ԿարևորՀասարակություն

Պոլիկլինիկայի հերթում՝ տանը նստած, նշանակումն ու դեղատոմսը՝ հավելվածով․ «Արմեդ»-ի նոր կարգավորումները

2020 թվականից մայրաքաղաքի մի շարք ամբուլատոր-պոլիկլինիկական hաստատություններում քաղաքացիները հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով: Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում շուտով կավելանան նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ոչ միայն օգտվել բուժծառայություններից, այլև վերահսկել անձնական տվյալների էջը։

Պոլիկլինիկաներում ամենից շատ նյարդայնացնող հերթերը, որոնք սկսվում են առաջին հարկից և շարունակվում բժիշկի սենյակի մոտ, նաև տարատեսակ փաստաթղթեր լրացնելը շուտով կմնան անցյալում։ Երևանում 2017 թվականից ներդրված էլեկտրոնային առողջապահությունը ոչ միայն բուժծառայությունների հասանելիությունն է բարելավում, այլև մարդկանց  ժամանակն է խնայում։  Բժիշկի մոտ հերթագրվելու համար այլևս պոլիկլինիկա գնալու կամ բժիշկին զանգելու կարիք չի լինի։ Համապատասխան բջջային հավելվածում ձեր հերթագրումը կկատարվի վայրկյանների ընթացքում։ Տեղեկատվական  թվային բազան պացիենտներին հուշում է նաև ճիշտ քայլերի հերթականությունը՝ խնայելով նյարդերն ու ժամանակը։ Համակարգն արդեն հասանելի է Երևանի բոլոր պոլիկլինիկաներում՝ հավաստիացնում է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը.

«Հարթակը կարող եք օգտագործել ինչպես հավելվածի միջոցով, այնպես էլ համակարգչով՝ ընտրելով ձեր բժիշկին, օրը, ժամը։ Նախօրոք ձեր փաստաթղթերը պատրաստ կլինեն, և այլևս կարիք չի լինի հերթ կանգնել։  Միանգամից մեր ժամին մտնում ենք մեր բժիշկի սենյակ։ Այս տարի նաև 14 մատյան ենք թվայնացրել, որը հնարավորություն է տալիս մեր հերթագրվելուց հետո մի շարք տեղեկատվական ինֆորմացիա ավտոմատ լրացնել համակարգչում։ Դրա վրա բժիշկն արդեն ժամանակ չի ծախսում»։

Անաշխատունակության թերթիկը ևս կբացվի  ու կփակվի էլեկտրոնային հարթակում, նույն եղանակով կփոխանցվի գործատուին՝  դարձյալ խնայելով ժամանակն ու նյարդերը․

« Գործատուն տեսնում է, որ այս օրից այն օրը իր աշխատողը հիվանդացել է, արդեն թերթիկը փակ է, աշխատավարձային հաշվարկներն արագ, առցանց ստացվում են, և գումարը փոխանցվում է գործատուի կողմից աշխատողին»։

Արձագանքելով «Ռադիոլուրի» դիտարկմանը, թե որոշ պոլիկլինիկաներում էլեկտրոնային հերթագրումը հերթերը չի պակասեցրել, այլ ընդամենը բժիշկի սենյակից  տեղափոխել է բուժհաստատության ընդունարան,  փոխնախարարը նկատեց, որ այդ դեպքերում խնդիրը ոչ թե համակարգինն է, այլ ինտերնետ կապինն ու տվյալ հաստատությանը։ 

Հերթագրումների, այցերի և արդյունքների մասին ողջ տեղեկատվությունը հասանելի է «Արմեդ» հավելվածում։ Սա նույն հավելվածն է, որում հասանելի էին Քովիդի թեստերի պատասխանները և պատվաստումների մասին տեղեկատվությունները։ Հիվանդի առողջության, այցելությունների և արդյունքների մասին պատմությունը կարևոր է նաև բուժող  բժիշկի համար։ Ի վերջո, էլեկտրոնային առողջապահության համակարգը առողջության էլեկտրոնային քարտն է, որը ներառում է անձի առողջության մասին ամբողջական տեղեկատվությունը:Էլեկտրոնային առողջապահության ոլորտում իրականացվող նոր բարեփոխումներով  նաև նոր կարգավորումներ կավելացվեն հավելվածում՝ նշում է«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը․

«Նաև հնարավորություն է այժմ ավելացվում, որ քաղաքացին կարողանա վերահսկել բջջային հավելվածը՝ թե ով է մուտք գործել իր անձնական տվյալների բաժին, քաղաքացին կարողանալու է անջատել այդ բուժ հիմնարկին կամ բժիշկին։ Դեռևս նոր է գործարկվելու, մենք դեռ նախարարության հետ տարբերակներ ենք քննարկում»։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով մարդն ինքն է որոշում, թե ում պետք է հասանելի լինեն իր առողջության մասին տեղեկությունները։ Բայց, մյուս կողմից էլ, կան արտակարգ իրավիճակներ, երբ հիվանդը հնարավորություն չունի ընտրելու իր լսարանը։ Հենց նման դեպքերի համար է ստեղծվել ու արդեն մի քանի ամիս է գործում է նաև հիվանդությունների ռեգիստրը։ Առողջապահության փոխնախարար․

«Այս պահին ունենք քաղցկեղի, շաքարային դիաբետի և հոգեկան առողջության ռեգիստր, որն ընդամենը  2 ամիս է գործում, և եթե ենթադրեննք վթար լինի, պացիենտն էլ անգիտակից վիճակում, իսկ բժիշկին պետք է ինֆորմացիա, նրան հասանելի է լինելու այդ ինֆորմացիան։ Ամբողջ պատմությունն ուսումնասիրելով՝ ավելի ճիշտ է կողմնորոշվելու հետագա բուժման հարցում»։

Ավետ Մանուկյանը նաև քաղաքացիներին հորդորեց լինել ուշադիր և հետևել բժշկական այցերի մասին տվյալներին: Հնարավոր է, քաղաքացին այցելել է բժշկին, սակայն վերջինը չի մուտքագրել տվյալները համակարգ: Հնարավոր է նաև հակառակը՝ քաղաքացին չի գնացել բժշկի, սակայն  նրա անվան տակ սպասարկում է գրանցվել: Այդ վերահսկողությունը հնարավորություն կտա խուսափել կեղծ տեղեկատվությունից․

«Ձեզ համար դա շատ կարևոր է, եթե դուք հիմա բացեք ձեր հավելվածը և տեսնեք մի որևէ այց, որը դուք իրականում չեք արել, ձեր վրա ախտորոշում է գրված, որը դուք չունեք, դուք  պետք է ընթացք տաք դրան, հակառակ դեպքում հետագայում ձեզ վրա դա կարող է բացասաբար անդրադառնալ»։

Համակարգում կարևորագույն նորարություններից է նաև էլեկտրոնային դեղատոմսը, որը ևս հասանելի է պացիենտի անձնական էջում:

Էլեկտրոնային նոր գործիքները հիմնականում  հասանելի են մայրաքաղաքում, բայց զուգընթաց էլեկտրոնային առողջապահությունը Երևանից աստիճանաբար նաև մարզեր կգնա։ Առայժմ այն հասանելի է միայն «Գյումրի» և «Վանաձոր» բ/կ-ներում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button