ԿարևորՀասարակություն

Երկրի վրա կատարվող ի՞նչը տեսանելի կլինի Հայաստանին նոր արբանյակից

Հաջող մեկնարկից հետո Հայաստանի առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, արդեն հաղորդել է տվյալներ, ինչը վկայում է, որ որ երկրի դիտարկման  համակարգը նորմալ գործում է և պատրաստ է ուղարկել պիտանի տվյալներ․ Հայաստանի կողմից դրանք ստանալու պայմանավորվածությունն առաջիկա 4 տարվա համար է։ Մինչև 2023-ի տարեվերջ Հայաստանում կստեղծվեն արբանյակի կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան, կպատրաստվեն համապատասխան մասնագետներ։

Որքա՞ն ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ արբանյակի կառավարման կենտրոնի, ընդունիչ կայանի և մասնագետների պատրաստման համար, և արդյո՞ք նման տեխնիկական բնութագիր ունեցող արբանյակի լուսանկաները կիրառելի են սահմանների հսկողության համար։

Հայաստանի առաջին արբանյակի՝ ARMSAT-1–իհաջող մեկնարկից հետո իսպանական SATLANTIS ընկերությունը, որի միջոցով և արբանյակը տիեզերք էր հասել, հայտարարել է, որ համաձայն է Հայաստանին տրամադրել Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգը։ Համաձայնությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ենթակա «Գեոկոսմոս» ընկերության հետ է։

«Այաս» տիեզերագիտական ընկերության հիմնադիր, աստղագետ, ոլորտի մասնագետ Ավետիք Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ սա նշանակում է, որ արբանյակի ամբողջական կառավարումն աստիճանաբար տրվելու է Հայաստանին։

«Տվյալ դեպքում, քանի որ արբանյակը Հայաստանի պատվերով է, ուրեմն այդ տվյալները տրվում են Հայաստանին։ Կոնկրետ պայմանագիրը կնքվել է «Գեոկոսմոս» ընկերության հետ, և այդ նկարները տրվում են «Գեոկոսմոս»-ին ՝ հետագա մշակման և անհրաժեշտ ինֆորմացիա վերհանելու համար»։

Տիեզերքում  առաջին արբանյակն ունենալով Հայաստանը փաստացի դառնում է Տիեզերական ընտրված երկրներիակումբի անդամ։ Սա այս ոլորտում երկարաժամկետ հեռանկարի միայն սկիզբն է՝ հայկական նոր տիեզերական ռազմավարության մեկնարկը՝ հայտնել էր իսպանական SATLANTIS ընկերության նախագահ Ժան-Ժաք Դողդէն․

«Մենք հպարտ ենք, որ մեր Ուրդանետա արբանյակը վերափոխում ենք Armsat_1 հայկական ռազմավարական առաջին արբանյակի: Մենք կաջակցենք ՀՀ կառավարությանը՝ աշխատատեղերի, մասնագետների և արտադրանքի ստեղծման որոշումներում»։

Արբանյակի արձակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այս ու եկող տարիներին Հայաստանում կստեղծվի Արբանյակի կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան, կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ, որը հենց Հայաստանում կվերլուծի Հայաստանի համաի խիստ անհրաժեշտ տվյալները՝ ստացված տիեզերքից։

«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումն ու տիեզերալուսանկարների ստացումը։ Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման ու փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար»։

«Այաս» տիեզերագիտական ընկերության հիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ ակնկալված աշխատանքն իրականացնելու տեխնիկական հնարավորություններ «Գեոկոսմոսն» արդեն իսկ ուներ։ Այժմ դրանք հարմարեցվելու են կամ ստեղծվելու են հենց այս արբանյակի պարամետրերին համապատասխան  հնարավորություններ՝ արբանյակի կառավարումն ամբողջությամբ մեր ձեռքը վերցնելու նպատակով։ Գրիգորյանի խոսքով՝ արբանյակի կառավարման կենտրոնի, ընդունիչ կայանի և մասնագետների պատրաստման համար ավելի քիչ ռեսուրս է անհրաժեշտ, քան բուն արբանյակի գնումն էր։ Իսկ շարունակական ծախսեր, որպես այդպիսին, կլինեն ստացված տվյալների մշակման ժամանակ։ Բացատրում է

«Շարունակական ծախսեր կլինեն հետագայում ստացված տվյալների մշակման հետ կապված, որի համար ավելի բարձրորակ մասնագետներ են պետք։ Նրանք ևս կան Հայաստանում, հիմա այդ պատկերների մշակման ուղղությունը Հայաստանի ՏՏ ոլորտում զարգանում է։ Տեխնոլոգիաներով հնարավոր կլինի այդ նկարներից մեզ հետաքրքրող ինֆորմացիան առավելագույնս քաղել։ Ի վերջո, այն նկարները, որոնք կարվեն Հայաստանի տարածքից դուրս, կարող են վերաբերել այլ երկրների, նաև վաճառվել դրանց։ Այսինքն, այդ շարունակական ծախսը կարելի է այդ եկամուտով վերադարձնել, նույնիսկ եկամուտ  ունենալ»։

Մասնագետները հուսով են, որ արբանյակի փոխանցած լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ու այլ ոլորտներում։ Արդյո՞ք հնարավոր է սահմանների հսկողություն ARMSAT-1-ի  2 մետր լուծաչափով արբանյակի դեպքում: Ավետիք Գրիգորյանի խոսքով, ավելի հանրամատչելի ձևակերպմամբ, 2 մետր լուծաչափն արբանյակի տեսողության սրությունն է։ Այս դեպքում, հաշվի առնելով արբանյակի գնի և քաշի հարաբերությունը, արդյունավետ ցուցիչ է․

«Երկու մետրը  նշանակում է, որ եթե, օրինակ, մարտական մեքենա կա, որն այդ չափերը չի գերազանցում, ապա դա պատկերի մեջ երևալու է որպես մի կետ, որի մեջ մանրամասներ չկան, այսինքն, մեկ պիքսել։ Դա նշանակում է՝ դու չես հասկանա, դա պարզապես  ինչ–որ   փայտի կտոր է, թե ռազմական մեքենա։ Բայց կան դիրքերի ամրապնդման հետ կապված գործողություններ, շինարարական, կառուցապատում և այլն, որոնք արդեն ավելի մեծ մասշտաբների հետ են կապված, դրանք երևում են»։

Տիեզերական այս նախագծի մանրամասներն ու առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում կայանալիք «Starmus» գիտական համաժողովին, որին կմասնակցեն նոբելյան ինը մրցանակակիրներ։

Դեռ ամիսներ առաջ ԲՏԱ նախարարությունը «Ռադիոլուր»-ին հայտնել էր Տիեզերական գործունեության վերաբերյալ ռազմավարության մշակման մասին։ Փաստաթուղթն արդեն սեղանին է, ուղարկվել է գերատեսչություններ՝ կարծիքների։ Այժմ ԲՏԱ-ից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին՝ ռազմավարության մեջ փոփոխություններ են կատարելու՝ կապված ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման հետ։  

Back to top button