ԿարևորՀասարակություն

Ժողովրդագրական խնդիրը` մտահոգություն. Երվանդաշատում տղաները չեն ամուսնանում

Երվանդաշատը Արմավիրի մարզի ամենագեղատեսիլ բնակավայրերից է՝ Արաքսի ափին, բարձունքից կանաչ դրախտավայր է հիշեցնում: Մարզկենտրոնից շուրջ 43 կմ հեռավորության վրա այստեղ հիմնական զբաղմունքը այգեգործությունն է: Տեղացիների  հոգսերին ևս մեկն է գումարվել՝ տղաները չեն ամուսնանում: Երվանդաշատ գյուղում  22-35 տարեկան 70-ից ավելի չամուսնացած տղաներ կան:

Մոտ քսան տարի առաջ Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան գյուղերի մուտքն անցաթղթերով էր, թույլտվությունը տալիս էր սահմանապահ ուղեկալը: Փակ գոտի լինելու պատճառով երկու գյուղերում բարեկամական-ազգակցական  կապերը մեծանում էին՝  հարս էին տանում ու հարս  բերում: Գյուղերի մուտքի ուղեփակոցը վաղուց հանվել է, մուտքն ազատ է, բայց հիմա երվանդաշատցիներին ժողովրդագրական խնդիրն է հուզում՝ տղաները չեն ամուսնանում:

«Գյուղում ունենք մոտ 80 երիտասարդ, որոնք դեռ ընտանիք չեն կազմել։ 20 տարեկանից մինչև 30-35 տարեկան տղաներ են»։

«Այսօր մեր գյուղում ունենք 70-ից ավելի տղաներ, որոնք չեն ամուսնանում, իսկ ովքեր ամուսնանում են` իրենց ապագան կապում են քաղաքի հետ: Հեռանկարային չի գյուղը, որովհետև գյուղում չկա ոչ մի զարգացման և մշակութային կենտրոն»։

Տղաների ամուսնությունը բոլորի հոգսն է դարձել՝ երիտասարդ աղջիկներից մինչև տարեցներ: Բորիս Գրիգորյանի 4 տղաներից երկուսն ընտանիք ունեն, մյուս երկուսը՝ 32 և 22 տարեկան, դեռ չեն ամուսնացել:  36-ամյա որդուն անցած տարի են ամուսնացրել, իսկ գյուղում տղաների չամուսնանալը ընդհանրական բացատրություն ունի. Բորիս Գրիգորյան.

«Ասում են՝ աղջիկ չկա (ծիծաղում է), թե ոնց աղջիկ չկա՝  չեմ հասկանում: Մեր գյուղի աղջիկները դպրոցն ավարտում են, բարեկամների միջոցով տանում են: Իմ մի հարսը Բագարանից է՝ հարևան գյուղից,  մյուսը՝ Վանաձորից: Ես իմ տղաներին հիմա կարող եմ առանձնացնել ու գյուղից հանել, բայց չեմ ուզում: Մենք պայմաններ ունենք, ես մեծ ընտանիք եմ սիրում, թող ինձ հետ ապրեն»:

«Աղջիկ չկա» խոսքում ճշմարտություն կա. Երվանդաշատի դպրոցում տղաներն աղջիկներից շատ են: Աղջիկների թիվը նվազել է պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հետեւանքով: Հիմա խնդիրը կարգավորվում է օրենսդրորեն, և աստիճանաբար փորձում են վերականգնել տղաների ու աղջիկների հարաբերակցությունը: Ռադիկ Սարգսյանն արդեն 30 տարեկան է, ամուսնացած չէ:  Ասում է՝ տարբեր հանգամանքներից ելնելով չեն ամուսնանում.

«Երևի առաջին պատճառը զբաղվածությունն է, որ անընդհատ այգիներում են աշխատում կամ իրենց գործերով: Մյուսը, հավանաբար, հեռավորությունն է, երբ շփումները քիչ են: Ես ագրարային համալսարանը նոր եմ ավարտել, բանակից հետո եմ ընդունվել, սովորել, հիմա աշխատանք եմ գտել, կաշխատեմ, հետո կմտածեմ ամուսնության մասին»:

Երվանդաշատում ամենաբազմանդամը Նվարդ և Սամվել Ստեփանյանների ընտանիքն է՝ 17 հոգով ապրում են 4 սենյականոց տանը։ Չնայած պայմաններն առանձնապես լավը չեն, բայց 62-ամյա Նվարդը չի տրտնջում, հակառակը՝ հպարտանում է իր մեծ ընտանիքով։

«Ես ունեմ 7 երեխա՝ 4 տղա և 3 աղջիկ: Վեցին ամուսնացրել եմ, մեկն է մնացել՝  աղջիկս 12-րդ դասարանն է ավարտում: Երեք տղաներս մեզ հետ են ապրում, փոքր տղաս՝ Մասիսում: Ես օրական 3 անգամ եմ ճաշ եփում, բայց երբեք չեմ դժգոհում: Այսօր առավոտյան մսով ու խմորով ուտեստ եմ պատրաստել: Ճաշի սեղանի շուրջ եթե տեսնեք, ոնց որ «զաստավի կազարմա» լինի: Երկու տեղով եմ սեղան դնում, մեկը՝ ներսում, մյուսը՝ դրսում փոքրերի համար»:

Այս ընտանիքում 10 երեխա է մեծանում՝ 9 դպրոցական:  Սամվելն ասում է՝ ամուսնացած տղաներն իր հետ են ապրում,  առանձնանալու և տուն կառուցելու հնարավորություն չունեն, բայց դա չի խանգարել  Սամվելի տղաների ամուսնությանը: Նրանք, բացի հողը մշակելուց, այլ համայնքներում օրավարձով են աշխատում.

«Գյուղում հող չկա, որ  ընտանիքներին տնամերձեր հատկացնեն, տուն կառուցեն ու  առանձին ապրեն: Գյուղից մարդիկ չեն հեռանում՝ կամ ապրում են իրենց հայրական տանը, կամ հին տներում վարձով: Հարմարվել են»:

Երվանդաշատը Արմավիրի մարզկենտրոնից հեռու է շուրջ 43կմ, Արաքսի ափին է: Մոտակա բարձունքից պարզորոշ են Ախուրյան ու Արաքս գետերի խառնարանը, պատմական հայրենիքի մի քանի բնակավայրեր: Գյուղը զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունի։ Բնակիչները գյուղը սիրում են, դուրս չեն գալիս, ապրում են իրենց առօրյայով՝ տղաներին ամուսնացնելու հոգսերն ու ծրագրերը՝ ներառյալ։

Back to top button