Էկոսֆերա

Չի կարելի հասարակության ձայնը չլսել․ փորձագետ Վիկտորյա Բուռնազյան․ «Էկոսֆերա»

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բնապահպանական ՀԿ ներկայացուցիչները շարունակում են իրենց մտահոգությունները հայտնել։

Ի՞նչն է փոփոխվել նախագծում և ի՞նչն է անփոփոխ մնացել:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քաղհասարակության բացասական դիրքորոշումը չի փոխվել։ Երբ նախագիծը նոր էր ներկայացվել, ոլորտում ակտիվ մի շարք ՀԿ ներկայացուցիչներ սկսեցին խոսել իրենց մտահոգությունների մասին։ Նախագծի խնդրահարույց կետն այն է, որ նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում՝ անհաղթահարելի ուժի հիմքով:

Գործող օրենսգրքով անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները: Իսկ նոր նախագծով առաջարկվում է ցանկում ավելացնել քաղաքացիական զանգվածային անհնազանդությունները՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներով, որոնց հետևանքով հնարավոր չէ հանքավայրում ընդերքօգտագործման աշխատանքների կազմակերպումը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ եղել է քննարկում, որի ընթացքում ՏԿԵՆ-ը հանձն է առել նախագծում որոշակի պարզաբանումներ կատարել, սակայն, ըստ նրա՝ պարզաբանումը մեկ բառի փոփոխություն է եղել։

Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում զետեղված նախագծի տարբերակում միանգամայն այլ տերմիններ են օգտագործված, ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը, նշելով, որ միայն Կառավարություն ներկայացրած նախագծում են տեսել մտահոգիչ տերմինները։

Back to top button