Երաժշտական եռանկյունի

Լևոն Թևանյան. hայկական ֆոլկլորի ժամանակակից դրսևորումը․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ «Ֆոլկ մոդեռն» անսամբլի հիմնադիր, հայկական փողային նվագարանների վարպետ Լևոն Թևանյանը կիսվում է իր ստեղծագործական ուղու, երաժշտական տեսլականների և իր անսամբլի՝ 10 տարուց ավելի անցած ճանապարհի մասին:

«Սկսել եմ որպես դաշնակահար, առավել հետաքրքիր էր ինձ համար ջազի ոլորտը, և պատկերացրեք, մինչև օրս երբեմն հանդես եմ գալիս որպես ջազային դաշնակահար: Ստեղծել եմ բազմաթիվ նախագծեր, համագործակցել բազմաթիվ շնորհաշատ երաժիշտների հետ»,-ասում է Լևոն Թևանյանը:

-Որպես մենակատար հայտնի եք նրանով, որ տիրապետում եք բոլոր ազգային փողային նվագարաններին:

-Այո, այդպես է, իհարկե, հայկական փողայինները շատ են իրարից տարբերվում, պահանջում յուրահատուկ մոտեցում, և այդ նվագարաններով կատարվում է տարբեր երաժշտություն: Նրբություններին տիրապետելու հմտությունը գալիս է տարիների ընթացքում, նաև այն զգացողությունը, թե ինչպես պետք է օգտագործես յուրաքանչյուր նվագարան, հատկապես այն դեպքերում, երբ ինքդ ես գործիքավորում ստեղծագործությունը։

-Որպես մենակատար նաև բազմիցս ներկայացրել եք հայկական ժողովրդական արվեստը Հայաստանից դուրս:

-Երբեմն կատակում եմ, որ միայն աֆրիկյան անապատում չեմ նվագել: Հյուրախաղերը, բացի նրանից, որ հնարավորություն են տալիս այլազգի հանդիսատեսին մեր երաժշտությանը ծանոթացնելուն, նաև հղկում են սեփական մոտեցումները և նույնիսկ կատարողական արվեստը, որովհետև հաճախ այդ հյուրախաղերի ժամանակ լինում են համագործակցություններ, որոնք հիմք են հանդիսանում ավելի ճկուն և լայնախոհ հայացքների և մոտեցումների համար, նույնիսկ երբ խոսում ենք ազգային երաժշտության մասին: Գուցե հենց դրանով էլ պայմանավորված է մեր անսամբլի անվանումը՝ «Ֆոլկ մոդեռն»՝ մի կողմից ավանդական երաժշտություն, մյուս կողմից ժամանակակից, արդի մոտեցումներ և լուծումներ։

Լևոն Թևանյանը հայտնի է ոչ միայն որպես կատարող, այլ նաև ստեղծագործող, գրում է կինոերաժշտություն:

«Նման փորձառություն եմ ձեռք բերել մասնակցելով Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը, դա հետաքրքիր աշխատանք էր, որովհետև ֆիլմի շուրջ համախմբվել էին ոչ միայն տաղանդավոր դերասաններ, այլ նաև երաժիշտներ, որոնք և ստեղծել էին գունեղ երաժշտական պատկեր»:

Համագործակցելով սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ Լևոն Թևանյանը փորձում է ազգային նվագարանները համադրել մեծ կտավի նվագախմբային երաժշտության հետ, և այդ առումով աչքի են ընկնում նրա աշխատանքները Ռիգայի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Այսօր Լևոն Թևանյանն ապրում է հագեցած համերգային կյանքով՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, ձայնագրում և արտադրում է ձայնասկավառակներ: Հաղորդման ընթացքում հնչում են Լևոն Թևանյանի և «Ֆոլկ մոդեռն» անսամբլի կատարումները:

Back to top button