Վերնատուն

«Գիրք Հայաստանին» վերաիմաստավորում է Խաչատուր Աբովյանի գործը. «Վերնատուն»

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում օրերս բացվել է «Գիրք Հայաստանի» խորագրով ցուցադրությունը, ներկայացվել համանուն գիրքը՝ նվիրված «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180–ամյակին։

Աբովյանի տուն–թանգարանի հանրահռչակման բաժնի ղեկավար Արևիկ Ստամբոլցյանը, խոսելով ցուցադրության մասին, ասում է` շուրջ 40 գիրք են ներկայացրել՝ 1858 թվականին տպագրված «Վերք Հայաստանի» պատմավեպի առաջին տպագրությունից մինչև օրերս լույս տեսած արդի հայերեն տարբերակը, պատմավեպի 8 լեզուներով հրատարակությունները։

Իսկ «Գիրք Հայաստանի» գրքում երկու լեզվով ներկայացված են Աբովյանի մասին հայ մեծերի կարծիքներն ու գրախոսականները։ Ի՞նչ է անում Աբովյանի տուն–թանգարանը գրողին, նրա ստեղծագործությունն ու գաղափարները հանրության հետաքրքրության ու ուշադրության կենտրոնում պահելու համար։

Արևիկ Ստամբոլցյանն ասում է, որ տպագրության է պատրաստվում Խաչատուր Աբովյանի «Դորպատյան օրագրերը»։ «Սա հնարավորություն է՝ ճանաչելու մեծ հայրենասերին ու լուսավորչին, Դորպատում անցկացրած նրա տարիները, օրագրությունները, նրա առօրյան ու կենցաղը, շփումներն ու հարաբերությունները դորպատյան մտավորականության հետ», — նշում է Ստամբոլցյանը։

Խոսելով Աբովյանի գաղափարների, մանկավարժական գործունեության, հատկապես՝ «Նախաշավիղի» մասին, անհետացման պատճառների ու մեր օրերում Աբովյանի ամբողջական հրատարակության տպագրության հնարավորությունների մասին, նա ասում է, որ Աբովյանի կերպարը հանրության գիտակցության մեջ թերի է ներկայացված, և թանգարանը բազմաթիվ կրթամշակութային միջոցառումներով փորձում է այդ բացը լրացնել։

Back to top button