Մոռացված ֆիլմերի ստվերները

Թատրոնի և կինոյի աննկուն և անձնազոհ մարտիկը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոնկարահանումը, այսպես ասած, փոքր պատերազմ է, մարդկային էության տեսակների բախման թատերաբեմ։ Երբեմն մարտերը դաժան են ընթանում, ոմանք լքում են մարտի դաշտը, դավաճանում ընդհանուր գործին։

Թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանն աննկուն ու անձնազոհ մարտիկ էր, որի ուժը զգացել են այն բոլոր ռեժիսորները, որոնց ներկայացումներում ու ֆիլմերում նա մարմնավորել է տարբերվող կերպարներ ու դրանք դարձրել հենց իրենը, անփոխարինելին։ 

Այնպես ստացվեց, որ ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի՝ «Մոռացված ֆիլմերի ստվերներրը» հաղորդմանը տված հարցազրույցը վերջինն էր նրա կյանքում։ Նրա մասնակցությամբ հայտնի ու անհայտ ֆիլմերի ստեղծման շուրջ զրուցելու իմ հրավերն ընդունած դերասանին իր կյանքի հավատարիմ ուղեկցի կնոջ՝ Ալլա Քոթանջյանի հետ, հյուրընկալեցի Հանրային ռադիոյի տաղավարներից մեկում։

Դեմ դիմաց նստած զրուցում ենք 79-ամյա իմաստուն մի մարդու հետ։ Խոսք է բացվում այսօրվա արվեստի, մշակույթի, հայի տեսակի մասին։ Հարցնում եմ՝ ի՞նչն է, որ մտահոգում է նրան և ինչը՞ կցանկանար, որ փոխվեր մեր իրականության մեջ։ Իմ հարցին Քոթանջյանը պատասխանում է իրեն բնորոշ մտքի յուրահատուկ խոսքով․

«Մեր իրականության մեջ այնքան էլ շատ չեն տաղանդավոր մարդիկ: Նրանց պետք է անպայման գտնել և ամեն ինչ անել, որ նրանք չկորեն այս հսկայական աշխարհում, որովհետև շատ հեշտ է մի բան սխալ անել և տարիներ շարունակ այդ սխալի արդյունքում մոռացվել: Ես կուզեի, որ վերաբերմունքը դեպի այդ մարդիկ փոխվեր»,-ասում է սիրված դերասանը։

1975 թվականին Իսիդոր Շտոկի «Սատանայի ջրաղաց» հեռուստաներկայացման մեջ սատանայի դերը մարմնավորած Քոթանջյանը հեռուստադիտողներին զարմացրեց ու գերեց որպես կոմիկ դերասան։ Հենց այդ հեռուստաներկայացումն էլ մեծ ճանաչում բերեց նրան, իսկ հեռուստաբեմադրությունից մեկ տարի անց՝ 1976 թվականի շոգ ամռանը, Երևանի դրամատիկական թատրոնի զով դահլիճում, զով հանդարտություն էր։ Թատրոնի բեմում «Մոռանալ հերոստրատին» ներկայացման առաջնախաղն էր։ Այս ներկայացումն իր ձևով և փայլուն դերասանական աշխատանքով այդ թվականներին բացառիկ ընդունելության արժանացավ, թե’ հանդիսատեսի և թե’ թատերագետների կողմից։ Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ այդ ներկայացման հաջողության գրավականն իրենց գործին անսահման նվիրված դերասանական կազմի ներկայությունն էր։

«Տարիներ առաջ , երբ մենք հերթական անգամ դրամատիկական թատրոնի բեմում խաղում էինք «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը մի տեսարան ունեինք, երբ բանտապահը, որի կերպարը մարմնավորում էր դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը, պիտի բեմ դուրս գար, բայց նա ուշանում էր և մենք բեմում գտնվողներս ետնաբեմից տարօրինակ ճանկրտոցի նմանվող, ձայներ էինք լսում: Հանկարծ տեսանք, որ Ռուբենը բեմ մտավ ոչ այն վայրից, որ միշտ մտնում էր: Ներկայացումից հետո հարցրեցի` ի՞նչ էր պատահել, նա էլ պատասխանեց, որ բանալիներն էր մոռացել, դրա համար էդպես մտավ: Այսինքն նա այնպես էր մտել կերպարի մեջ, այնքան համոզիչ էր նրա համար, որ բանտապետն առանց բանալի չի կարող լինել, որ վերջին պահին շտապել էր բանալիների հետևից ու մի կերպ իրեն բեմ նետել: Դա խոսում է նրա և շատ ու շատ դերասանների, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի մասին»,-հիշում էր Ռաֆայել Քոթանջյանը:

Դերասանի հետ զրույցի ողջ ընթացքում ես անընդհատ մտածում էի, որ նրա էության մեջ զարմանալի ներդաշնակությամբ ապրում են մարդն ու արվեստագետը։ Ո՞րն է այդ ներդաշնակության գաղտնիքը, շտապեցի հարցնել վարպետին։

«Անիմաստ չապրելն է։ Ապրես էնպես, որ իմաստ ունենա քո յուրաքանչյուր ապրած վայրկյանը: Ես կարծում եմ, որ թե ես, թե իմ տիկինը, թե  որդիս ու հետագայում նաև թոռնիկներս ապրել ու ապրելու են այդ սկզբունքին համաձայն»,- պատասխանեց նա:

Ռաֆայել և Ալլա Քոթանջյաններ

Ռաֆայել Քոթանջյանը իր արտիստական սկզբունքը խիստ լակոնիկ է ձևակերպում. «Երբեք ինքնանպատակ չհայտնվել բեմում և էկրանին»։ Հենց այդ սկզբունքին էլ հավատարիմ` նա տասնամյակներ շարունակ ապրեց, արարեց և եկող սերունդներին ժառանգեց գունեղ, հիշվող ու տպավորիչ դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ։

Back to top button