ԿարևորՄշակույթ

«Ոսկե ծիրանի» կազմկոմիտեն կինոտոն է խոստանում

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կկայանա հուլիսի 10-17-ը, գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Փառատոնը հարգանքի տուրք կմատուցի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, նաև՝ Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը հուլիսի 10-ին է Արամ Խաչատրյան համերգասրահում։ 

«Ոսկե ծիրան» –ի կազմկոմիտեն կինոտոն է խոստանում։ Միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյան․

«Այսպիսի փառատոն վաղուց չենք ունեցել, այսքան լավ ֆիլմեր, այսպիսի լավ ռեժիսորներ, այսպիսի լավ պրոդյուսերներ ու այսպիսի մեծ ու լուրջ ծրագիր»։

Երեւանի քաղաքապետարանը ռեսուրսները միավորել է ԿԳՄՍ նախարարության հետ փառատոնը հավուր պատշաճի անցկացնելու համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյան․

«Հույս  ունենք, որ  «Ոսկե ծիրանը» կվերականգնի իր երբեմնի ծավալները, որոնք կային համավարակից առաջ»։

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը նկատում է՝  իրենց միասնությունը խոսում է փառատոնի՝ անսակարկելի մշակութային արժեք լինելու միասնական գիտակցության մասին․

Press conference dedicated to the 19th Golden Apricot International Film Festival at Grand Hotel Yerevan

«Բոլորս ունենք միահամուռ գիտակցություն,  որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ավելին է, քան փառատոնը, վաղուց չի պատկանում որեւէ ինստիտուցիայի կամ անձանց, անկախությունից ի վեր եզակի մշակութային իրադարձություններից մեկն է, որը պետք է անսակարկելի մշակութային արժեք եւ ձեռքբերում համարվի Հայաստանի համար»:

Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։ Տարբեր ծրագրերի ընթացքում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ։ Կազմակերպիչներն ասում են՝ բովանդակային առումով պահել են նշաձողը։ Հայտնի  հյուրերի պակաս ևս չի լինի։Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը,  մասնավորապես, նշում է   ժյուրիի նախագահ Թերի Ջորջի անունը։

«Փառատոնը կբացվի  ամերիկահայ Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, որ նկարահանվել է Հայաստանում։ Փակումը Կարին Հովհաննիսյանի  «Չտեսնված հանրապետություն»  ֆիլմով է՝ արցախյան 44-օրյա պատերազմի մասին։

«Այս տարի կինոփառատոնում հայկական ֆիլմերը  շատ ընդգծված են։ Փորձում ենք հայկական կինոն բերել մրցակցային դաշտ։ Որքանով այդ ֆիլմերը մրցունակ կլիեն, արդեն մեր ուժերի տիրույթում չէ։ Գնահատականը կտա միջազգային ժյուրին։ Բայց այն ջանքերը, որ ներդրել ենք, որպեսզի հայկական կինոն հայտնվի մրցույթային կազմում, դա համարում ենք մեր գործառույթներից մեկը»,–ասում է  Կարեն Ավետիսյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այս տարի կինոցուցադրությունների ու միջոցառումների մեծ մասը կանցկացվի վերանորոգված ու տեխնիկապես վերազինված Կինոյի տանը, որն էլ կդառնա փառատոնային կենտրոն։

Փառատոնը հարգանքի տուրք կմատուցի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ 

Back to top button