ԿարևորՔաղաքական

Հստակեցումներ «Ալ Ջազիրա»-ի եթերից. Փաշինյանը խոսել է Հայաստանի «կարմիր գծերի» մասին

Պաշտոնական այցով Կատարում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին։ Վարչապետը հստակ ձևակերպումներ է արել մի շարք հարցերի առնչությամբ, որոնք պարբերաբար շահարկվում են:

Հստակեցումներ արվել են նաև նախկինում, սակայն ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ Ադրբեջանի հակադարձումները չեն ուշացել: 

44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց ռեժիմներով 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցերն այնքան շատ են, իսկ շփման համար ձևավորված հարթակները՝ տարբեր, որ միջազգային հանրությունը նոր պարզաբանումների կարիք ունի:

«Ալ Ջազիրա»-ի եթերից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական հստակեցումները վերաբերում են երկու պետությունների միջև քննարկվող հարցերին և ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կկարողանան անդրադառնալ նաև ԼՂ խնդրին:

Հայաստանի վարչապետը պարզաբանել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարությունն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելուն միտված քայլ էր:

«Լեռնային Ղարաբաղի հարցը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և անվտանգության ազգային հանձնաժողովների գործունեության հետ». սա արդեն Փաշինյանի երկրորդ հստակեցումն է, քանի որ «Ալ Ջազիրա»-ին հետաքրքրել էր, թե ինչպիսին կլինի Փաշինյանի դիրքորոշումը, եթե սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին:

Միջնորդ երկրները, միջազգային կառույցները և Հայաստանը բազմիցս հայտարարել են, որ ԼՂ հակամարտության քաղաքական լուծումը պետք է գտնվի ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո: Համընդհանուր այս մոտեցումից տարբերվում է միայն Ադրբեջանի դիրքորոշումը, որն աշխարհաքաղաքական լարված պայմաններում շտապում է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին, մինչդեռ խումբը շարունակում է գործել՝ այս պահին հանդիպումներն անցկացնելով առանձին ձևաչափերով: Հարցը որևէ առնչություն չունի այլ գործընթացների հետ, թեև ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանի խաղաղության համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է:

Փաշինյանը հստակեցրել է՝ Ադրբեջանի հետ աշխատելու 3 ուղղություն կա. սահմանազատում և սահմանային անվտանգություն, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների հաստատում և հաղորդակցության ուղիների ապաշրջափակում:

«Ալ Ջազիրա»-ի միջոցով Փաշինյանի հաջորդ հստակեցումը վերաբերում է «միջանցքի» խնդրին: Հակառակ բոլոր հերքումներին և ճշգրտումներին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը Հայաստանի այն տարածքի վերաբերյալ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանն ու Նախիջևանը:

Անընդունելի ձևակերպում և «կարմիր գիծ» Հայաստանի համար. Փաշինյանն ասում է՝ համաձայն եռակողմ հայտարարության, ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, սակայն, կրկին խոսել է Բաքվի նախընտրած թեմայի մասին և անգամ մանրամասնել՝ ասելով, թե  հաջորդ քայլը  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Իրանի հետ Ալիևի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ իբրև թե կկառուցվի այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրն» ու Նախիջևանը կապող տրանսպորտային նոր հանգույց։ Ուսուբովը պնդել է, թե Հայաստանը սխալվել է իր հաշվարկներում:

Մինչդեռ ուղիղ 5 օր առաջ Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապաշրջափակման և ճանապարհների հարցերով այլ հստակեցում էր անում.

«Երկաթուղային ուղղությունները համաձայնեցված են, այժմ ավարտվում է ավտոմոբիլային ուղիների և ճանապարհային ռեժիմի հստակեցման գործընթացը։Դա կլինի պարզեցված, բայց միանշանակ հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող»:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նույնպես հետաքրքրել են «Ալ Ջազիրա»-ին:

Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: 

Հարցին, թե որն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը, Փաշինյանը պատասխանել է.

«Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսվել է երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրեն շոշափելի արդյունքներ»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթեր են սկսվել, սա եղել է նաև նախկինում։ Փաշինյանը հույս է հայտնել, որ կողմերն ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել միջպետական սահմանը, որն արդեն 30 տարի փակ է։

Այս բոլոր օրակարգերը մինչ այժմ Հայաստանում ներքաղաքական լարվածության պատճառ են: Թեև խորհրդարանական ընդդիմությունը վաղուց արդեն խորհրդարանում չէ, բայց ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացվել էր «Հայաստան» դաշինքի նախագիծը՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարությունը: 7 կետանոց հայտարարությունն ընդդիմադիրները փորձել են ընդունել մի քանի անգամ, վերջին փորձը հունիսի 3-ին էր, երբ արտահերթ նիստը տապալվեց:

Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են, որ Ազգային ժողովը հայտարարի՝ Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն է։ Սահմանազատման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում էլ՝ որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը: «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանն ասում է.

«Այս հայտարարության նպատակը պարզություն մտցնելն է: Ի վերջո, մենք գնում ենք մեր շահերը պաշտպանելո՞ւ, թե՞ սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Որպեսզի հասկանանք, լակմուսի թուղթ է ի վերջո»:

Հայտարարությունը այս անգամ էլ չընդունվեց խորհրդարանում, քանի որ հեղինակները ԱԺ-ում չէին, իսկ խորհրդարանական մեծամասնությունը պարզապես չմասնակցեց քվեարկությանը:

Այս զարգացումների ֆոնին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է թշնամական հարևաններով շրջապատված երկրների խնդիրներին:

«Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։ Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը»,-գրել է Արցախի արտգործնախարարը։

Back to top button