ԿարևորՄիջազգային

Երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են ունենալ հակառակ էֆեկտը․ փորձագետ

Արևմուտքի՝ Ռուսաստանին հայտարարած տնտեսական պատերազմի հիմնական գործիքը պատժամիջոցներն են։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից առայսօր Եվրոպան պատժամիջոցների արդեն 6-րդ փաթեթն է սահմանում Ռուսաստանի դեմ, քննարկվում է 7-րդի բովանդակությունը։ Արևմտյան փորձագիտական շրջանակներում, սակայն, ճնշման այս գործիքի արդյունավետությունը հարցականի տակ են դնում։

Որո՞նք են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վնասներն ու օգուտները,  ո՞ր կողմն է ավելի շատ կորցնում, ի՞նչ կարող են շահել Հայաստանն ու ասիական շուկան ։

Ռուսական ֆինանսական շուկան բլից գործողություններով փլուզելու մասին Արևմուտքի գործողություն-մտադրությունները լիարժեքորեն չարդարացան՝ ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլյա Ամիրխանյանը։ Այդուհանդերձ, ըստ փորձագետի, ռուսական տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվել՝ միգրացիա, ֆինանսական հոսքերի արգելքներ.

«Պետք է հստակ հասկանալ՝ Ռուսաստանի համար պատժամիջոցների ներքո ապրելը նորություն չէր, այս գործողությունները կանխատեսելի էին, ուստի Ռուսաստանը պատրաստ էր հնարավոր պատժամիջոցներին։ Դրա վառ վկայությունը ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման արագ վերականգնում ն էր, այդ թվում՝ հակաճգնաժամային միջոցառումների արագ կիրառումը, որոնք գոնե կարճաժամկետ կտրվածքով արդյունավետ էին։ Առնվազն ֆինանսական շուկաների փլուզում մենք չենք տեսնում»։ 

Փորձագետը խոսում է նաև պատժամիջոցների հակառակ էֆեկտի մասին․ դրանց   հետևանքները կրում է նույն Արևմուտքը, և Եվրոպայի մաս կազմող առանձին պետություններում հասունացող  դժգոհությունները դրա վկայությունն են՝ ասում է։

«Կողմերից որն է առավել շատ տուժում  հարցին պատասխանելու համար դեռևս վաղ է։ Ռազմական գործողություններն ընթացքի մեջ են։ Պատժամիջոցները շարունակական են։ Կարճաժամկետ հատվածում կարելի է ասել, որ հավաքական Եվրոպան կարողացավ սահմանել նավթի մասնակի էմբարգոն։ Նավթի դեպքում այն ուժի մեջ կմտնի 6, նավթամթերքի դեպքում՝ 8 ամիս անց։ Այսինքն՝ էմբարգոյին դիմակայելու համար Ռուսաստանը ժամանակ ունի։ Բացի դրանից՝ Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի վրա էմբարգոն չի տարածվում։  Էներգակիրների շուկայում ձևավորված բարձր գնից այս պահին շահում է դարձյալ Ռուսաստանը, փաստացի տուժում է եվրոպական հանրությունը, Ռուսաստանը դարձյալ ժամանակ ունի և օգտվում է դրանից»։ 

Կերպափոխվող աշխարհում դիտարկելով պատժամիջոց կոչվող գործիքն ու դրա կիրառման արդյունավետությունը ՝զրուցակիցս հիշում է ամերիկացի տնտեսագետ, հետազոտող Բաուերին, ըստ որի` հակամարտությունների ժամանակ ռազմական գործողությունները կասեցնելու նպատակով կիրառվող պատժամիջոցները երբևէ չեն հաջողել, ավելին` արդյունավետ չեն եղել։ 

 «Ուժի գործոնը և պատժամիջոցները զուգահեռ գործընթացներ են, դրանք համաշխարհային տնտեսության համար կործանարար են․ երկսայր գործընթաց է, երկու ուղղություններում՝ լուրջ ռիսկերով։ Եթե դրա հայտարարված նպատակը հատուկ գործողությունների դադարեցումն է Ուկրաինայում,  ապա այդ նպատակին այն չի ծառայում։ Բայց եթե դրա նպատակը առավել հեռահար է, այն է՝ թուլացնել ռուսական տնտեսությունը, ապա այս դեպքում էլ ականատես ենք լինում որոշակի համախմբման` մոբիլիզացայի։  Զուգահեռաբար պետք է դիտարկել որոշակի ուղղություններում, օրինակ, եվրասիական տարածաշրջանում  տեղի ունեցող բուռն զարգացումները և, մասնավորապես, ԵԱՏՄ -ում ինտեգրացիոն արագացված գործընթացները։ Թե ինչի կհանգեցնի աշխարհում տնտեսական մի բևեռի չեզոքացումը, դեռևս հարց է։ Երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են ունենալ հակառակ էֆեկտը»։

Այս պահին ասիական երկու խոշոր պետությունները` Չինաստանն ու Հնդկաստանը, ընդլայնում են Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցությունը` չխախտելով Արևմուտքի պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ՝ երկու դերակատարներն էլ հստակ  սահմանել են իրենց անելիքները։ Պեկինն ու Նյու Դելին տնտեսական աջակցության նոր սխեմաներ են մշակում` Ռուսաստանից գնելով մեծ քանակությամբ նավթամթերք։

Փորձագետ Լիլյա Ամիրխանյանը շահերի հատման կետում դիտարկում է նաև շահերի բախման հավանականությունը։ Պատժամիջոցների հետևանքով մոբիլիզացիայի կենտրոնում է հայտնվել նաև Հայաստանը, որը  իրավիճակով բացված  հնարավորությունների պատուհանը, ասում է, պետք է շահեկանորեն, խելացի օգտագործի՝ այն վերածելով երկարաժամկետ համագործակցության։ Սրա առանցքում տնտեսագետ- փորձագետը դիտարկում է Ռուսաստանից Հայաստան մասնագետների և ֆինանսների հոսքերը։  Այս երկու գործոնները ճիշտ կառավարելու դեպքում հնարավոր է երկրում խթանել տնտեսության աճը։  

Back to top button