Վերնատուն

Երջանկություն կնկարեմ, երբ Հայաստանն ապահով ապրի․ «Վերնատուն»

Առաջին անգամ Երևանում` ՆՓԱԿ-ի տարածքում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Սա լուսանկարչի 30 տարվա աշխատանքի արդյունքն է, որն անցյալ տարի ներկայացվել է Փարիզում, 2015 թվականին Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով՝ ֆրանսիական Flammarion հեղինակավոր հրատարակչության կողմից տպագրվել է լուսանկարների ալբոմ:

Լուսանկարիչ Անտուան Ագուջյանը և ցուցահանդեսի կազմակերպիչ Բերնարդ Գանիմյանը պատմում են՝ ինչու է կարևոր կրկին անդրադառնալ ցեղասպանության թեմային։ Որպես ցեղասպանությունը վերապրածների երկրորդ սերնդի ներկայացուցիչ՝ Անտուն Ագուջյանը որոշել է փնտրել և գտնել իր սերնդի դեպքերն ու պատմությունները։ Որոշել է, ինչպես ինքն է ասում, փնտրել, առանց իմանալու, թե ինչ է գտնելու և այդ հանդիպումներն ու ռեպորտաժները իրեն շատ բան են տվել։

Բերնարդ Գանիմյանը Անտուանի 30 տարվա ընկերն է, լուսանկարչի բոլոր կարևոր նախաձեռնությունների մասնակիցն ու կազմակերպիչը։ Նրանք մտերմացել են, երբ 1988 թվականի երկրաշարժից հետո եկան Հայաստան։

«Մեր հարաբերությունների մեջ բացի բարեկամական ու մտերիմ հարաբերություններից, հայկական հիշողությունների աշխարհն է, նաև Հայաստանում մեր կիսատ պատմությունը, շատ եմ կարևորում, որ այս լուսանկարները աշխարհի մի շարք վայրերում ներկայացվեն, հատկապես 44-օրյա պատերազից հետո», – ասում է Բերնարդ Գանիմյանը։ Անտուան Ագուջյանը նշում է, որ Ցեղասպանության մասին խոսելիս չի նշանակում, որ մեր լույսը պիտի փակենք ու միշտ տխուր լինենք, բայց այդ ժառանգությունը մեզ է պատկանում, մենք չպետք է մոռանանք այն ինչ մեզ հետ տեղի է ունեցել։ «Այդ ցուցահանդեսը միայն տխուր դեպքերը չի ներկայացնի, այնտեղ կա նաև երջանկություն, բայց մենք պիտի ընդունենք որ այն ազգերը, որոնք անցել են ցեղասպանության միջով, տրավմատիկ հոգեբանություն ունեն»,- ասում է Ագուջյանը։

Լուսանկարիչը պատմում է 44–օրյա պատերազմի իր փորձառության մասին, ասում է՝ «երբ պատերազմից հետո առաջին ծննդաբերությունը տեսա, երեխայի պես լաց եղա, զարթոնքը դեմոգրաֆիայի մեջ է, պիտի շատանանք, պիտի բազմանանք»։

Իսկ ե՞րբ պիտի ավելի ուրախ թեմաների անդրադառնա։ Լուսանկարիչն ասում է՝ երբ Հայաստանը անվախ և ապահով ապրի՝ երջանկություն կնկարի։ ՆՓԱԿ–ում ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարների ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 3–ը։

Back to top button