ԿարևորՀասարակություն

Վայրկյանից ավելի քան 1 միլիարդ անգամ փոքր․ Ֆիզիկայի ինստիտուտը բացառիկ «ժամացույց» ունի

Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտում եզակի, իր տեսակի մեջ բացառիկ սարք ունեն` ժամանակի ճշգրիտ չափման մեխանիզմ ։ Եթե մեզ հայտնի ժամանակի չափման սարքերը հնարավորություն են տալիս վայրկյանի ճշտությամբ չափել մեր օրն ու գործողությունների ընթացքը, ապա այս սարքն, այսպես ասած, բնության մեջ առկա ամենափոքր ու ամենաարագ  շարժվող մասնիկների, օրինակ՝ լույսի ֆոտոնների ժամացույցն է։ Սարքի միջոցով հնարավոր է միանգամից մի քանի ոլորտում նոր որակ ու առաջընթաց գրանցել․ բժշկությունից՝ քաղցկեղի կանխարգելումից ու բուժումից մինչև էներգետիկա ու արևային վահանակներ։  

Եթե դուք կարծում եք, որ ձեր ձեռքի անսխալ աշխատող ժամացույցը բավական է, որ վայրկյանների ճշտությամբ չափեք օրվա ընթացքը և պլանավորեք ձեր գործողությունները, ապա թույլ տվեք ասել՝ սխալվում եք։ Գիտնականներն են ասում ու բացատրում՝ կա սարք, «ժամացույց», որի չափման միավորը 1012 աստիճան անգամ ավելի փոքր է, քան վայրկյանը։ Սա պատկերացնել գրեթե անհնար է։ Այս սարքը, այլ կերպ ասած, բնության մեջ հայտնի ամենափոքր մասնիկներից մի քանիսի՝ ֆոտոնների և էլեկտրոնների ժամացույցն է։

Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտում բացատրում են՝ ժամանակի չափումն առհասարակ գիտության մեջ ամենակարևոր գործընթացներից է, ինչքան ճիշտ կչափեք նույնիսկ ամենափոքր մասնիկների շարժի ժամանակը, այնքան ճշգրիտ կլինի գիտությունը՝ ասում է Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վանիկ Կակոյանը։

«Դուք գիտեք, որ ֆոտոններն ու էլեկտրոնները շատ մեծ արագություն ունեն և ժամանակակից սարքավորումներով կամ առավել ևս ժամացույցով հնարավոր չէ դրանք տարբերակել, նրանք միաժամանակ կթվան մեզ։ Իսկ այս սարքավորումը հնարավորություն է տալիս երկու հաջորդական էլեկտրոնների միջև եղած ժամանակը չափել պիկովայրկյանների տիրույթում։ Մեր սարքը հնարավորություն է տալիս չափել նրանց 10 պիկովայրկյան ճշտությամբ»։

Այս յուրահատուկ ժամանակի ճշգրիտ չափման սարքը ֆիզիկայի ինստիտուտում հպարտանալու առիթ է։ Մասնագետները դրա պատրաստման վրա շուրջ 20 տարի և ավելի քան կես միլիոն դոլար են ծախսել, ֆինանսավորման մեծ մասը ստացել միջազգային դրամաշնորհներից։ Ֆիզիկայի ինստիտուտում վստահեցնում են՝ արդեն կարող են մտածել նաև սարքը ու դրա տված հնարավորությունները կիրառական դաշտ՝ արդյունաբերություն բերելու մասին․ ոլորտներն էլ տարբեր են՝ բժշկությունից մինչև էներգետիկա։

Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վանիկ Կակոյան

«Սա իհարկե պրակտիկ նշանակություն ունի և գիտափորձերում և կիրառական ոլորտներում, օրինակ բժշկության մեջ՝ մասնավորապես տոմոգրաֆներում, ինչը հնարավորություն կտա ավելի քիչ ռադիացիա ստանալով ավելի ճիշտ տեղորոշել քաղցկեղի բջիջները, կանխարգելել ու բուժել քաղցկեղը»,– ասում է Կակոյանը։

Հիմա ինստիտուտում աշխատում են մի ծրագրի վրա, որը հնարավորություն կտա նաև այս սարքի արդյունքներն օգտագործել էներգետիկայի, մասնավորապես,արևային վահանակների արդյունավետությունը բարձրացնելու համար։

Առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ամուր Մարգարյան

«Հիմա, օրինակ, կան արևային վահանակներ, իսկ դրանց արդյունավետությունը կարող են բարձրացնել օրինակ նանոստրուկտուրաները, բայց դրանք պետք է լավագույնս ուսումնասիրվեն, այ այս սարքը շատ հարմար է դա ուսումնասիրելու համար, որ ճշգրիտ գտնվեն այն նանոստրուկտուրաները, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել»,–մանրամասնում է առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ամուր Մարգարյանը։

Ոլորտային աշխարհագրությունն այսքանով չի ավարտվում։ Կոկյանն ասում է՝ սարքի հնարավորությունները կիրառելի են գիտական ամենատարբեր ոլորտներում ու գիտափորձերում։ Ստացված արդյունքներով ինստիտուտում չեն բավարարվել, հիմա սարքը քանդել են, փորձում են դետալ առ դետալ կատարելագործել և ժամանակը տրոհել շատ ավելի մանր, միավորների ու չափել անչափելի թվացողը։

Back to top button