Բնական ընտրություն

Գոթական ճարտարապետությունից՝ բջջի մոդելավորում․ բնության էակներն ու երևույթները ճարտարապետության մեջ․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Գոթական ճարտարապետությունից մինչև բջջի համակարգչային մոդելավորում»

Բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով է կառուցվել լոնդոնյան հայտնի ցանցաթաղանթի կառուցվածք ունեցող Մերի Էքս երկնաքերը, որը հաճախ անվանում են «Լոնդոնյան վարունգ»․ ճարտարապետական այս կառույցը համարվում է բիոնիկ ճարտարապետության կամ, ինչպես ընդունված է անվանել, բիո-թեքի «հռչակագիր»։ Իմ զրուցակիցը ճարտարապետ Նարեկ Պետրոսյանն է․

«Բիոնիկ ճարտարապետությունը ժամանակակից նեոօրգանիկ ճարտարապետական ոճ է, որտեղ կառույցի արտահայտչականությունը բնական ձևերով է պայմանավորված։ Այն ուսումնասիրում է կենդանական ձևերի վարքային կամ կառուցվածքային հարմարվողականությունը որպես ճարտարապետության ոգեշնչման աղբյուր և սա հենց հնուց է գալիս, հնում էլ մարդիկ պատրաստել են իրենց տները կավից, փայտից, քարից և սա հիշեցնում էր մրջյունի բույն։

Եթե քարանձավն ուսումնասիրենք, բիոնիկ անալոգիաներ հանդիպում են բյուզանդական ճարտարապետության մեջ, հին եգիպտական ճարտարապետության մեջ, երբ ծաղկային անալոգիաներ էին կիրառվում, իսկ ահա գոթական ճարտարապետությունը աչքի է ընկնում նրանով, որ ոսկրային տեսքով ճարտարապետական նմուշներ կարելի է հանդիպել»,— ասում է Նարեկ Պետրոսյանը։

Բիոնիկ ճարտարապետությունը գտնվում է զարգացման ակտիվ փուլում, ինչի արդյունքում տեսական ու հետազոտական բաղադրիչները գերիշխում են քաղաքաշինական պրակտիկայում։ Ճարտարապետական բիոնիկայի գլխավոր հակասությունը ավանդական ուղղանկյուն նախագծման հետ է, երբ շինության կառուցողական սխեման հակադրվում է թեք և ինքնատիպ ֆրակտալ ձևերին։ Բիո-թեքի հիմնական խնդիրներից է այս հակասությանը գեղագիտական ու տնտեսական արդարացված լուծումներ տալը։ Այդպիսի հանճարեղ համադրության հայտնի օրինակ է Էյֆելյան աշտարակը, որին նվիրված առանձին հաղորդում ունեցել ենք, մարդու ազդոսկրի կառուցվածքի և բնական այլ մոդելների հետազոտման արդյունքում ճարտարապետության մեջ առաջացել է ծակոտկեն կառույցների սկզբունքը, որը նոր տարածական համակարգերի մշակման սկիզբն է դրել: Իմ հաջորդ զրուցակիցը բիոինժեներ Բագրատ Բաղդասարյանն է․

«Կառուցվել են պատմության մեջ բազմաթիվ շենքեր, որոնց ստեղծած էֆեկտն ուղղակի աղետաբեր է եղել, որովհետև նախագծման մեջ հաշվի չեն առնվել մի շարք հարցեր։ Ապակեպատ շենքերի օրինակներ ունենք, որոնց դեպքում արևի ճառագայթները խտացել են, հալեցրել  ավտոկայանատեղիում կանգնած մեքենաները։ Կամ օրինակ, երբ շենքերի նախագծման դեպքում հաշվի չի առնվել փոթորիկի ազդեցությունը, որովհետև մոլորակի տարբեր հատվածներում փոթորիկի ուժգնությունը, հետևաբար նաև ազդեցությունը տարբեր է և պետք է ըստ բնության գոտիների ճարտարապետները հաշվի առնեն, թե հատկապես ինչ քաղաքաշինություն և ճարտարապետություն պիտի լինի այդ հատվածում»,— ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Բիոնիկայի տարրերը բնորոշ են 1920-ական թվականների գերմանական էքսպրեսիոնիզմին և 1960-ական թվականների ստրուկտուրալիզմին։ Ինչպես էքսպրեսիոնիստներն էին ընդունում, բնական ձևերի ուղղակի պատճենումը դրական արդյունքների չի հանգեցնում, քանի որ ճարտարապետական կառույցում ի հայտ են գալիս ոչ ֆունկցիոնալ տարածություններ։ Գոյություն ունի նաև բիոուրբանիստիկայի դրույթը, ինչը ենթադրում է բնական ձևերի կիրառումը ճարտարապետության մեջ (օրինակ՝ բույսերի, բնական լանդշաֆտի տարրերի միջոցով)։ Ճարտարապետ Նարեկ Պետրոսյանը ներկայացնում է կատալոնական ճարտարապետության օրինակներ՝ որոնց սխեման սաղարթների կառուցվածքի հիման վրա է ստեղծվում․

«Կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին ստեղծել է յուրովի ոճ և հասկացել է, որ բնական կառույցները ոչ միայն էսթետիկորեն հաճելի են, այլև ֆունկցիոնալ միավորումներ են հիշեցնում։ Գաուդիի նախագծած սյուները մարդու ոսկորների կամ սաղարթների կառուցվածքն են կրկնօրինակում, և նա այսպիսով ոչ միայն գեղագիտական, այլև կոնստրուկտիվ հարցեր է լուծում»,— ասում է Նարեկ Պետրոսյանը։

Էյֆելյան աշտարակից և գոթական ճարտարապետությունից զատ, կմախքի անալոգիայի կրկնօրինակումը նաև նորագույն ժամանակներում շարունակում է մնալ գեղագիտական և տնտեսական տեսանկյունից շահավետ և արդարացված։ Շվեդական մի օրինակի մասին է պատմում ճարտարապետ իմ զրուցակիցը․

«Սանտյագո Գալատրավայի շենքերում տեսնում ենք բիոմորֆ ձևավորումը, նրա ճարտարապետական ձևերը մարդու կամ կենդանիների կմախքային անալոգիաներ են կիրառում, Շվեդիայի Մալմո քաղաքում ոլորվող երկնաքերը հիշեցնում է մարդու ոլորված մարմին և այստեղ կրկնօրինակված է կմախքային կառուցվածք, և այս շենքն էլ նորագույն Եվրոպայի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկն է համարվում»,- ասում է Նարեկ Պետրոսյանը։

Համակարգչային մոդելավորումն այսօր թույլ է տալիս հասկանալ այնքան փոքր մասնիկների կառուցվածքային առանձնահատկություններ, ինչպիսին է բջիջը կամ հյուսվածքը, պարզվում է՝ ապագայի ճարտարապետները պատրաստվում են նոր խոսք ասել․ Նարեկ Պետրոսյան

«Բիոնիկ ճարտարապետությունը զարգացման ակտիվ փուլում է, գլխավոր հակասությունը ավանդական ուղղանկյուն նախագծման հետ է, շինության ձևը հակադրվում է ժամանակակից ձևերին, բիոնիկ ճարտարապետության դերը արդարացված լուծում տալն է այս միավորմանը։

Այսինքն, ճարտարապետը կարող է ազատ ստեղծագործել, տալ դրան ֆունկցիոնալ և գեղագիտական բացատրություն։ Ժամանակակց համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս ճարտարապետության մեջ շատ նորարարություններ մտցնել, ճարտարապետական խոսք բերել, որը տնտեսապես արդարացված կլինի, օրինակ ստանալ բջջի կառուցվածքը, հյուսվածքի կրկնությունը ճարտարապետության, կահույքի ստեղծման մեջ։ Քաղաքաշինության վերջին պահանջները ցույց են տալիս, որ կայուն շենքերի համար պահանջում են հենց բիոնիկ նախագծման շենքեր։ Դա ավելի լավ արտահայտված կտեսնենք մոտ ապագայում, թեպետ արդեն քայլեր իրականացվում են»,- ասում է Նարեկ Պետրոսյանը։

Back to top button