քարտից ու բանկոմատից օգտվելու կանոններին, ինքնուրույն կարո՞ղ է քարտով գործարքներ անել,- ասում է Զարուհի Ավագյանը Լոռու ,մարզից: Մայրիկի հետ նույն հարկի տակ են բնակվում: Թոշակն ընտանեկան բյուջեին է գումարվում: Մայրիկի թոշակն ինքն է կանխիկացնում, իսկ ի՞նչ անեն այն տարեցները, որոնք միայնակ են՝ հարցնում է:

Զարուհի Ավագյան․«Ես կարծում եմ՝ երբ եվրոպական կամ զարգացած փորձ է բերվում, նախ պետք է պայմաններ ստեղծվենՕրինակ՝ միայնակ թոշակառուների դեպքում: Երբ դու կանխիկացնում ես ու քո գումարը քո ձեռքում է լինում , դու կարողանում ես ճիշտ տնօրինել գումարդ, բայց երբ քարտային գնումներ ես անում, ամսվա կեսին էդ մարդը կկորցնի հաշիվը թե ծախս արեց, ինչ գնեց, ինչքան գումար մնաց քարտի վրա: Արդյո՞ք թոշակառուին հասանելի է դա իհարկե ոչ: Մենք շատ հարցերում թոշակառուին նաև զրկանքների ու փորձությունների ենք ենթարկում»:

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակիչը, անանուն մնալու պայմանով, ասում է, որ գործը թոշակ-նպաստ ստացողների հետ է: «Ոչ բոլորն են նպաստը քարտով ստանում, անկանխիկի փոխարեն գյուղի խանութում ապառիկների մեծ ցուցակ ունեն»,- ասում է։

«Բնակչության մեծ մասն  ապառիկ առևտրի վրա է ավելի շատ, չեն կարողանում թեկուզ քաղաքներից առևտուր անել, փորձում են կանխիկացնել քարտի գումարը ու համայնքներում առևտուր անել»:

Այս փոփոխությունը, ինչպես գործադիրում են վստահեցնում, նպատակ ունի զարգացնել գումարը քարտի վրա պահելու մշակույթը՝ որպես  ավելի ապահով  ու անվտանգ տարբերակ, բացի դրանից ՝ խոստանում են  տվյալները Կենտրոնական բանկի հետ վերլուծելով հասկանալ,  թե  կենսաթոշակառուները հատկապես ինչ ծախսեր են անում: Ինչպե՞ս են գործընթացի պատասխանատուները պատկերացնում մարզերում ու հեռավոր գյուղերում անկանխիկ գործարքների հեռանկարը ու ինչո՞ւ է պետությունն ուզում ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ մարդկանց ծախսերից․ սոցապնախարարությունից ասում են՝ խնդիրը ՊԵԿ-ի տիրույթում է, ՊԵԿՆ էլ թե՝  Կենտրոնական բանկի:

ԿԲ-ի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, չմասնավորեցնելով, նկատում է.

«Կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների կողմից անկանխիկ վճարումների ընդունման տեսանկյունից ոչ միայն պետական կառավարման, այլև բիզնեսների, ֆինանսական կազմակերպությունների կողմից պատրաստվել են պոստ տերմինալների սերտիֆիկացման նախնական աշխատանքները, և, ըստ էության, ֆինանսական կազմակերպությունները պատրաստ են այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք իրենց մոտ պոստ տերմինալներ ունենան, ակտիվացնել իրենց ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարումների ընդունումը»:

Հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում, երբ կլինեն կապի կամ տեխնիկական խափանումներ, կգործեն սահմանված իրավակարգավորումները

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանց․ «Ինչ վերաբերում է տեխնիկական պատճառներին, օրինակ, սարքի խափանման դեպքում ունենք սահմանված կարգ, թե ինչ է արվում: Եթե խոսքը պոստ տերմինալի մասին է, այն 2 օրում փոխարինվում է, և այստեղ և ոչ մի պատասխանատվության միջոց չի կիրառվում, եթե խոսքը ՀԴՄ-ի մասին է, 3-ժամում պետք է տեղեկացվի դրա մասին, 24 ժամում այն վերանորոգվի»: 

Կանխիկի շրջանառության կրճատումը կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է, որի մասին դեռ հունիսի 2-ի նիստին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրել, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքով բնակարանների և ավտոմեքենաների առուվաճառքկանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել:

Հուլիսի 1-ից մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ եղանակով։ Պահանջը վերաբերում է նաև կրթական ու բժշկական հաստատություններին, որոնք հուլիսի 1-ից Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի ողջ տարածքում մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունելու են բացառապես անկանխիկ։

Back to top button