Հասարակություն

Հանուն դատաիրավական համակարգի նոր «իմիջի»․ նոր ծրագիր՝ «վեթինգի» փոխարեն

2018–ից հետո ծրագրված «վեթինգը» դատաիրավական ոլորտում, այդպես էլ չկիրառվեց այնպես, ինչպես հասարակությունն էր պատկերացնում։ Դատաիրավական ոլորտի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխելու և վստահությունը բարձրացնելու համար ձեռնարկվեցին տարբեր քայլեր, սակայն համակարգից դժգոհությունները չեն նվազում։

Դատական իշխանությունն էլ դժգոհում է լրատվամիջոցներից․ դատավորները կարծում են ՝ պատկերն  ամբողջությամբ ու օբյեկտիվ չի ներկայացվում։

Դատական համակարգի «վարկանիշը » բարելավելու նպատակով նոր ծրագիր է մեկնարկում, որի ֆինանսավորումն իրականացնելու է Շվեդիայի կառավարությունը։ Պիլոտային ծրագրի համար ընտրվել է երկու դատարան՝ Երևանում և Վանաձորում։  

Եթե պատկերավոր ասենք, դատաիրավական համակարգն իրեն տեսնում է հայելու մեջ, բայց չի ճանաչում։ Տվյալ դեպքում որպես «հայելի» դիտարկվում է լրատվությունը, որի միջոցով էլ հասարակությունն է ճանաչում համակարգը։ Մինչդեռ 2021 թվականի ընթացքում ընդհանուր իրավասաության դատարաններում ընդհանուր առմամբ քննված շուրջ 300 հազար գործերից լրատվամիջոցներն անդրադարձել են մի քանի տասնյակին։ Առանձնացվել են հանրային հնչեղություն ունեցող գործերը։ Խեղաթյուրված պատկերից դժգոհում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը․

«Այսինքն՝ դատարանում քննված գործերի ընդամենը 0,001%–ի գործերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Շատ դեպքերում նաև ոչ ճիշտ տեղեկատվությունը հասարակության մեջ ձևավորում է դատարանների գործունեության վերաբերյալ ոչ ճիշտ կարծիք։ Դատական նիստից հետո լրատվական միջոցներում տեսնում ենք հրապարակումներ և  ինքներս ենք զարմանում՝ ախր, նման բան չի եղել, ինչի՞ մասին են գրում։ Լրատվական միջոցներով ընդամենը մի քանի տասնյակ գործերի մասին են հրապարակումները, այն էլ շատ դեպքերում՝ դատավարության մասնակիցներից որևէ մեկի կողմից «պատվիրված» հրապարակումներ»։

Դատական իշխանության նկատմամբ վստահության պակասի մասին Հայաստանում խոսել են բոլոր իշխանությունները՝ հեղափոխությունից առաջ և հետո։ 2018–ի փոփոխություններից առաջ ԵՄ «Արդարության մոնիտորինգ» ծրագրի զեկույցի համաձայն՝ Հայաստանում դատարանի նկատմամբ անվստահության մակարդակը ` 60%, գրեթե կրկնակի գերազանցում էր վստահության ցուցանիշին՝ 34%։

Հեղափոխությունից հետո չիրականացված «վեթինգի» պատճառով դեռևս արդիական է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնման հարցը։  Բոլոր շրջանների ընդդիմադիրները մշտապես կասկածի տակ են դրել համակարգի անկախությունը։ Բացառություն չէ նաև ներկան։ Հանրային ամենահնչեղ քրեական գործերից մեկով Ռոբերտ Քոչարյանի նախկին փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է․

«Այն պահից, երբ դատական իշխանությունը վերածվում է ոչ թե անկախ մի մարմնի, այլ՝ օրվա իշխանությունների, գործադիր իշխանության կամքը սպասարկող մի մարմնի, մենք ունենում ենք նահանջ ժողովրդավարությունից։ Այդ խնդիրը նախկինում էլ է եղել։ Մենք դատական համակարգի վերաբերյալ եթե ընդհանուր գնահատական տանք, դա այն է, որ դատական համակարգը էվոլյուցիոն ճանապարհով զարգացել է, բայց բավարար չի զարգացել։ Օրվա իշխանությունները ունեի՞ն հնարավորություն, որ դատական իշխանությունն իսկապես կայանար․ այո։ Դատական համակարգի իրական անկախությունն ապահովելն առաջինը պետք է բոլոր այն դատավորներին, որոնք նախկինից մինչ ներկա պաշտոնավարում են դատական համակարգում»։

Դատական համակարգի բարեփոխումների նոր փուլ է սկսվում ԲԴԽ նախաձեռնությամբ և Շվեդիայի կառավարության հետ համագործակցությամբ։ Մեկնարկն արդեն տրվել է, առաջին փուլի համար պիլոտային երկու դատարան է ընտրվել՝  ընդհանուր իրավասության դատարաններ Երևանում և Վանաձորում։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինասավորելու է Շվեդիայի կառավարությունը։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի կարծիքով՝ կարևոր ծրագիր է, բայց ավելի կարևոր է, որ կրկին սխալ չհասկանն․

«Մեր բարեփոխումների ողջ ընթացքում պետք է շատ զգուշորեն գործենք, որպեսզի մեր կատարած ոչ մի փոփոխություն հանկարծ չընկալվի, որ դա միջամտություն է կամ ինչ–որ ներգործություն, որի նպատակը այլ է, քան բարեփոխումը»։   

Նոր ծրագրի նպատակը դատավորների և դատարանների աշխատանքի օբյեկտիվ  պատկերն ու դրան համարժեք ընկալումն ապահովելն է։ Շվեդական երկամյա ծրագրի հիմնական ուղղություններն են դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկության բարձրացումը, դատավարության կողմերի և այլոց հետ դատավորների հաղորդակցության կարողությունների զարգացումը և ամենակարևորվողը՝ ԶԼՄ–ների հետ հաղորդակցության համար դատավորների կարողությունների զարգացումը։ Ծրագիրը նպաստելու է դատական համակարգի վարկանիշի բարձրացմանը՝  համոզված է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը․

«Գաղտնիք չէ, որ այսօր դատական իշխանության առջև ծառացած են մի շարք խնդիրներ, և դրանք հաղթահարելու ուղղությամբ ԲԴԽ–ն բավական ջանքեր է գործադրում։ Դատարաններն այսօր աշխատում են գերծանրաբեռնված։ Սակայն դրան զուգահեռ միակողմանի և թերի տեղեկատվության հետևանքով ստվերվում է այն ահռելի ծանր և պատասխանտու աշխատանքը, որն այսօր կատարում են դատարաններն ու դատավորները։ Մեզ համար կենսական նշանակություն ունի դատավորի խոսքը հասարակության լայն շերտերին հասցնելու այս հնարավորությունը»։

Դատաիրավական ոլորտին  առնչվող մեկ այլ փոփոխություն նախատեսվում է սեպտեմբերին, բայց թեմայի քննարկումներն արդեն սկսվել են։  Ավարտվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների ժամկետը։ Արդեն հայտնի է, որ իշխանությունը նրա փոխարեն առաջադրելու է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այդ նպատակով առաջին հանդիպումը խորհրդարանական մեծամասնության հետ արդեն կայացել է։ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ համոզմունք ունեն, որ առաջադրել են լավագույն թեկնածուին, որը լիարժեքորեն համապատասխանում է առաջադրվող պահանջներին։

Back to top button