ԿարևորՔաղաքական

«Խաղաղության օրակարգ», Մադրիդյան սկզբունքներ․ Փաշինյանը խորհրդարանում փակագծեր է բացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան էր գնացել օրվա երկրորդ կեսին` մինչև հարց ու պատասխանը: Կառավարությունը ներկայացնում էր 2021 թվականի բյուջեի կատարողականը: Բայց դա առիթ էր նաև խոսելու խնդիրների մասին, առանցքում` ԼՂ հակամարտության լուծումն ու կարգավիճակը:

«Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը եւ նրանց քաղաքական արբանյակ դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և, կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով»,- խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետը:

Ըստ նրա՝ պարտության զանգը 2020-ի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ՝ 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմն անառիկ համարվող բարձունք ու տարածքներ կորցրեց:

Չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա` խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց եւ վստահեցրել` Հայաստանի կառավարությունն ունի կամք և վճռականություն՝ այդ ճանապարհն անցնելու:

«Խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ՝ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման և, մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող»:

Փաշինյանը խորհրդարանում բանաձևել է, թե ինչպես է պատկերացնում ԼՂ հակամարտության լուծումը: Ըստ նրա՝ ցանկացած կարգավիճակ, որն ապահովում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պիտի լուծում համարվի:

Փաշինյանի ձևակերպմամբ՝ պարտության զանգը 2020-ի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ՝ 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմն անառիկ համարվող բարձունք ու տարածքներ կորցրեց: Ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն, առանց Ադրբեջանի համաձայնության՝ Լեռնային Ղարաբաղը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ՝ ներառյալ միջանկյալը:

Մադրիդյան սկզբնուքնների հերթական բացահայտումներով Հայաստանի վարչապետը ներկայացրեց, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման համադրումը.

«Եթե դու ուզում ես ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ անկախություն ստանալ` տարածքային ամբողջականության սկզբունքը չխախտելով, ինչը դրված է Մադրիդյան սկզբունքների հիմքում, դրա միակ ճանապարհն այն է, որ տարածքային ամբողջականության սուբյեկտը համաձայնվի քո անկախության հետ: Եթե ԼՂ-ն չեք ճանաչել Ադրբեջանի մաս, ինչո՞ւ եք նրա թույլտվությունը հայցում Հանրաքվե անելու համար, այն էլ՝ 1991 թվականի Հանրաքվեն չեղյալ անելու գնով»:

Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս` պնդում է Նիկոլ Փաշինյանը` նաև հիմնավորելով` 2010 թվականին խորհրդարանում ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որով անտեսվել է անգամ ԼՂՀ Սահմանադրությունը. «ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է նաև 2010 թվականին ընդունված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, երբ արձանագրել է, որ Սոթք-Մեղրի հատվածի հայաստանյան բնակավայրերը դեպի հյուսիս-արևելք և դեպի արևելք սահմանակցում են Ադրբեջանի և ոչ թե ԼՂՀ հետ: Մինչդեռ ԼՂ Սահմանադրությամբ բոլոր այդ տարածքները համարվել են ԼՂՀ:

Բայց օրենքի ընդունման պահին խորհրդարանական մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն արհամարհել են ԼՂ Սահմանադրությունը և այն, ինչ այդ Սահմանադրությամբ համարվում էր ԼՂՀ, նրանք ճանաչել են որպես ադրբեջանական Հանրապետություն: Սա է այդ մարդկանց 20 տարի վարած բանակցությունների բովանդակությունը ու ժառանգությունը»:

Արցախի Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը Ա1+-ի հետ զրույցում նշել է, որ Ստեփանակերտը թույլ է տվել կոպիտ սխալ՝ չընդառաջելով ՀՀ նախագահի առաջարկին: Սա ասելով Աթանեսյանը նկատի է ունեցել 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Արցախի քաղաքական ղեկավարության միջև եղած զրույցը։

Դրա բովանդակությունը բացահայտել էր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արդեն 44-օրյա պատերազմից հետո և ասել, որ Ս․Սարգսյանն առաջարկել էր հանձնել 7 շրջանները, բայց մերժում էր ստացել. «Եվ պաշտոնական Ստեփանակերտը, և հանրային Ստեփանակերտը թույլ է տվել կոպիտ սխալ` չընդառաջելով ՀՀ նախագահի առաջարկին: Որովհետև եթե Ստեփանակերտում ծնված, արցախյան շարժման ակունքներում կանգնած, ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի առաջին նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար, ի վերջո, 10 տարի ՀՀ նախագահ պաշտոնավարած անձնավորությունը գտնում է, որ լուծման այլ տարբերակ չկա, այլընտրանքը պատերազմն է, որը մեզ համար ունենալու է աղետալի հետևանքներ, ապա մարդիկ պետք է ընդառաջեին և քննարկեին մեկ հարց՝ ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ ենք մենք ստանալու դրա դիմաց»:

Ըստ Վահրամ Աթանեսյանի՝ ղարաբաղյան կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում ՀՀ-ԼՂՀ հաղորդակցությունը պետք է շրջանցեր Լաչին քաղաքը։ Միակ փուլը, երբ այդ մասին խոսք չի եղել, 1997թ․ վերջին ներկայացված կարգավորման փուլային տարբերակն էր, որի համաձայն` հայկական վերահսկողության տակ էր անցնելու ամբողջ Լաչինի շրջանը՝ ԼՂԻՄ-ի հետ միասին։

Այնտեղ միջանցքի մասին խոսք չկար։ Դա մերժելուց հետո, մյուս բոլոր դեպքերում խոսակցությունը եղել է այնպես, որ ճանապարհը պետք է շրջանցի Լաչինը։ Լաչինի շրջանը պետք է վերադարձվեր՝ բացի միջանցքից, ասել է Աթանեսյանը:

Back to top button