ԿարևորՀասարակություն

Գյուղ+քաղաք=?. համայնքները կրկին կմիավորվեն

Ազգային ժողովը հունիսին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ՝ արդեն միավորված 13 համայնք առաջիկայում կրկին կմիավորվի 5 համայնքային փնջում։ Խոշորացումներ են սպասվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում, համայնքների թիվը 79-ից կրճատվելով՝ կդառնա  71։ Քաղհասարակության ներկայացուցիչները մասնակցել են խորհրդարանական լսումներին և  խոսել  խնդիրներից:  

6 տարում՝ 908-ից  72․ հարյուրավոր բնակավայրերի միավորվել են խոշորացված համայնքներում․ չխոշորացվածները 7-ն են։ Հերթական փոփոխություններն արվում են  «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների անհետաձգելի փաթեթով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում կրկնախոշորացումների մասին է խոսում։   

«Առաջարկում ենք այս պահին 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Այս որոշումներով վերադառնում ենք շրջանային մոդելի»:

Սպիտակ խոշորացված համայնքի Լեռնանցք բնակավայրի բնակիչ Անուշիկ Պետրոսյանը, որպես քաղհասարակության ներկայացուցիչ, խորհրդարանական ամբիոնից  խոսել է 2021-ի խոշորացումից հետո ի հայտ եկած խնդիրներից: Լեռնանցքում բնակիչների 99%-ը դեմ է եղել: Ժամանակին գյուղն ուներ տրանսպորտ դեպի Վանաձոր, խոշորացումից հետո՝ ոչ։ Սպասարկողի պայմանագիրը վաղաժամ լուծարվեց, իսկ միասնական տրանսպորտային օպերատորին սպասում են մինչ օրս: Ավագանու անդամները հիմնականում Սպիտակից են, փոքր  բնակավայրերի խնդիրները տեղ չեն հասնում, որոշումների կայացմանը գյուղերը քիչ են մասնակցում։ Ուսանողները մնացել են Սպիտակ-Վանաձոր միկրոավտոբուսի հույսին:

Լեռնանցքի բնակիչ Անուշիկ Պետրոսյան․

 «Լեռնանցքից երեխեքը գնում են առանց տրանսպորտի Սպիտակ: Ահավոր խիտ, մի ասեղի տեղ չկա, մի կերպ իրար բրդելով մտնում են գազել, հետո վարորդն է գնում բրդում, որ դուռը կարողանան փակել: Անվտանգության տեսանկյունից շատ վատ է։ Միասնական տրանսպորտային օպերատորի գաղափարն է մտել գործածության մեջ , բոլորը սպասում են էդ փառահեղ օրվան, բայց էդ օրը չի գալիս, որովհետև ոչ մեկին հետաքրքիր չի»։

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի դիտակմամբ՝ երբ գյուղ ու քաղաք միացվում են, կորչում է ուրբան մշակույթը: Ի՞նչ է տալու պատմություն ունեցող Ախթալա քաղաքի կամ Շնող գյուղի միավորումը Ալավերդուն, ավելի բարեկեցի՞կ են դառնալու՝ հարցնում է։

«Հետպատերազմյան այս դժվարին վիճակում և աշխարհաքաղաքական ներկա զարգացումներում, սակայն, այս գործընթացը լավատեսության քիչ հույսեր է տալիս»:

Այս աշուն Ալավերդին կրկնախոշորացվելու է Ախթալայի, Օձունի և Շնողի հետ: Թե ինչ տվեց Ալավերդուն 2017-ի խոշորացումը, դժվար է ասել, բայց փաստ է, որ խոշորացումից հետո թաղամասեր են դատարկվում՝ ասում է ալավերդցի Նոնա Խաչատրյանը՝ մատնանշելով խոշորացումից հետո ի հայտ եկած խնդիրները:

«Օրինակ՝ Ջիլիզան և Ծաղկաշատը ունի տրանսպորտի խնդիր, չի լուծվել, ոռոգման ջրի խնդիր, չի լուծվել, մարդիկ հաց առնելու համար վճարում են 5000 և ավելի դրամ, իջնում են քաղաք խանութ, հաց առնում: Մադան թաղամասը, որը Ալավերդու թաղամաս է, դպրոց չունի, լուրջ խնդիրներ կան տրանսպորտի հետ կապված» ։

Տեղական ժողովրդավարություն, ՏԻՄ-երի անկախություն, մասնակցային կառավարում՝ գործադիրը նաեւ սրանք խթանելով է հիմնավորում գործընթացը: Զուգահեռ կարծիքներ են հնչում, որ խոշորացումը քաղաքական քայլ է՝ տեղական  մակարդակում ամրապնդելու դիրքերը։ Խոշորացումների աշխարհագրությունը լիովին հասկանալի չէ, ավելի մեծ բյուջեով ավելի զարգացած համայնք ունենալուն դեռ սպասում են: «2016-ի խոշորացումներից ի վեր հասկանալի չէ՝ ի՞նչ իրավական փաստաթղթերով է նոր վարչական կենտրոններին անցնում մյուս բնակավայրերի գույքը»,- «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ից Գևորգ Քոթանջյանն է  հարց բարձրացնում։ 

«Ամենակարևոր խնդիրը, որը բարձրացրել եմ, լուծարային հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտությունն է: Համայնքները, որոնք խոշորացվում են իրավական առումով լուծարվում և նոր վարչական միավորում է ձևավորվում, բայց դա պետք է լինի լուծարային հանձնաժողովով, որն ամբողջությամբ ուսումնասիրի և նոր ձևավորված համայնքային իշխանությանը փոխանցի համայնքի ամբողջական փաստաթղթերն ու գույքը: 2016 թվականից մինչ օրս նման բան չեն ունեցել»:

Վերադարձը նախկին՝ շրջանային մոդելին ենթադրում է համայնքների թվի կրճատում՝ ներկա 79-ից 71-ի։ Արդեն խոշորացված 13 համայնքներն ունեն 141 բնակավայր: Նոր միավորմամբ կձևավորվի 64 համայնք, նաև Երևան եւ Գյումրի  համայնքները: Առաջիկա խոշորացումները  սեպտեմբերի 25-ին են։ Իսկ մինչ այդ բազմաթիվ խոշորացված համայնքներից  դժգոհում են՝ չկա համակարգային վերլուծություն այն մասին, թե ինչ են շահել կամ կորցրել խոշորացված համայնքների բնակիչները։

Back to top button