ԿարևորՎերլուծական

Ղազախական բենզինն ու բրիտանական ընկերությունը՝ Հայաստանում․ ինչպե՞ս կփոխվի շուկան

Ղազախստանի նախագահը հունիսի 11-ին վավերացրել է Հայաստանին նավթամթերք մատակարարելու մասին դեռ 2020-ին երկու երկրների միջև ստորագրված համաձայնագիրը, որով, «ղազախական արտադրանքի հնարավոր մատակարարումները կորոշվեն մնացորդային սկզբունքով, իսկ այն պակասորդը, որը կձևավորվի հայկական շուկայում, կլրացվի ղազախական պետական նավթային ընկերության կողմից»։

Ի՞նչ է նշանակում մնացորդային սկզբունք, ղազախական բենզինի ի՞նչ գին կձևավորվի հայաստանյան շուկայում, ինչ կտա համաձայնագրի իրագործումը։ 

Ղազախական նավթամթերքը կհասնի հայաստանյան վառելիքի շուկա։ Այս աշնանն էլ, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, «ՇԵԼԼ» բրիտանա-նիդերլանդական էներգետիկ ընկերությունը Հայաստանում կգործարկի բենզալցակայանների ցանց՝ վառելիք ներկրելով Հունաստանից։

Մեր շուկա նոր խաղացողների մուտքով բենզինի գինն էապես չի փոխվի՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` պարզաբանելով` նավթամթերքի գինը ձևավորվում է բորսայական մեխանիզմներով։  

«Ղազախական ընկերության մուտքը Հայաստան չի բերի բենզինի գնի արմատական վերանայման, գուցե չնչին փոփոխություններ լինեն,  ղազախական բենզինի մուտքը ինչ-որ չափով` ընդամենը մի 10-20  դրամով կխմբագրի հայաստանյան շուկայում բենզինի գները։ Բայց մեծ հաշվով մենք ականատես ենք լինելու սինխրոնիզացված գնային քաղաքականության, ինչպես եղել է տարիներ շարունակ»։

Ղազախական բենզինը բավականին էժան է, այդ երկիրն ավանդաբար «առաջատար» տասնհինգ պետությունների ցանկում է։ Բայց միջազգային էներգետիկ ճգնաժամը վերջին մեկ տարում 5-6 տոկոսով թանկացրել է նաև ղազախական նավթամթերքը, ինչն աննախադեպ է․ մինչ այդ՝ այդ երկրում տարեցտարի դրա գինը իջնում էր՝ բացատրում է Դավթյանը։ 

Հայաստանում նավթամթերքի շուկայում առկա են երեք հիմնական խոշոր խաղացողներ, որոնք 2013 թվականից ի վեր գործում են մշակված սխեմայի համաձայն. ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ։ «Ռոսնեֆտ»-ը նավթամթերքը մատակարարում է Սադախլո, այնտեղից «Ռոսնեֆտ Արմենիա» դուստր ընկերությունից հայկական երեք տնտեսավարողները ձեռք են բերում նավթամթերքը, տեղափոխում Հայաստան և տեղական շուկայում իրացնում։  Այս սխեման չի խախտվելու, այն բավականին արդյունավետ գործում է։ Տարեկան ներկրվում է 400- 450 հազար տոննա՝ հիմնականում բենզին ու դիզվառելիք, փոքր քանակով նաև ավիացիոն վառելիք։

2021-ից Ղազախստանն էապես կրճատել է նավթամթերքի արտահանումը՝ ներքին շուկայում պակասորդ թույլ չտալու համար։ Խոսելով համաձայնագրի կիրարկումից՝ Վահե Դավթյանն, այն կարևորելով, շեշտում է.

«Սա պետք չէ դիտարկել բացարձակ ինչ-որ նշանակության որոշում, որը վաղը հեղափոխություն է իրականացնելու նավթամթերային առևտրի մեջ։ Սա, իհարկե, շատ կարևոր փաստաթուղթ է, որը երկար տարիներ մշակվում էր և հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը, հիմա դրա կիրակումը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով։ Ի վերջո, միջազգային շուկան, այդ թվում նաև ԵԱՏՄ շուկան շատ անկանխատեսելի են, նավթամթերքի ոլորտում առկա են բավականին լուրջ խնդիրներ Ղազախստանի և Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև, ամեն ինչ կախված է նաև քաղաքական կոնյուկտուրայից»։

«Ղազախստանից Հայաստան նավթամթերքի մատակարարման համաձայնագրի ռիսկերը զուտ տնտեսական տեսանկյունից էներգետիկ փորձագետը մինիմալ է համարում,  բայց քաղաքական համատեքստում Դավթյանը երկարաժամկետ կտրվածքով չի բացառում  հայաստանյան շուկայից ռուսական կապիտալի դուրս մղման փորձը»։

«Այս գործընթացն իր մեջ շատ դրական ազդակներ ունի, և այո, կարող է նպաստել եվրասիական էներգետիկ ինտեգրման գործընթացներին, սակայն, այնուամենայնիվ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ շրջանակներում մասնավորապես, նավթի և նավթամթերքի շուկայի ձևավորման դեպքում համագործակցությունը սահմանվում է ոչ թե ինտեգրացիոն անդրազգային, այլ բացառապես երկկողմ մակարդակում, սա ինչ-որ պահի կարող է նաև կիրառվել որպես քաղաքական գործիք։ Այս հարցը դիտարկում եմ հեռահար նպատակների տեսանկյունից «ՇԵԼԼ» բրիտանա-նիդեռլանդական ընկերության Հայաստան մուտք գործելու համատեքստում»։ 

Բրիտանական անդրազգային «Շելլ»-ը էներգետիկ շուկայում աշխարհի երրորդ ամենախոշոր ընկերությունն է, լայնորեն ներկայացված է նաև Ղազախստանում։ Ռուս-ուկրաինական պատերազմի բերումով «Շելլ»-ն արևմտյան առաջին խոշոր նավթային ընկերություններից է, որն ամբողջությամբ հրաժարվեց Ռուսաստանի հետ գործակցությունից՝ այդ երկրից նավթ գնելուց:

«Ակնհայտ է, որ կարող է ձևավորվել մի իրավիճակ, որ «Շելլ» ընկերության հետ համագործակությունը խորացվի և ամրապնդվի բրիտանական կապիտալը, կարծում եմ` այս ընկերությունը դժվար թե ցանկանա համագործակցել ռուսական «Ռոսնեֆտի» հետ»։

Փորձագետ Վահե Դավթյանը, հավանական է համարում, որ ղազախական նավթամթերքի մուտքը Հայաստան որոշակի համագործակցային դաշտ կստեղծի որոշ փոքր ընկերությունների համար, ինչպիսին է «Ռանօյլ»-ը, այդ թվում նաև «Շելլ» բրիտանա-նիդերլանդական ընկերության կողմից կառուցվելիք բենզալցակայանների ցանցի հետ, սակայն խորքային փոփոխություններ ոլորտում, ասում է, քիչ հավանական են։

«Չեմ կարծում, որ Ղազախստանը, հաշվի առնելով հայաստանյան շուկայում ռուսական կապիտալի բավականին մեծ ազդեցությունը և էներգետիկ ընդհանուր համակարգում բարձր տեսակարար կշիռը, կփորձի լուրջ մրցակցություն ձևավորել գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ»։ 

Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը շեշտում է՝ մեր էներգետիկ շուկայի ապագան կախված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից․ Հայաստանը, ուղիղ դերակատար չլինելով, ևս կախված է աշխարհաքաղաքական այս կոնյուկտուրայից։

Ցուցադրել ավելի
Back to top button