ԿարևորՀասարակություն

Գիտելիքի նորարարական հաբերը՝ երիտասարդների նախաձեռնությունների իրականացման հարթակ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում արդեն 2 տարի գործում է գիտելիքի նորարարական հաբը, որտեղ վանաձորցի երիտասարդները զարգացնում են իրենց կարողությունները՝ փորձելով կյանքի կոչել տարբեր նախաձեռնություններ։ Գիտելիքի նորարարական հաբերը սոցիալական ձեռներեցության միջոցով նաև բիզնես գաղափարներ են իրագործում:

Լոռու մարզի շրջակա միջավայրի ու էկոհամակարգի պահպանությանն ուղղված  խնդիրներն են միավորել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղում հավաքվող երիտասարդներին։  Նրանք քննարկում են հուզող հարցերը, մատնանշում լուծման ուղիներն ու հանդես գալիս տարբեր առաջարկներով.

«Մեր քաղաքում աղբամանները քիչ են, պետք է լուծվի այս հարցը»։ «Աղբը շատ ուշ են գալիս հավաքում»։ «Մեր բուն նպատակն  այս պահին ՝ լուծել համայնքային խնդիրները: Կոնկրետ, մեր Վանաձորում հիմնական խնդիրներից մեկը աղբահանությունն է, աղբամանների բացակայությունը: Շատ-շատ են թափառող շները, որոնք հարձակվում են անցորդների վրա»:

Երիտասարդները Դիմաց բնակավայրի աղբահանությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ամիսներ առաջ դիմել էին Լոռու մարզպետի տեղակալին: Ասում են՝ մարզպետարան էին դիմել, քանի որ համայնքապետ չունեին, հիմա նախաձեռնող խումբը նույն հարցով դիմելու է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին: Թափառող շների հարցի լուծման իրենց տարբերակն ունեն.

«Թափառող շների համար, կարծում եմ, պետք է ապաստարան կառուցվի, որտեղ կհավաքեն շներին ու կկերակրեն: Նախկինում շներին վերացնում էին՝ կրակելով, օրենքը հիմա թույլ չի տալիս , և առաջարկում ենք շների կացարան ունենալ»:

Երիտասարդների նախաձեռնությունների համար Վանաձորի ագրարային համալսարանում ստեղծված հարթակը գիտելիքի նորարարական հաբն է: Համակարգող Տաթև Հովսեփյանն ասում է, որ տարբեր համայնքների երիտասարդներն այստեղ կարողանում են զարգացնել իրենց  հմտությունները.

«Հաբը եզակի հարթակ է, որտեղ երիտասարդները մասնակցում են ոչ միայն մեր կազմակերպած բնապահպանական միջոցառումներին՝ արշավներին, տոներին, կարողությունների զարգացման դասընթացներին, որտեղ հմտություններ, գիտելիքներ են ձեռք բերում, այլև իրենք են նախաձեռնում և իրականացնում»:

Գիտելիքի նորարարական հաբը ստեղծվել է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ Եվրամիության «Սոցիալական ձեռներցության էկոհամակարգերի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում: Ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանն ասում է, որ հաբերը  խթանում են էկոհամակարգերի զարգացմանը՝  սոցիալական ձեռներեցության միջոցով.

«Մեր հաբերն ակտիվ են գործում և իրենց օրինակով վարակիչ են այլ ծրագրերի համար: Մեր նախագծի ֆինանսավորումից բացի՝ գիտելիքի նորարարական հաբեր են ստեղծվելու նաև այլ մարզերում»:

Գիտելիքի նորարարական հաբեր են ստեղծվել Տավուշի ագրարային համալսարանում, Շիրակի գյուղատնտեսական քոլեջում: Հայասատանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությունը տվել է իր պտուղները: Ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ գիտելիքի նորարարական հաբեր են  բացվելու  նաև համալսարանի  Սիսիանի մասնաճյուղում և Երևանի գյուղատնտեսական քոլեջում.

«Մենք ակնկալում ենք ստեղծել գիտելիքի նորարարական հաբերի ցանց, երիտասարդական նախաձեռնությունները կմիացնենք իրար և կփորձենք ագրոտեխնոլոգիական ստարտափ ինկուբատորներով, աքսելերացիոն ծրագրերով կյանքի կոչել երիտասարդների նախաձեռնություններն ու բիզնես գաղափարները»:

Վանաձորի երիտասարդներն աշնանը կմասնակցեն նաև անտառի վերականգնման ծրագրին: Մինչև այդ ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ջերմոցում ծլարձակել ու տնկիներ են դառնալու ասեղնատերև եղևնիների սերմերը: Մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Գրիգորյանի խոսքով՝ անտառների վերականգնման ծրագիրն իրականացնում են  «Իմ անտառային Հայաստան» (My forest Armenia) ծրագրի միջոցով: Ջերմոցում շուրջ 72000 ասեղնատերև տնկի կա: Մերի Գրիգորյան.

«Հիմնականում հումուսով խառնված հողեր են, մի մասն էլ՝ տորֆային,  փորձնական տորֆի մեջ ենք աճեցնում: Ընդհանուր առմամբ՝ պետք է ապահովենք խոնավությունը: Դա կազմակերպում ենք անձրևացման համակարգի միջոցով, որպեսզի տնկիներն արագ աճեն: Սերմերը տնկիներ կդառնան սեպտեմբերի վերջին»:

Տնկիներն աշնանը կտեղափոխվեն Սպիտակի տարածաշրջան ու  կվերականգնեն հատված անտառները: Ջերմոցի տնկիներից նախատեսել են նաև նվիրել դպրոցներին ու մանկապարտեզներին՝ բակերը կանաչապատելու համար:

Back to top button