Էկոսֆերա

Նորվեգական սառցադաշտում հայտնաբերվել է 3100 տարվա կոշիկ, իսկ Անտարկտիդայում՝ թաքնված էկոհամակարգ․ «Էկոսֆերա»

Հալվող սառցադաշտերը հնագետներին թույլ են տալիս կարևոր բացահայտումներ անել: Այն տարածքներում, որոնք արդեն ազատվել են դարավոր սառույցից, հայտնաբերվում են հազվագյուտ գտածոներ գերազանց վիճակում։

Նման մի բացահայտման մասին են խոսել Նորվեգիայի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները։ Սա 3100 տարվա երկարաճիտ կոշիկ է, որը պատրաստվել է երկրի հարավում գտնվող Ջոտունհայմեն շրջանում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սա Նորվեգիայում երբևէ հայտնաբերված ամենահին կոշիկն է։ Փոքր չափը ցույց է տալիս, որ այն պատկանել է կնոջ կամ դեռահասի։ Կոշիկը հայտնաբերվել է մի քանի նետերի և փայտե թիերի կողքին։ Գտածոներից կարելի է ենթադրել, որ այս վայրը եղել է կարևոր որսատեղի։

Ըստ գիտնականների՝ կոշիկը, որը պատրաստված է մ.թ.ա. մոտ 1100 թվականին, Սկանդինավիայում հայտնաբերված հագուստի ամենահին նմուշն է: Յոթունհայմենի հետագա ուսումնասիրությունը բացահայտեց ավելի շատ հնագույն գտածո, մասնավորապես, 6100 տարվա հնության նետի մնացորդ:

Հնագետները նշել են, որ նորվեգական սառցաշերտերից հայտնաբերված գտածոները գրեթե անթերի վիճակում են:

«Նույնիսկ եթե դրանք ավելի քան հազար տարեկան են, կրում են դեֆորմացիայի և քայքայման նվազագույն նշաններ։ Դա պայմանավորված է նրանով, որ սառույցի տարածքները համեմատաբար կայուն են, անշարժ և չեն պարունակում ագրեսիվ միացություններ։ Նրանք լավ են պահպանում նյութերը, որոնք այլ միջավայրում կքայքայվեին, լինի կաշի, փայտ, տեքստիլ, թե բույսերի մնացորդներ»:

Մասնագետները միևնույն ժամանակ մտահոգություն են հայտնել, որ սառցադաշտերի արագ հալվելը վտանգ է ներկայացնում պատմական արժեքների համար, քանի որ դրանք «թաքստոցից» դուրս գալուց հետո սկսում են արագ քայքայվել։

Back to top button