Երաժշտական եռանկյունի

Վիգեն Հովսեփյան․ ակունքները փնտրելիս․ «Երաժշտական եռանկյունի»

Երգիչ, կիթառահար Վիգեն Հովսեփյանի հետ ծանոթությունը կայացավ գրեթե 10 տարի առաջ, Մոսկվայի Կրեմլյան դահլիճում տեղի ունեցող «Ծովից ծով» միջազգային փառատոնի շրջանակում:

Բազմաթիվ երկրներից ժամանած հայ երաժիշտներից մեկն էր, որը ներկայացնում էր Իսպանիան: Տարիներ անց հանդիպում ենք «Երաժշտական եռանկյունու» տաղավարում, և մեր զրույցի նյութը Վիգենի ստեղծագործական ճանապարհն է և երաժշտական ակունքներին գալու ուղիները:

«Իսպանիայում զբաղվում էի կիթառով, և բնականաբար՝ իսպանական երաժշտությունը, էքսպրեսիան և ազգային երաժշտության տարրը հրապուրել էին ինձ: Նվագել եմ մի քանի կազմերում՝ հիմնականում իսպանական երաժշտություն: Մինչև օրս էլ իմ նախագծերից մեկը ներառում է իսպանական երաժշտություն և շատ պահանջված է նույնիսկ այստեղ՝ Հայաստանում, որտեղ վերադարձա մի քանի տարի առաջ և սկսեցի լրջորեն ուսումնասիրել դաշտը: Չնայած մանկուց էլ ականջիս էին հայկական մեղեդիներն ու երգերը, բայց միայն Հայաստան գալով հասկացա՝ ինչքան լայն է և խորը հայկական ազգային երգարվեստը և զգացի անհրաժեշտություն նախ ուսումնասիրել, ծանոթանալ և միայն հետո փորձել ներկայացնել»,-ասում է երաժիշտը:

Վիգեն Հովսեփյանն իր ընկերների հետ հիմնում է «Նեմրութ» նախագիծը և յուրովի մեկնաբանությամբ ներկայացնում հայկական երգը:

«Աչքի է ընկնում ոչ ավանդական նվագարանների ընդգրկումը ձեր նախագծում, չնայած կատարում եք ավանդական երաժշտություն»:

«Այո, այդպես է, մեզ հետաքրքիր է նոր հնչողությունը ու գուցեև՝ արտասովոր լուծումները: Երգի կառուցվածքային իմաստով մենք որդեգրել ենք հետևյալ սկզբունքը՝ գործիքային մասը չի կրկնում երգվող եղանակը, և ինչպես ճիշտ նկատեցիք, նվագարանների յուրահատկությունը՝ ակուստիկ կիթառ, թավջութակ, հայկական ավանդական փողայիններ, դուդուկ, բլուլ, պկու, ստեղնային գործիք՝ սինթեզատոր և տարբեր տեսակի դափեր, այդ թվում իսպանական կահոն»,-ասում է Վիգեն Հովսեփյանը:

Ավանդական երաժշտությունը ներկայացնելիս շատ և շատ ժամանակակից անսամբլներ աշխատում են ընդունված կարծրատիպային կազմից դուրս չգալ՝ մեծ դժվարությամբ ներառելով այլ մշակութային դաշտերի նվագարաններ, այդ իսկ պատճառով հիմնականում նույն տեմբրային և հնչյունային համակարգի մեջ ենք տեսնում նրանց կատարումների ձևերը:

«Նեմրութը» ակնհայտորեն տարբերվում է այդ դաշտում և հետաքրքրություն առաջացնում ոչ միայն հայ հանդիսատեսի մոտ, այլև արտասահմանում, ինչի մասին վկայում են բազմաթիվ հյուրախաղերը:

Հաղորդման ընթացքում հնչում են կատարումներ Վիգեն Հովսեփյանի առաջին ձայնասկավառակից:

Back to top button