ԿարևորՏնտեսական

Վրաստանով տարանցիկ տուրքի բարձրացումը կհանգեցնի գնաճի. փորձագետ

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Վրաստանի տարանցիկ դերն էլ ավելի է մեծացել։ Փորձագիտական շրջանակները հիմնականում այսպես են մեկնաբանում Վրաստանով բեռնատարների տարանցման տուրքի բարձրացումը։ Վրաստանի կառավարությունը հունիսի 20-ից 75%-ով բարձրացնում է իր տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը՝ 200 լարիից (մոտ 67 դոլար) հասցնելով 350 լարիի (մոտ 118 դոլար)։ Ինչի կհանգեցնի այս որոշումը՝ Վրաստանը որպես հիմնական տարանցիկ երկիր օգտագործող Հայաստանի համար:

Վրաստանի տարածքն էլ ավելի ակտիվ տարանցիկ ուղի է դարձել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից։ Վրաստանի գրեթե բոլոր տարանցիկ միջանցքներում բեռնատարների կուտակումներ են։

Վրացի տնտեսագետ, Forbes Georgia տնտեսական հանդեսի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն ասում է, որ Վրաստանի տարանցիկ դերն էլ ավելի է մեծանում, իսկ ճանապարհները հասցվում են միջազգային ստանդարտների։ Կառավարության որոշման մասին նշում է․ 

«Ես կարծում եմ Վրաստանը վերադառնում է նույն որոշմանը։ 2010 թվականին սահմանված 200 լարի հարկը համարժեք էր 120  դոլարին։ Այսօրվա դրությամբ 200 լարին ընդամենը 67 դոլար է։ Հետևաբար, այս վճարը հասցնելով 350 լարիի, նշանակում է այն նորից հասցնել 120 դոլարի (118 դոլար)»: 

Վրաստանի Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ վերջին 10 տարվա ընթացքում հարկի չափն անփոփոխ է եղել, սակայն միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները վերանորոգվել ու կահավորվել են, համապատասխանեցվել միջազգային չափանիշներին: Նշվում է, որ ստացված գումարը ծախսվելու է տարանցիկ ճանապարհներն էլ բարելավելու համար:

Ինչի կհանգեցնի որոշումը․ հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանն ասում է, որ տարածաշրջանային նոր իրողություններ ավելացրել են Վրաստանով բեռնափոխադրումների ծավալը, լրացուցիչ բեռնվածություն ստեղծել և մենաշնորհային իրավիճակ ձևավորել․ 

 «Ազդեցության առումով, ինչպես սովորաբար լինում է նման իրավիճակներում տրանսպորտային փոխադրումների հավելյալ ծախսերը մտնում են ապրանքի վերջնական ինքնարժեքի մեջ։ Այսինքն սա հանգեցնում է ապրանքների գների բարձրացման։ Հատկապես այսօր, երբ դրամն արժեվորվում է, արտահանման մրցունակության առումով լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, այս բեռնափոխադրումների գումարների ավելացումը ևս մեկ գործոն է, որը հարվածում է արտաքին՝ օրինակ ռուսական շուկայում, հայաստանյան ապրանքների մրցունակությանը՝ գների բարձրացման միջոցով»։ 

Ամեն օր Վրաստանով անցնում է ավելի քան 900 տարանցիկ բեռնատար։ 2021 թվականի ընթացքում վրացական միջանցքից ընդհանուր առմամբ օգտվել է 332հազար բեռանատար, արդյունքում պետբյուջե է մուտքագրվել է 66,4 մլն լարի (մոտ 22.5 մլն դոլար)։

Քթոյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանը կապուղիների առումով խոցելի երկիր է, իր տնտեսական մրցունակությունը պետք է տեսնի բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ազգային ինովացիոն համակարգի հզորացման, գիտելիքի վրա հիմնված տնտեսության մեջ։

Սա անշուշտ, փաստում է, որ այս իրավիճակում Վրաստանի դերը որպես տարանցիկ կապուղի էլ ավելի է մեծանում, նկատում է նա։

Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին, սակայն, չժխտելով ազդեցությունը տարանցիկ ճանապարհից օգտվող բեռնափոխադրողների վրա, մտավախություն ունի այս հարցում․

«Այս որոշումը կարող է նվազեցնել Վրաստանի տարանցիկ միջանցքի գրավչությունն այնպես, ինչպես մի քանի տարի առաջ եղավ Թուրքիայի և Իրան ի միջև ենթակառուցվածքներից օգտվելու տուրքի կտրուկ բարձրացման դեպքում, չի բացռվում»։ 

Ըստ Վրաստանի վիճակագրական տվյալների, 2020 թվականին Վրաստանի տարածքից միայն հայկական պետհամարանիշներով 88 հազար 674 բեռնատար է օգտվել, երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 68 հազար 367 բեռնատար, այնուհետև Թուրքիան՝ 41 հազար 425 և ՌԴ՝ 38 հազար 200:

Back to top button