Վերնատուն

Լյուդվիգների հավաքածուն և հայ արվեստի «բեռլինյան պատը»․ «Վերնատուն»

Անցյալ տարվա աշնանը Բեռլինի հանրահայտ, համաշխարհային ժամանակակից արվեստը ներկայացնող Մարտին Գրոպիուս Բաու թանգարանում կողք–կողքի ներկայացվել են երկու իրարից խիստ տարբեր հայ արվեստագետների՝ Սարգիս Մուրադյանի և Արման Գրիգորյանի գործերը։

Ցուցահանդեսին անդրադարձել է «Նյու Յորք Թայմս» թերթը, որտեղ ժամանակակից արվեստի աստղերի կողքին նշվում է նաև Արման Գրիգորյանի անունը։ Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը EVN առցանց հարթակում օրերս անդրադարձել է արվեստի այս իրադարձությանը։ Լիլիթ Սարգսյանը ցուցահանդեսը գնահատում է որպես մեր օրերի հեղափոխական նախագիծ, որը կոչված էր արմատախիլ անելու կապիտալիստական ու սոցիալիստական բլոկների արվեստների մինչ օրս կարծրատիպային մոտեցումները։

Բեռլինյան ցուցահանդեսը կազմված էր Պետեր և Իռենե Լյուդվիգ ամուսինների հավաքածույից՝ վերնագրված «Պաղ և սառը: ԱՄՆ և ԽՍՀՄ արվեստը 1960-1990. Լյուդվիգների հավաքածու»։

Լիլիթ Սարգսյանն ասում է, որ հավաքածուն ձևավորվել է Սառը պատերազմի տարիներին, որի հիմքում ամուսինները դրեցին կարծրատիպի քայքայման գաղափարը՝ համադրելով բևեռայնորեն տարբեր՝ պոպ–արտն ու սոցռեալիզմը։

«Լյուդվիգ ամուսիններն առաջին քայլն արեցին դեպի սոցիալիստական երկրների ոչ միայն պաշտոնական, այլ նաև ընդհատակյա, ավանգարդային արվեստը և այն բերեցին արևմտյան թանգարանային ոլորտ։ Դա գլոբալ կուրատորական նախագիծ էր», – ասում է Լիլիթ Սարգսյանը։

Ինչպե՞ս Սարգիս Մուրադյանի ու Արման Գրիգորյանի գործերը հայտնվեցին Լյուդվիգների հավաքածուում։ Պետեր Լյուդվիգը կատալոգում պատմում է, թե ինչպես էր համագործակցում խորհրդային չինովնիկների հետ, ինչ դժվարություններ էր հաղթահարում, ինչպես էին նրան աջակցում։ Լյուդվիգներն երկու անգամ՝ 70 –ականներին և 80– ականներին այցելել են Հայաստան։ Նրանց հավաքածուում ընդգրկված են 11 հայ արվեստագետների գործեր։

«Սոցռեալիզմը ճանաչելու, հասկանալու և վերաիմաստավորելու խնդիր ունենք։ 20–րդ դարի երկրորդ կեսը խորքային և համալիր ուսումնասիրություն գրեթե չի արվել և ստացվում է՝ մեր ոչ հեռավոր անցյալը լավ չենք ճանաչում։ Անկախության հետ մեկտեղ մեզանում իսպառ մերժվեց խորհրդայինը։ Մեր այսօրվա իրականությունն ավելի սթափ տեսնելու համար շատ կարևոր են 70–80 –ականները», –ասում է Լիլիթ Սարգսյանը։

Back to top button